ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են սահմանադրական փոփոխություններին և չեն պատրաստվում դեմ գնալ իրենց սկզբունքներին ընդամենը նրա համար, որ այդ բարեփոխումները նախաձեռնել են իշխանությունները: Պարոն Զուրաբյանը նշեց, որ իրենք չեն մասնակցում հանրաքվեին, քանի որ ամեն ինչ հակառակ է շրջվել. նրանք, ովքեր դեմ են եղել սահմանադրական փոփոխություններին, հիմա կողմ են, նրանք, ովքեր դեմ են, հիմա կողմ են:
Aravot.am-ը պարոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ մի՞թե օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կամ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պատահական քաղաքական գործիչներ են, որ լուրջ մտահոգություններ ունեն նոր սահմանադրության հետ կապված: Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը մտահոգություն ունի, որ սահմանադրության ընդունման դեպքում իշխանությունը կենտրոնանալու է մեկ կուսակցության ձեռքին, Վարդան Օսկանյանը մտահոգություններ ունի, որ հետքայլ կկատարենք առանց այդ էլ փխրուն ժողովրդավարությունից:
Պարոն Զուրաբյանն արձագանքեց. «Իհարկե, նրանք պատահական դեմքեր չեն և յուրաքանչյուր արտահայտած մտահոգություն ունի կարևորություն հարցերի այն հատվածում, որը իրեն է վերաբերում: Այս փոփոխությունների պարագայում Ռոբերտ Քոչարյանն իր վերարտադրման հնարավորությունը չի տեսնում և դա իր համար մտահոգիչ է: Մնացած բոլոր արտահայտությունները և խոսքերը սպասարկում են այդ հույզը, որը առկա է երկրորդ նախագահի՝ առաջին անգամ եմ նախագահ ասում, հոգում: Ես համոզված եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանը տեսներ հնարավորություն հաջողության հասնելու, այս ընտրական համակարգի և խորհրդարանական կառավարման պարագայում, նա կողջուներ սա: Կյանքը մի բան է ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լուրջ ճանապարհ են անցել և բարեկամաբար փոխանցել են իրար իշխանություն և չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը զրկված էր այդ հնարավորությունից, որ զանգեր Սերժ Սարգսյանին ու ասեր, թե ուզում եմ իմ մտահոգությունները հայտնեմ»:
Դառնալով Վարդան Օսկանյանի մտահոգություններին՝ մասնավորապես ժողովրդավարության մասին, պարոն Զուրաբյանը հիշեցրեց. «Պարոն Օսկանյանը ժողովրդավարության մասին բազմաթիվ անգամներ խոսել է: Բայց ես սևեռվել եմ մասնավորապես նրա վրա, երբ մարտի մեկի իրադարձություններից հետո խոսեց ժողովրդավարության մասին: Այն ժամանակ, երբ մարդիկ էին սպանվել, հետապնդվում, բանտերում էին հայտնվում, այն ժամանակ Վարդան Օսկանյանն ակտիվ դերակատարություն ուներ և իշխանության խոսնակն էր դարձել ու պաշտպանում էր տեսակետներ, որոնք ժողովրդավարության ջատագովը չպետք է պաշտպաներ: Մարդկանց գործունեությունը չպետք է նայել նրանց արած հայտարարություններով այս կամ այն հարցի վերաբերյալ, այլ անցած ճանապարհն է դրա լավագույն գնահատականը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ