«Ծիծեռնակաբերդի տարածքը պետք է զերծ պահել կառուցապատման խնդիրներից: Եթե փորձում են բիզնես ձեւավորել եւ նպաստել Մարզահամերգային համալիրի կայացմանը, դա կարելի է անել լավ մենեջմենթի եւ միջոցառումների միջոցով: Պարտադիր չէ գումարներ ներդնել համերգ անցկացնելու համար, կարելի է ինքնաֆինանսավորվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականաշնորհման խնդրի մասին, ասաց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
Որպես ինքնաֆինանսավորման աղբյուրի օրինակ՝ ճարտարապետը նշեց, որ համալիրը կարող է տեղավորել մինչեւ 10.000 հանդիսական՝ տարբեր սպորտային եւ ոչ սպորտային միջոցառումների միջոցով: Բացի այդ, կարելի է կազմակերպել ժամանակավոր տոնավաճառներ եւ ցուցահանդեսներ:
Մարզահամերգային համալիրի նախագծի համահեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ վերհիշեց, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացումից հետո առաջացավ Մարզահամերգային համալիրի կառուցման խնդիրը, մասնագետներն անգամ վիճեցին՝ արժե կառուցել թե ոչ. «Ժամանակին մեր նպատակն էր, որ համալիրը տեղափոխվեր մեկ այլ տեղ: Այդ կարգի կառույցը բլրի վրա չպետք է լինի: Մարդկանց դժվար է բարձրանալ այդտեղ, նաեւ տարհանման խնդիր կա: Աշխարհի ոչ մի երկրում այդ կարգի շինությունները բլրի վրա չեն կառուցվում: Բայց ժամանակին մենք չկարողացանք դա ապացուցել եւ կառուցվեց»:
Սաշուր Քալաշյանը փաստեց, որ Մարզահամերգային համալիրն ունի ֆինանսական խնդիրներ եւ դրա սեփականաշնորհումը բնական է. «Վեճն այն է, որ սեփականաշնորհման որոշման կետերից մեկով՝ հարակից տարածքը, որը ժամանակին տրվել էր համալիրին՝ օգտագործելու համար, տրվում է սեփականաշնորհման իրավունքով, որպեսզի այդտեղ լրացուցիչ կառույցներ ստեղծվեն՝ համալիրի ծախսերը հոգալու համար: Այդ օբյեկտները՝ խաղատունը, ջրավազանները, մեկ այլ տեղ պետք է լինեն, որպեսզի չխոչընդոտեն հանրությանը: Փաստորեն, այդ կերպ գործող այգին վերանում է: Բացի այդ, հաճելի չէ, որ Եղեռնի զոհերի հուշահամալիրը գտնվում է զվարճանքի կենտրոնի հարեւանությամբ»:
Կարդացեք նաև
Ճարտարապետի համոզմամբ՝ սեփականաշնորհման որոշում կայացնելուց առաջ պետք էր հանրային քննարկումներ իրականացնել, ինչը չի արվել. «Դա օրենքի խախտում է. սա մեկ տաղավարի հարց չէ, որ հապճեպորեն որոշում կայացվեր: Ինձ չի էլ հետաքրքրում ով է գնորդը, բայց արդյունքում ինչ է լինելու՝ բոլորին է հետաքրքրում: Դա ապօրինի, հանցավոր գործարք է»,-եզրափակեց Քալաշյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ