Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս զեկույցն էլ հեղեղված է լինելու «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները» բովանդակությամբ ձևակերպումներով. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 20,2015 11:07

Երկուշաբթի օրը Փարիզում ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը քննարկելու է եւս մի հակահայ զեկույց, որն ընդամենը 15 օր առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված՝ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի, ըստ էության, «2-րդ սերիան» է։

«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»՝ այսպես է կոչվում նոր զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ-ում գտնվող Սարսանգի ջրամբարին եւ որի հեղինակը ԵԽԽՎ-ում Բոսնիա Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է (լուսանկարում)։

Հիշեցնենք, անցյալ տարվա ապրիլին ԵԽԽՎ Բյուրոն հայտարարել էր. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը»։

Մինչ այդ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության պատգամավորները հանդես էին եկել նախաձեռնությամբ, որտեղ նշել էին, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից, երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս դադարեցվում է։ Ադրբեջանական նախաձեռնության տակ ստորագրել էին ԵԽԽՎ 27 պատգամավորներ, եւ Բյուրոն, փաստորեն, որոշեց ընթացք տալ սույն նախաձեռնությանը, իսկ հետագայում զեկուցող նշանակեց Միլիցա Մարկովիչին։

Մի խոսքով, Ադրբեջանը Սարսանգի ջրամբարի ջուրն է ուզում։ Բայց միանշանակ է, որ այս զեկույցն էլ հեղեղված է լինելու «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները» բովանդակությամբ ձևակերպումներով եւ ինչպես Ուոլթերի զեկույցում, պահանջվելու է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից։ Երկուշաբթի օրը նշանակված սոցիալական հանձնաժողովի նիստին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից մասնակցելու է սույն հանձնաժողովի անդամ Նաիրա Կարապետյանը։ Երեկ նա ասաց. «Հայկական կողմի դիրքորոշումը այս հարցում հստակ է՝ սոցիալական հարցը քաղաքական հարթություն բերելը անընդունելի է: Սոցիալական հիմնախնդիրների քննարկման համար մենք միշտ էլ բաց ենք»։

Հիշեցնենք, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն էլ ԵԽԽՎ Բյուրոյի որոշումից հետո հայտարարել էր, որ Արցախի իշխանությունը պատրաստ է Ադրբեջանի հետ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման հարցում երկխոսություն սկսել։ Նրա այս առաջարկը, սակայն, անարձագանք մնաց ե՛ւ ԵԽԽՎ-ում, ե՛ւ Ադրբեջանում։ Իսկ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանն այդպես էլ չհաջողվեց կանխել ադրբեջանական այս մի նախաձեռնության ընթացքը եւս, եւ հասկանալի է, որ երկուշաբթի օրը հայկական կողմը ԵԽԽՎ-ում հերթական խայտառակ տապալումն է արձանագրելու։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30