ՀՀ գլխավոր դատախազության կարկառուն ներկայացուցիչ, նախկին դատախազ Կորյուն Փիլոյանից երեկ «Առավոտը» չկարողացավ պարզաբանումներ ստանալ, քանի որ նրա հեռախոսը չէր պատասխանում:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ գյուղնախարարությունը տասնյակ քաղաքացիների դատի է տվել, այդ թվում՝ մարզաբնակ դատախազին:
Խնդիրն առնչվում է 2013թ. ՀՀ կառավարության «խրախուսական» ծրագրերից մեկին, համաձայն որի՝ Հայաստան էին ներկրվելու գերմանական կովեր:
«Նեմեց» երինջներից յուրաքանչյուրն արժեր 1 մլն 125.000 դրամ, եւ դրանք տրվեցին 4 տարվա ժամկետով, գումարը մարվելու պայմանով:
Կարդացեք նաև
Ի դեպ, ՀՀ կառավարությունը ակնկալվող արդյունքների մասին ուներ փուչիկային պատկերացումներ, քանի որ դրանք հետագայում հօդս ցնդեցին, ծրագիրը ըստ էության ձախողվեց, գյուղաբնակները փնտրում են լուծումներ:
Գումարը մարելու համար նախարարությունը չի ընդունում առաջարկներից եւ ոչ մեկը: Մասնավորապես, երինջատերերն առաջարկում են պետությունից գնածի սերնդից տալ, պարտքը մարել: Չեն համաձայնվում: Առաջարկում են մեկ միլիոն դրամով վաճառել, կրկին՝ ոչ, գինն են «գցել»՝ 900.000-ով են առաջարկում, նախարարությունը չի համաձայնվում, եւ տպավորությունն այն է, թե մտադիր է սնանկացնել գնորդ գյուղաբնակներին, որոնց էլ դատի են տվել:
Մարդիկ պահանջում են հանձնաժողով, որպեսզի գնահատվեն թե ծրագիրը, թե ելքերը, թե ռիսկերը: Սակայն դրան էլ չեն համաձայնվել:
Ավելին, մեր տեղեկություններով, կառավարությունը մտադիր է նորից Գերմանիայից նորից նույն գնով կովեր բերել:
Դատական նախնական նիստը տեղի կունենա գալիք տարվա հունվարի 21-ին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.11..2015