Լրահոս
Օրվա լրահոսը

Գերփոքր բիզնեսը՝ փակուղու առջեւ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 20,2015 10:54

Մոտ 40 օրից՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում դեռ երկու տարի առաջ կառավարության ընդունած որոշումը հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կարգի վերաբերյալ։

2016 թվականի հունվարի 1-ից հարկ վճարողները, ներառյալ նաեւ ամենափոքրերը, պետք է տեղադրած լինեն նոր սերնդի ՀԴՄ-ները, եւ բացի դրանից, պետք է կտրոնի վրա մանրամասնորեն նշվեն իրականացված բոլոր գործողությունները։ Ավելի պարզ ասած՝ սա այն որոշումն է, որը պարտադրում է, ասենք, փոքր խանութին ՀԴՄ կտրոնի վրա տպել բոլոր այն ապրանքների կամ ծառայությունների անունները, որոնք վաճառվել են տվյալ գործարքով։ Եթե դուք խանութից գնել եք 10 անուն ապրանք, ապա դրանք բոլորը պետք է տպագրված լինեն ձեզ տրված ՀԴՄ կտրոնի վրա։ Սա տեսականորեն հիանալի որոշում է թե խանութատիրոջ, եւ թե հաճախորդի համար։ Բայց միայն տեսականորեն։

Գործնականում պատկերը բոլորովին այլ է։ Եթե խոշոր կամ միջին խանութներում այդ գործը կարելի է հեշտությամբ կազմակերպել, ապա փոքր խանութներում ու կրպակներում թե վաճառողը, եւ թե հաճախորդը լուրջ անհարմարությունների առաջ են կանգնելու։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ մտել եք քաղաքի ծայրամասում կամ որեւէ գյուղում գործող մի փոքրիկ խանութ, որտեղ աշխատում է մի 60-65 տարեկան, նախկինում համակարգչային տեխնիկայի հետ առանձնապես շփումներ չունեցած Վարդուշ ծյոծան։

Գնում եք մեկ հատ թթվասեր, մեկ հատ հաց, մեկ հատ լուցկի, մեկ հատ կետչուպ, կես կիլոգրամ երշիկ…: Ըստ հունվարի 1-ից գործողության մեջ մտնող վերը նշված կարգի, ապրանքներից յուրաքանչյուրի անվանումը պետք է հայտնվի ձեզ տրամադրվելիք ՀԴՄ կտրոնի վրա։ Ընդ որում, ՀԴՄ կտրոնի վրա չի կարող լինել միայն «թթվասեր», «երշիկ», «հաց»….: Պետք է հստակ գրված լինի «թթվասեր Աշտարակ կաթ 250 գրամ», «երշիկ «Բիելլա» կիսաապխտած 0.5 կգ» եւ այլն։

Մեր սիրելի Վարդուշ ծյոծան պետք է հատիկ առ հատիկ, ՀԴՄ-ի վրա եղած կոճակներով հավաքի այդ տեքստը։ Մոտավոր հաշվարկներով վերը նշված 10 անուն ապրանքը գնելու եւ ՀԴՄ կտրոնը ստանալու համար ձեզանից կպահանջվի 30-45 րոպե լավագույն դեպքում։

Կա տարբերակ, որ Վարդուշ ծյոծան դիմի մասնագիտացված ընկերությունների, որոնք կմուտքագրեն ամբողջ ապրանքացանկը ՀԴՄ-ի հիշողության մեջ։ Դրանից հետո Վարդուշ ծյոծան կարող է ՀԴՄ-ի վրա հավաքել ոչ թե ապրանքների անունները, այլ միայն կոդը։

Բայց որպեսզի իմանա, թե տվյալ ապրանքը ինչ կոդ ունի, պետք է օգտվի թղթի վրա տպված ցուցակից։ Հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ ամենափոքր խանութում սովորաբար լինում է մոտ 500 անուն ապրանք։ Այսինքն, Վարդուշ ծյոծան պետք է ունենա 500 անվանում ապրանքների ցանկը եւ դրանց մեջ ճշգրտորեն գտնի հենց այն ապրանքը, որը դուք գնել եք։ Այդպիսով վերը նշված ապրանքները գնելու եւ կտրոնը ստանալու վրա ծախսած ժամանակը կնվազի մինչեւ 10-15 րոպե:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30