Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակային կլիներ, որ քարոզարշավին մարզերում կրկեսային համարներ կատարվեին»

Նոյեմբեր 20,2015 15:00

Կարծում է փիար մասնագետը

«Այն, ինչին մենք քարոզարշավ ենք անվանում, նրա հեղինակները շատ ազնվորեն անվանում են «Ռեալիթի շոու», որտեղ առանցքային է «շոու» բառը: Պետք է ուշադրություն դարձնենք, որ խոսքը գնում է երկրի մայր օրենքը փոխելու մասին: Այստեղ հետաքրքրական կլիներ նաեւ ուսումնասիրել այլոց վերաբերմունքը իրենց մայր օրենքներին. որոշների համար գրեթե կրոնական զգացողություններ առաջացնող փաստաթուղթ է, որը հարյուրամյակներ շարունակ անձեռնմխելի պահպանվում է»,- «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով այս ընթացքում սահմանադրական փոփոխությունների համար տարվող «այո»-ի եւ «ոչ-ի ճակատների քարոզարշավը, մասնավորապես մեր իրականությունում կիրառվող նոր տեխնոլոգիան՝ «Ռեալիթի շոուն»՝ ասաց փիար մասնագետ Հայկ Կիրակոսյանը:

Նա, զերծ մնալով տեղի ունեցողը քարոզարշավ անվանելուց, ասում է. «Ինձ թվում է՝ շատ ավելի նպատակային կլիներ, որ այդ կազմի մեջ կրկեսային համարներ կատարվեին, մարզերում դա ավելի տպավորիչ կլիներ եւ զվարճալի: Այսինքն՝ ուսման վարձը վճարելու համար վարկ վերցրած եւ տուն կորցրած գյուղացի մեր հայրենակիցները այնքան խնդիրներ ունեն՝ ջրից մինչեւ կրակող հակառակորդներ, որ կրկեսային համարները ավելի տպավորիչ կլինեին նրանց համար: Այլ պարագայում գործելու է՝ «իմ սեւ սիրտ, քո վարդագույն վարտիք» կարգախոսը: Եվ իհարկե ակնհայտ է, որ քանի դեռ մեր մայր կրկեսը չի գործում, իրենց վրա հենց ծաղրածուի ֆունկցիաներ են վերցրել ռեալիթի շոուի մասնակիցները»: Պարոն Կիրակոսյանը կարծում է, որ այսպես հասարակության երեսին ժպտալով, շոու սարքելով՝ այս ամենը նախաձեռնողները երկու կարեւոր նպատակ են հետապնդում. հասարակությանը մեջ եղած զայրույթը, դժգոհությունը, ագրեսիան պարպել, եւ երկրորդ՝ եղածին հեգնանք ու հումոր հաղորդել, որ կարեւորագույն խնդիրը դառնա ոչ այդքան կարեւոր հասարակության համար: «Արդյունքում զայրույթը թողնում են եւ սկսում են լուրջ չընկալել այն ամենը, ինչը պետք է լուրջ ընկալեն: Կարծես այն մարդկանց, որոնք «ոչ»-ի կողմնակիցն են, ուղեղները լվացել, նոր են ճամփու դրել, որովհետեւ նրանց զգալի մասը ամիսներ առաջ մարդիկ էին, որոնք չէին հավատում, թե մեր երկրում հնարավոր են մաքուր եւ արդար ընտրություններ: Եթե չէիք հավատում, որ երբեւէ հնարավոր է, որ իշխանություններն արդար ընտրություններ կազմակերպեն, ինչո՞ւ եք հիմա մասնակցում այդ ռեալիթի շոուին»:

Դիտարկելով ռեալիթի շոուների մասնակիցների պահվածքը քարոզարշավում՝ փիար մասնագետն ասում է. «Ես համոզված եմ, բացառությամբ մեկ-երկու հոգու, այդ տասնվեց հոգուց բացառապես բոլորը իշխանությանը սպասարկող ուժեր են, անկախ նրանից՝ «այո»-ի ճակատից են, թե «ոչ»-ի: Ուղղակի որոշները մասնակցում են՝ ընդդիմություն խաղալով, որոշներն էլ խաղում են՝ մայր կուսակցության հետեւողներ ձեւանալով: Թող այսուհետ կազմակերպեն «այո»-ի եւ «ոչ»-ի հոսանքի գնի դեմ թանկացման ռեալիթի շոուներ, հնագույն ճարտարապետական քանդակները քանդելու շոուներ, արտագաղթի շոուներ կազմակերպեն»:

Փիար մասնագետը նշում է, որ ակնհայտ է՝ անգամ «Այո»-ի, մասնավորապես իշխող կուսակցության կողմից իրականացվող քարոզարշավի համար ֆինանսական լուրջ միջոցներ չեն ծախսվում. միայն վերջին շրջանում նախընտրական շտաբներ են բացվել, փողոցներում արտաքին գովազդներ են փակցրել.: «Շատ արխային հոգեվիճակ է»,- ասում է նա:

Նա նաեւ չի հավատում «Ոչ»-ի ճակատի քաղաքական ուժերի այն հայտարարությանը, որ հեղափոխություն է լինելու, ասում է. «Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ մինչեւ նոյեմբեր ամսվա վերջ մի քանի հոգու կձերբակալեն: Ոչ կծեծեն, ոչ կփակեն, դեկտեմբերի վեցը կանցնի, ազատ կարձակեն»,- ասում է նա:

Անդրադառնալով «Ոչ»-ի քարոզարշավին սոցիալական ցանցերում, որն ավելի ակտիվ է, պարոն Կիրակոսյանն ասում է. «Տպավորիչ ասում են՝ ասա՝ «ո՛չ», ոնց որ ասեն՝ ասա՝ «այո», ի՞նչ տարբերություն: Որեւէ հիմնավորում, որեւէ վախի կամ հակառակը՝ պատասխանատվության զգացողություն առաջացնող միտում չի նկատվում: Դրանք համոզիչ չեն: Մի քիչ էլ շտապողականության մեջ արված»:

Ստեղծված իրավիճակը, ըստ մեր զրուցակցի, իշխանությունների կողմից պատրաստած սցենարն է: Ասում է, որ հնարավոր է՝ իշխանություններին ձեռնտու էլ լինի, որ ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, չի բացառվում անգամ, որ սա արտաքին ճնշումների հետեւանք է, եւ իշխող կուսակցությունն էլ հակված չէ սահմանադրական փոփոխություններին. «Բայց ամեն դեպքում, եթե տրամադրվել են, որ «այո»-ն անցնի, իրենք ամեն ինչ կանեն, որ դա անցնի: Եթե մտադրված չեն, ապա մի խաղ են խաղում՝ իբր դա պետք է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30