Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ուժերը շատ ջանք պիտի թափեն՝ վերականգնելու հավատը իրենց հանդեպ»

Նոյեմբեր 20,2015 14:30

Քարոզարշավից իր տպավորությունն է
կիսում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը

– Թեեւ սահմանադրական հանրաքվեի «այո» եւ «ոչ» «ռեալիթի-շոուն» ՀՀԿ-ականները քարոզչական նորույթ են համարում, բայց հանրության մեջ այդ մոտեցումը միանշանակ չի ընկալվում, մարդիկ նույնիսկ հումոր են անում, թե այլեւս սերիալները չեն նայում, «ռեալիթի-շոու» են նայում: Դուք, ներսից, որպես մասնակից, ինչպե՞ս եք գնահատում այդ գաղափարը, նրա կիրառումը ի՞նչ արդյունք է տալիս:

– Ամենահիմնականն այն է, որ սա միակողմանի իրապատում չէ, մենք գնում ենք ոչ միայն պարզապես բարեւելու, այլ գնում ենք մեր ժողովրդի հետ կենդանի հանդիպումների, անկեղծ ու անկաշկանդ, եւ ոչ միայն «ԱՅՈ» ասողներն են գնում, այլ նաեւ «ՈՉ» քարոզողները։ Նախաձեռնության հեղինակները հրաշալի գաղափար են իրականացնում, եւ որպես մասնակից՝ վստահաբար հայտարարում եմ՝ աշխատում է պրոֆեսիոնալների խումբ, ամեն ինչ մտածված է ամենայն ճշգրտությամբ, չկա իշխանական եւ ընդդիմադիր ոչ մի լծակ եւ նախապատվություն, կազմակերպիչները մաքսիմում անկողմնակալ են, եթե ուզում եք իմանալ, հանդիպումների ժամանակ հաճախ ոտնահարվում են «Այո» քարոզողների իրավունքները՝ ելույթների ժամաքանակի հատկացման իմաստով։ Անկեղծ ասած, ես նախաձեռնության կազմակերպիչների փոխարեն կվիրավորվեի, քանի որ ոմանք փորձում են այս նախաձեռնությունը համարել ՀՀԿ-ի նախաձեռնություն, այսինքն՝ փորձում են կողմնապահություն տեսնել։ Ամենեւին այդպես չէ, եւ հենց ՀՀԿ-ի ներսում կան շատերը, ովքեր դեմ են այս նախաձեռնությանը, եւ այդ պատճառով է, որ հրավերը ընդունել ենք մենք, քիչ թվով պատգամավորներ։ Կարեւոր է, որ մեր հեռուստադիտողները դիտում են մեր հանդիպումները, տեսնում են, որ յուրաքանչյուր մասնակից ազատ է իր շփումներում, խոսքերում եւ պահվածքում, այո, լավ գաղափար է, թող մարդիկ տեսնեն ու լսեն, թե ինչու «Այո» փոփոխություններին եւ ինչու ոչ՝ այսօր թող լսեն նաեւ՝ ինչու «Ոչ» այդ փոփոխություններին։

– Ձեր հանդիպումներում, հեռուստաեթերից էլ է պարզ դառնում, մարդիկ իշխող ուժի ներկայացուցիչների նկատմամբ շատ բացասական են տրամադրված, ասում են այն ամենը, ինչ մտածում են: Սրանից հետեւություններ անո՞ւմ եք:

– Չեմ կարծում, որ նորություն պիտի ասեմ, բայց մի՞թե պարզ չէ, որ հասարակությունները բոլոր ժամանակներում, Տիգրան Մեծից մինչ այսօր, իշխանությունից դժգոհ են, մի՞թե չեք նկատում, որ մեր հասարակությունը, ցավոք, դժգոհ է նաեւ իրենց ընդդիմություն համարողներից, այն ուժերից, որ այսօր իշխանություն չեն։ Հիասթափված են եւ այդ հիասթափությունը չեն թաքցնում. սա լուրջ խնդիր է, եւ մեր երկրում քաղաքական ուժերը դեռ շատ ջանք պիտի թափեն՝ վերականգնելու համար հավատը իրենց եւ իրենց իրենց գործերի հանդեպ։ Այո, մարդիկ բոլորի մասին ասում են, ինչ մտածում են, եւ սա հոյակապ է, ազատ խոսքը հենց սա է, մարդկանց անկաշկանդ կարծիքը պիտի շատերին սթափեցնի՝ թե իշխանությանը, թե ընդդիմությանը, ի դեպ, ընդդիմություն բառից մեր հասարակությունը երբեմն ավելի է զայրանում, քան իշխանություն բառից։ Թող մեր որոշ գործընկերներ լրջորեն մտածեն նաեւ այս մասին, իրենց կյանքի իմաստը սիրելիների թերթերին եւ կայքերին հարցազրույցներ տալն են դարձրել եւ օտարվել են իրականությունից։
– Շատ ակնհայտ է, որ մարդիկ հետաքրքրված չեն սահմանադրական բարեփոխումներով, իրենց հոգսերից են անընդհատ խոսում, մտավախություն չկա՞, որ դեկտեմբերի 6-ին հանրաքվեն կտապալվի կամ «Ոչ»-ի կարժանանա:

– Սխալվում եք՝ ասելով, թե մարդիկ հետաքրքրված չեն, իրականում լավ էլ հետաքրքրված են, պարզապես լավ չեն պատկերացնում, թե ի՞նչն է փոխվելու, ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով, եւ երբ մենք բացատրում ենք, մարդիկ հասկանում են, պահանջում են նախագիծը՝ անձամբ կարդալու եւ քննելու համար։ Իսկ թե ինչպիսի՞ն կլինի հանրաքվեի արդյունքը, պիտի որոշի միայն եւ միայն ընտրողը՝ ՀՀ ազատ քաղաքացին, եւ վստահ եղեք՝ ոչ ոք չի պատրաստվում այդ որոշումն աղավաղել։

– ՀՀԿ-ականներն անընդհատ պնդում էին, որ վարչապետը չի մասնակցելու քարոզարշավին, միայն շտաբն է համակարգելու, բայց նա Ապարանում մասնակցեց քարոզարշավին, ընդդիմությունն անգամ քաղաքական հայտարարություն տարածեց այդ մասին: Ի դեպ, ահազանգեր կան վարչական ռեսուրսի ընդհանրապես կիրառման մասին` դպրոցներ, մարզպետարաններ, գյուղապետարաններ: Դա ինչպե՞ս կբացատրեք:
– Ոչ թե ՀՀԿ-ականներն են պնդում, այլ դա այդպես է եւ ճշմարիտ։ Մի՞թե դուք տեսել եք, որ վարչապետը քարոզարշավի էր մասնակցում, մի՞թե լսել եք որեւէ քարոզ, ախր չեք լսել, քանի որ չի եղել, ի՞նչ հիմքով եք նման պնդումներ անում։ Վարչապետի՝ քարոզչական նպատակով Ապարան գնալու մասին բոլոր մեկնաբանությունները կեղծ են եւ իրականության հետ ոչ մի աղերս չունեն։ Մեր խումբն առավոտ կանուխ այցելելով Ապարան՝ տեղեկացավ, որ բնական աղետի հետեւանքով սաստիկ ուժգին քամիներից այս տարածքի բնակիչները լրջագույն վնասներ են կրել, այդ մասին մեզ հայտնեցին իրենք՝ բնակիչները եւ ՏԻՄ ղեկավարները, ասացին նաեւ, որ աղետի մասին արագ տեղեկացրել են նաեւ կառավարությանը։ Իսկ դուք ինչպե՞ս եք պատկերացնում, այս իրավիճակում մի՞թե երկրի վարչապետը կարող էր անտարբեր գտնվել եւ անձամբ չգնալ մարդկանց մոտ, անձամբ չլսեր կատարվածի մասին եւ անձամբ կոնկրետ հրահանգներ ու հանձնարարականներ չտար աղետի հետեւանքները վերականգնելու, մարդկանց արագ եւ օպերատիվ օգնելու համար։ Ի՞նչ եք կարծում, եթե երկրի վարչապետը արագ չարձագանքեր եւ չգնար աղետի գոտի, նույն այդ «մեկնաբանողները» կոկորդները չէի՞ն պատռելու, թե տեսեք-տեսեք՝ երկրի բնակավայրերից մի քանիսն աղետից տուժել են, իսկ իշխանությունը զբաղված է քարոզարշավով։ Խստորեն դատապարտում եմ այն մարդկանց, ովքեր չեղած տեղում փորձում են չեղած բաներ փնտրել, չի հաջողվելու, քանի որ ամբողջ քարոզարշավը ընթանում է օրենքին համարժեք։ Եվ երկրի վարչապետը հենց այդ պահին հրաշալի իրականացրել է իր աշխատանքային պարտականությունը՝ արագ, օպերատիվ եւ սրտացավ։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30