Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգավորիչ գիլիոտինը» պետության 43 միլիոն դրամն «օդում է պահել»

Նոյեմբեր 20,2015 14:00

Վերահսկիչ պալատը կարգի է հրավիրել «Կարգավորիչ գիլիոտինին»: Օրենսդրական կարգավորման ազգային այս կենտրոնը, որը զբաղվում է օրենքների բարեփոխումներով, «փրթում-դեն է նետում» այն ավելորդ նորմատիվ ակտերը, որոնք խոչընդոտում են բիզնեսին, քաղաքացիների համար բյուրոկրատական քաշքշուկներ են առաջացնում ու բյուջեի գումարները վատնելու հնարավորությունները սահմանափակում, հենց ինքն է օրենք խախտել եւ փորձել միլիոնավոր գումարներ փոշիացնել:

Այս տարի Վերահսկիչ պալատը (ՎՊ) ուսումնասիրություններ է կատարել օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում, ստուգել այս հիմնարկում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրված դրամաշնորհային միջոցների եւ դրանց շրջանակներում պետական բյուջետային միջոցների օգտագործումը: Ստուգվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի ապրիլի 1-ը կատարած կենտրոնի ֆինանսական բոլոր գործողությունները: Այն, ինչ հայտնաբերել է Վերահսկիչ պալատը, ոչ այն է՝ զավեշտ է, ոչ այն է՝ գումարների վատնում: Ըստ էության, կենտրոնի «գիլիոտինը» շրջանցել է այս հիմնարկը. այստեղ միլիոնների հասնող ֆինանսները մուտք չեն արվել, հաշիվ-ապրանքագրեր չեն կազմվել, եւ ով գիտի՝ եթե ՎՊ-ն մուտք չգործեր կենտրոն, ինչ ճակատագիր կունենային այդ միլիոնները, ում գրպանները կլցվեին, ավելի ճիշտ՝ արդեն լցված այդ գրպաններից դուրս կհանվեի՞ն, թե՞ ոչ:

Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը 2012-ին հիմնարկի համար ինչ գույք ստացել է՝ համակարգիչներ, կոշտ եւ փափուկ կահույք, օդորակիչներ, հեռախոսներ, շերտավարագույներ, անգամ չհրկիզվող պահարանը չի մուտքագրել հիմնարկի հաշվին: Երբ ՎՊ-ն ստուգումներ էր իրականացնում կենտրոնում, մեկ էլ հայտնաբերել է, որ 923.9 հազար դրամի համակարգչային սարքավորումները բացակայում են հիմնարկից, ցավոք, Վերահսկիչ պալատի հաշվետվությունում նշված չէ, թե որտեղ են եղել դրանք, միայն գրված է «համակարգչային սարքավորումը 923.9 հազ. դրամ արժեքով բնեղեն վերականգնվեց վերահսկողության ընթացքում»:

ՎՊ-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի» ու Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրով ձեռք բերված սարքավորումները եւ գույքը` ընդամենը 42 միլիոն 822 հազար դրամ (31,922.5+10,900.0) գումարով, ամրացվել են կենտրոնին: Ընդ որում, 31միլիոն 922 հազար դրամի սարքավորումները (25 անվանում համակարգչային սարքավորումներ, օդորակիչներ եւ այլն) հանձնման-ընդունման ակտով կենտրոնն ընդունել է «Ֆայն» խանութից 2012 թվականին, սակայն այդ գույքը չի հաշվառվել հիմնարկի կողմից եւ չի մուտքագրվել, բայց տարիներ շարունակ շահագործվել է:

Օրինակ, ըստ Վերահսկիչ պալատի՝ հիմնարկի հաշվեկշռում չեն մուտքագրվել եւ հաշվառվել 25 անվանում սարք-սարքավորումներ (համակարգչային սարքավորումներ, օդորակիչներ, հեռախոսներ եւ այլն)՝ ընդամենը 31 միլիոն 922 հազար դրամ արժեքով, 19 անվանում կոշտ եւ փափուկ գույք (կահույք, շերտավարագույր, չհրկիզվող պահարան եւ այլն)՝ 10 միլիոն 900 հազար դրամ արժեքով: Այսինքն՝ կենտրոնը տարիներով շահագործել է մի քանի տասնյակ միլիոն դրամի արժողության գույքը, բայց որեւէ փաստաթղթով այն չի գրանցել, մինչդեռ կենտրոնը, ինչպես պահանջում է համապատասխան օրենքը եւ ինչպես սահմանում է կառավարության որոշումը, այդ գործառույթները պարտավոր էր կատարել մեկ ամսում: Փաստորեն օրենսդրական կարգավորումներով զբաղվող այս հիմնարկը կամ արհամարհել է ՀՀ օրենքն ու կառավարության որոշումը, կամ էլ ով գիտի՝ ինչ է եղել մտքին:
Վերահսկիչ պալատն արձանագրելով խախտումները՝ օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնից առաջարկել է վերացնել խախտումները՝ սեղմ ժամկետում ձեռնարկել միջոցներ վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված սարքավորումներն ու գույքը մուտքագրելու, հաշվառելու ու պահպանելու ուղղությամբ, ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող հիմնարկի պահպանման ծախսերը նախատեսել հիմնավոր հաշվարկների հիման վրա` հաշվի առնելով ծախսային հոդվածների նախորդ տարվա փաստացի կատարողականը, եւ Վերահսկիչ պալատին տեղեկացնել ձեռնարկված միջոցառումների մասին:

Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանն անցյալ տարվա հունիսին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Կարգավորիչ գիլիոտինը» ողջ օրենսդրության վերանայումն է՝ բիզնեսի եւ բնակչության համար այն պարզեցնելու եւ հեշտացնելու նպատակով: Եղիազարյանն ասել էր նաեւ, որ կարգավորումներն իրականացնելու դեպքում կրճատվելու է ծախսերի մոտ 50%-ը, ծրագրի նպատակն այն է, որ բնակչությունը եւ բիզնեսն ավելի հեշտ շփվեն պետության հետ, քիչ ժամանակ եւ գումար ծախսեն: Դեռ անցյալ տարվա հունիսին կենտրոնն արդեն 9 ոլորտ վերանայել էր, այդ թվում՝ առողջապահությունը, հարկային եւ մաքսային ծառայությունները. «Եթե մեր բոլոր առաջարկները ընդունվեն, մոտավորապես 25 մլրդ դրամի խնայողություն կարող ենք անել: Մնացել է մոտ 20 ոլորտ, որոնց հետ կապված աշխատանքները մինչեւ մյուս տարվա հունիս կհասցվեն ավարտին: Այս ոլորտների ուսումնասիրությունից հետո, մեր հաշվարկով, մոտ 60 մլրդ դրամի խնայողություն կարող ենք անել»:

Ուշագրավ է, որ կենտրոնին այս տարիների ընթացքում հատկացվել է մոտ 785 հազար եվրո միայն դրամաշնորհ, հիմնարկը նաեւ պետբյուջեից է ֆինանսավորվել, եւ այս տարիների ընթացքում կատարած աշխատանքներից հետո բիզնեսի ու մարդկանց կյանքը չի թեթեւացել պետական կառույցների հետ շփման առումով. դեռեւս շարունակվում են հազարավոր քաղաքացիների դժգոհությունները բյուրոկրատական քաշքշուկների վերաբերյալ՝ թե՛ հարկային մարմիններից, թե՛ առողջապահության, կադաստրի եւ այլ ոլորտներից:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    դրամի մասին եք գրում, /մտքում/ դոլար եք նկարում , իմ սորոսասեր “ժուռնալիստներ ” 😀

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30