Անցյալ տարվա հունիսի 18-ից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվեց «կեղծ փողերի» գործով դատական քննությունը:
Ամբաստանյալները երկուսն էին՝ Արա Հակոբյանն ու Ռաֆայել Ավագյանը:
Ծրագրավորող Արա Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա պատրաստել, պահել, ինչպես նաեւ Ռ. Ավագյանի հետ ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում եւ ԼՂՀ-ում իրացրել էր 3.061.000 ՀՀ դրամ կեղծ փող:
Ռաֆայել Ավագյանն էլ, ըստ մեղադրական եզրակացության, հասցրել էր իրացնել 940.000 ՀՀ դրամ կեղծ փող:
Երկու օր առաջ տեղի ունեցած դատական հերթական նիստին վիճակն այսպիսին էր. կար 6 անպատասխան ծանուցում, 6 բերման որոշում, որը դեռ պիտի կատարվեր:
Կարդացեք նաև
Բերման էր ենթարկվել միայն մեկ կին՝ «Արարատբանկի» Արարատյան մասնաճյուղի նախկին աշխատակից, հինգ տարի առաջ բանկից ազատված ավագ մասնագետ Հասմիկ Մանուկյանը, որին Երեւանում փնտրել էին սխալ հասցեով, սակայն նա հայտնաբերվել էր միամիտ, Զովունիում, իր տանը նստած: Ինչպես ասաց, քրեական գործի մասին էլ տեղեկացել է նիստի նախորդ օրը, երեկոյան, երբ ոստիկաններ էին եկել իրենց տուն:
Նախկին գանձապահին նախաքննություն իրականացրած մարմինը երկու-երեք անգամ կանչել է բացատրություն տալու համար: Այնտեղ ասել է, որ իր մոտից հայտնաբերվել են տարիներ առաջ 10 000, 5000, մեկ անգամ էլ 20 000 կեղծ դրամանոցներ: Բանկի նախկին աշխատակիցը նկարագրեց, թե ինչպես են ստուգում գումարը. նրանք ստուգում էին ձեռքով, միլիոնավոր գումարներ, երբ դրանք իրենց անվանական դրոշմակնիքով ուղարկվում է Կենտրոնական բանկ, այնտեղ «մեծ ապարատով» ստուգվելուց հետո, երբ հայտնաբերվում է կեղծ թղթադրամ, ակտ է կազմվում, ուղարկվում է կրկին բանկ, անվանական, եւ իրենք վերականգնում են այդ գումարները:
Վկան, բնականաբար, չհիշեց, թե ինչպես է նման կեղծ թղթադրամը հայտնաբերվել իր փաթեթում, եւ գտնելով, թե դա իր վատ ստուգման արդյունք է, անխոս կատարել է ԿԲ որոշումը՝ ակտով:
Մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Ա. Սեփոյանին հետաքրքրեց, թե ո՞վ է հայտնաբերել կեղծ դրամը: Վկան պատասխանեց՝ Կենտրոնական բանկը:
Դատախազին հետաքրքրեց, թե ակտն առանց այլեւայլության ընդունե՞լ են: Վկան ասաց՝ ընդունեն, թե չընդունեն, ինքը վերականգնել է գումարը:
Ամբաստանյալ Արա Հակոբյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էդուարդ Չինարյանի հարցին, թե որեւէ պահանջ ունի՞ ամբաստանյալներից, իրեն տուժող համարո՞ւմ է վկան, տիկին Հասմիկն ասաց, թե չի ճանաչում ամբաստանյալներին, նա գործ է ունեցել իր աշխատած ժամանակահատվածում միլիոնավոր հաճախորդների հետ, բնականաբար, պահանջ չունի:
Պարզվեց՝ վերականգնվելիք գումարի համար առկա է եղել հատուկ հաշվի համար:
Երկրորդ վկան նույնպես բանկից էր՝ «Զարգացման հայկական բանկի» աշխատակից Լալա Մնացականյանը: Նրան քննիչի մոտ կանչել են մեկ անգամ 10 000 դրամանոցի համար: Այն եղել է կեղծ դրամ: Վկան չհիշեց, թե երբ էր այդ դրամը Կենտրոնական բանկի կողմից հայտնաբերվել, ակտ կազմվել:
Վկան ասաց, որ դրամները ստուգվում են մեքենայով, երբ քիչ է լինում, նաեւ՝ ձեռքով:
Դատախազի հարցին, թե եղե՞լ է, որ վկան ինքը հայտնաբերի կեղծ գումար, վկան ասաց՝ չի եղել նման բան: Դատախազին հետաքրքրեց նաեւ, թե վկան Կենտրոնական բանկին վստահո՞ւմ է, հավատ ներշնչո՞ւմ է այն, որ իրականում իրենց ուղարկած փաթեթներից են հայտնաբերվում: Վկան ասաց, որ անվերապահորեն հավատում են Կենտրոնական բանկին, նրա որոշումներին, եւ նրանց հնարավորությունները տեխնիկական առումով ավելի մեծ են կեղծ դրամ հայտնաբերելու հարցում. «Բանկում բոլորն աշխատում են տեսախցիկների հսկողության տակ, որեւէ մեկը ռիսկ չի անի որեւէ իրավախախտման համար»:
Պաշտպան Է. Չինարյանի հարցին էլ, թե երբվանից են ունեցել ստուգող մեքենաները, վկան պատասխանեց, որ 2012-ին չեն եղել, իսկ կես տարի է, ինչ կան դրանք: Հաջորդ հարցին էլ, թե քննիչը նրան տուժող չի՞ ճանաչել, վկան պատասխանեց բացասական: Պարզվեց, որ նրան մեկ անգամ են կանչել բացատրություն տալու, սակայն հետագայում չեն տեղեկացրել քրեական գործ հարուցելու մասին:
Քաղհայցի պահանջ այս վկան էլ չուներ: Նա նույնպես չէր առնչվել ամբաստանյալների հետ, չէր ճանաչում նրանց: Չնայած, եթե ճանաչեր էլ, Արա Հակոբյանը բեղ էր պահել, եւ դատարան երբ մտավ, նրա պաշտպանն էլ հազիվ ճանաչեց նրան, ուր մնաց, թե վկան:
Հաջորդ վկան տաքսու վարորդ էր: Նրան ճանապարհին 20 լիտրանոց տարայով կանգնեցրել է մեկը, ասել, թե մեքենայի համար վառելիք է պետք: Վարորդը նրան տարել է բենզալցակայան, իսկ հաջորդ օրն էլ բենզալցակայանի աշխատակիցները եկել են իր հետեւից՝ ասելով, թե կեղծ 100 000-անոցը իր բերած ընկերն է տվել իրենց: Վարորդն իսկապես չի ճանաչել իր ուղեւորին, իսկ դատախազի հարցն էլ չի տվել ուղեւորին՝ «իսկ մեքենադ որտե՞ղ ես կանգնեցրել»: Դատախազը զարմացավ, թե ինչո՞ւ չի հարցրել, տաքսու վարորդն ասաց, թե իրեն չի հետաքրքրել, իսկ երբ դատախազն ավելի զարմացավ, դատավորն ասաց, դե, եթե քննիչ լիներ, կհարցներ, ու դրանով ավարտվեց այս վկայի հարցաքննությունը նույնպես:
Այս գործով անցնում են տասնյակ բանկեր: Սակայն նրանք դատարան չեն ներկայանում: Նշենք, որ իրեղեն ապացույց ճանաչված 3.061.000 ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամները փաթեթավորված եւ կնիքված վիճակում կցված են քրեական գործին։ Ա. Հակոբյանը կեղծ դրամները պատրաստել է «HP Deskjet» մոդելի համակարգչային գունավոր լազերային տպիչ սարքի միջոցով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.11..2015