Նկարիչ Վիլիկ Զաքարյանը դուրս է կարծրատիպերից
Հայաստանի ազգային պատկերասրահում գարնանը, Կոմիտասի ծննդյան 145-ամյա հոբելյանի առիթով բացված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսից (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ կիրառական արվեստ) հետո ներկայացված աշխատանքները իրենց մշտական տեղը գտան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: «Առավոտը» օրերս մասնակցելով Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված մի միջոցառմանը, առանձնացրեց նվիրաբերված նկարներից մի քանիսը, այդ թվում՝ Վիլիկ Զաքարյանի «Կոմիտասը եւ Սպիրիդոն Մելիքյանը» աշխատանքը: Երբ հիշյալ կտավի մասին մեկ-երկու մասնագետից խոսք խնդրեցինք, շաբլոն պատասխան ստացանք՝ բազմաթեմա ու բազմաժանր է նկարչի ստեղծագործությունը, նրա կտավներն աչքի են ընկնում լուսային խաղով, ներկերի գեղանկարչական գույն դառնալու մոգական ընթացքով, նկարչի «ես»-ը շատ վառ է, եւ այլն, եւ այլն: Բոլորը միաբերան նշեցին, որ զաքարյանական աշխատանքներում գերակշռում են թեմատիկ շարքերը:
Ճանաչված նկարչին ներկայացնելու հարկ չկա, այնուամենայնիվ, մենք որոշեցինք այցելել նրա արվեստանոց, քանի որ շուրջ 5 տարի է, ինչ երեւանյան սրահներում չենք հանդիպել նրա անհատական ցուցահանդեսին, փոխարենը՝ ժամանակ առ ժամանակ նա Ֆեյսբուքում է «ցուցադրվում»: Մեզ հետ հանդիպման ժամանակ Վիլիկ Զաքարյանը կեսկատակ-կեսլուրջ փաստեց, թե Ֆեյսբուքն էլ ցուցադրման ժամանակակից ձեւ է եւ չմանրամասնեց, թե ինչու այլեւս չի ցուցադրվում որեւէ ցուցասրահում:
Արվեստանոցում առկա աշխատանքների թվում մեզ գրավեց 4 կտավից բաղկացած շարքը՝ «Հարձակում», «Վճռական պահ», «Գայթակղություն» եւ «Սանձահարում», որը դեռեւս չի ցուցադրվել (լուսանկարում): Շարքը առայժմ չունի խորագիր, բայց մի բան պարզ է՝ այն ներկայացնում է մարդկային մտքի էվոլյուցիան՝ նախնադարից մինչեւ մեր օրերը: Նկարիչն ասաց նաեւ, որ շարքը սկսել է վրձնել 2014թ.-ից: Շարքում նկատեցինք տարբեր սիմվոլներ, լատինական տառերից մինչեւ երկրաչափական պատկերներ: Այս առիթով մեր զրուցակիցը հայտնեց. «Երկրաչափական էլեմենտները գաղափարական խորհրդանիշներ են, ու դրանք զետեղելով կոմպոզիցիայի մեջ՝ ոչ թե շեղում են դիտողին, այլ լրացնում նկարը»: «Լայն լսարանին տեղեկացնեմ, որ ինձ համար գոյություն ունի պարզապես կերպարվեստ: Չկա գեղանկար, գրաֆիկա, քանդակ եւ այլն՝ որպես անջատ երեւույթներ: Չի կարելի սրանք իրարից առանձնացնել, ընդհակառակը՝ պետք է շաղախել, իրար կապել…»,- ասաց Վիլիկ Զաքարյանը:
Արվեստանոցում հանդիպեցինք նաեւ նկարչի կոլաժներին: Նկատելով մեր զարմանքը՝ արվեստագետը օրինակ բերեց. «Շիրազի մոտ, ինչ գալիս էր՝ գրում էր: Ես էլ եմ այդպես վարվում. ամեն ինչ առաջին հերթին ինձ համար եմ անում ու պարտադիր չէ՝ դրանք բոլորը ցուցադրել»:
Էությամբ քչախոս Վիլիկ Զաքարյանն այլեւս ոչինչ չհայտնեց, ընդամենն ասելով՝ բառերս ու մտքերս իմ վրձինն են, եւ ստեղծածն արդեն բառերով ներկայացնելու դեպքում հասարականում է կտավը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.11..2015