Դդումը վառ նարնջագույն, համեղ բանջարեղեն է, որի հայրենիքը Հարավային Ամերիկան է: Այս բույսի պտղամիսը շատ օգտակար է եւ բուժում է մի շարք հիվանդություններ, որոնցից են աթերոսկլերոզը, երկաթի սակավությունը, լյարդի եւ լեղապարկի հիվանդությունները, շագանակագեղձի բորբոքումը, երիկամների բորբոքումը: Այն խորհուրդ է տրվում ստենոկարդիայի, նյարդերի լարվածության եւ նյութափոխանակման գործընթացների խանգարման եւ այլ հիվանդությունների ժամանակ: Պտղամիսը հարուստ է պեկտինով, որը նպաստում է խոլեստերինի հեռացմանը օրգանիզմից, եւ կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, իսկ սննդակարգում դդմի կանոնավոր ընդգրկման դեպքում ուժեղանում է մարդու իմունային համակարգը, արագանում է ստամոքսի եւ 12-մատնյա խոցի ապաքինման գործընթացը, չնայած պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Դդմի պտղամիսը հակացուցված է ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում, պետք է նաեւ սննդակարգում սահմանափակեն շաքարային դիաբետով հիվանդները:
Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով, վիտամիններով՝ E, A, C, D, F, PP, T եւ B խմբի։ Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր։
Ինչպես պտղամիսն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ, այնպես էլ սերմերը, որոնք պարունակում են ջուր, ածխաջրեր, սպիտակուցներ, բջջանք, չհագեցած եւ հագեցած ճարպաթթուների գլիցերիդներ։ Սերմը հարուստ է նաեւ կարոտինային նյութերով, ֆոսֆոլիպիդներ, ֆիտոստերին, վիտամին E, ցինկի աղեր, որը շատ օգտակար է տղամարդկանց համար եւ շաքարային դիաբետի դեպքում։
Արեւելյան բժշկական մասնագետ Հասմիկ Խաչատրյանը «Առավոտի» լրագրողի հետ զրույցում նշեց, որ դդմի սերմերը հրաշալի կերպով օգնում են ճիճվակրության դեպքում. «Հարկավոր է ամեն առավոտ` սոված փորին, 30 հատ մաքրած դդմի կորիզ ուտել եւ նախաճաշել գոնե 1 ժամ հետո: Առավել արդյունք լինում է, երբ 2 օր օգտագործվում է դդմի կորիզ եւ մեկ օր մեխակի հատիկների թուրմ: Հարկավոր է 18 հատիկ մեխակը լցնել 1 բաժակ եռման ջրի մեջ, թողնել մինչեւ առավոտ, որը հարկավոր է խմել կում-կում»:
Դդմի պտղամսից ոչ միայն համեղ ճաշատեսակներ են պատրաստում, այլ նաեւ օգտագործում են դեմքի մաշկը խնամելիս` տարատեսակ դիմակների միջոցով: Յուղոտ մաշկի համար հում դդմի պտղամիսը` 3 ճաշի գդալ, խառնել 1 ձվի դեղնուցի եւ 1 թեյի գդալ մեղրի հետ եւ տաքացնել ջրային բաղնիքում` 40 աստիճան տաքության վրա: Այնուհետեւ քսել դեմքին` խուսափելով աչքերի եւ բերանի հատվածից եւ թողնել 15 րոպե, որից հետո լվանալ: Այն ոչ միայն դեմքը մաքրում է ճարպից, այլեւ՝ պզուկներից:
Չոր մաշկի դեպքում առաջարկվում է 3 ճաշի գդալ դդմի պտղամիս, 1 ճաշի գդալ բուսական յուղ, ցանկալի է ձիթապտղի յուղը: Քսել դեմքին, պահել 15-20 րոպե եւ լվանալ գոլ ջրով:
Կարդացեք նաև
Դդմի հյութը օգտագործվում է նաեւ որպես դեմքի լոսյոն, տոնիկ, ինչպես նաեւ կոմպրեսների համար:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.11..2015