Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ահարոնյան. «Իմ գրպան գումար չի մտել»

Նոյեմբեր 19,2015 23:59
Robert Aharonyan

Սուրեն Սուրենյանցը պարտավորվեց հնարավորինս սեղմ ժամկետում հատուցել հասցրած վնասը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 19-ին դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում էր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում որպես վկա ցուցմունք տվեց «Հայաստանի սոցիալիստական շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը: Նա նշեց, որ Սուրեն Սուրենյանցին ճանաչում է 1998 թվականից, որից հետո երկար տարիներ չեն  հանդիպել, եւ հանդիպել են միայն 2013 թվականին: Նա ասաց, որ իր գրասենյակը գտնվում է վարսավիրանոցում, որի տերը իր մայրն է,  եւ փաստացի ինքն է «տիրություն անում»: Ռոբերտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ իր գրասենյակը փոքր է, եւ իր աշխատակիցները լսել են, թե ինչպես է Սուրենյանցը խոսում տարբեր հայտնի անձանց հետ: Նա տուժողներ Նարեկ Մանուկյանի եւ Հայկազ Մարտիրոսյանի հետ կատարվածում իր մեղավորությունը տեսնում է, քանի որ վստահել է Սուրեն Սուրենյանցին, երբ վերջինս Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի անունն է տվել: Ինքն էլ իմացել է, որ նման ծրագիր կա, երբ լրագրողները Ամերիկայի Միացյալ Նահանգներում դասընթացների են մասնակցում: Ռոբերտ Ահարոնյանը հավելեց, որ ինքը վերադարձրել է Նարեկ Մանուկյանի եւ Հայկազ Մարտիրոսյանի գումարը, քանի որ վերջիններս արտահաստիքային լրագրողներ են եղել եւ նորմալ եկամուտ չեն ունեցել:

Մեղադրող Արթուր Մանուկյանի հարցին, թե արդյոք նա այդ գումարներից որեւէ գումար տնօրինե՞լ է, նա պատասխանեց. «Ո՛չ, իմ գրպան գումար չի մտել, որովհետեւ ես գիտեի՝ պետական մուծումներ են, կատակով ասեմ, եթե իմանայի անձնական գումար է, կկիսվեի, բայց ես գիտեի, որ սա գնում է պետական բյուջե, մուծում է, չեք պետք է բերի»:

Նշենք, որ հարցաքննության ընթացքում ամբաստանյալ Սուրեն Սուրենյանցը ծիծաղում էր, ինչը գրավեց Արմեն Բեկթաշյանի ուշադրությունը:

Ռոբերտ Ահարոնյանը հայտարարեց, թե իր ընկեր Մհերը խոսել է ամբաստանյալի հետ, ասել է, որ այդ փողերը բերի, հյուրանոցներից մեկի մոտ են հանդիպել, սակայն փողերը չի վերադարձրել, այնուհետեւ բիզնես կենտրոններից մեկի մոտ է տարել, ասել, թե փողերը կբերի, մի քանի անգամ մտել դուրս է եկել, բայց փողերը չի բերել: Վկան ընդգծեց, որ հետաքրքրվել է այդ բիզնես կենտրոնի աշխատակցից, թե Սուրենյանը ո՞ւր է գնացել-եկել, նա էլ պատասխանել է՝ մտնում էր զուգարան, դուրս էր գալիս:

Հարցաքննության ավարտից հետո ամբաստանյալը հանդես եկավ հայտարարությամբ. «Հարգելի՛ դատարան, ես իսկապես ժամկետներից անցել եմ, բայց պարտավորվում եմ շատ սեղմ ժամկետում հատուցել վնասները»:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին:

Ըստ մեղադրանքի՝ Սուրեն Սուրենյանցը խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ` իր հանցավոր մտադրությունն իրականցնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկների հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարման առիթը` բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահություն չարաշահելու եղանակով վերջինիս վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 454.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարևելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Սուրենյանցը խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար որպես խաբեության եղանակ օգտագործելով առողջական խնիրդներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձևակերպելու և Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Սուրիկ Սուրենյանցը զգալի չափրեով հափշտակություն կատարելու դիտավարությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին և Նարեկ Մանուկյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականին վերցրել է 500 ԱՄՆ և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30