Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նախարարների անուններ էր տալիս, Հովիկ Աբրահամյանի, Դավիթ Տոնոյանի». Վկան՝ Սուրենյանցի մասին

Նոյեմբեր 19,2015 23:51

Վկայի պնդմամբ՝ Ռոբերտ Ահարոնյանն է խորհուրդ տվել դիմել Սուրեն Սուրենյանցին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 19-ին դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում էր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց վկա Ջուլիետա Մուշեղյանը՝ գործով տուժող Ազգանուշ Մուշեղյանի մայրը: Նա ասաց, որ իր աղջիկը տեղեկացրել է իրեն, որ Սուրեն Սուրենյանցը շատ բժիշկների հետ է ծանոթ եւ կարող է օգնել իր հիվանդ տղային, որը դեռ մեկ տարի ուներ բանակ զորակոչվելուն: Նա հավելեց, որ Ազգանուշ Մուշեղյանը իրեն ասել է, որ ամբաստանյալը անծանոթ մարդ չէ, Ռոբերտ Ահարոնյանի («Հայաստանի սոցիալիստական շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար -Ա. Չ.) հետ մոտ է: Սուրեն Սուրենյանցը համաձայնել է օգնել եւ ասել է, որ մուծումներ պետք է արվեն, որպեսզի տղան հիվանդանոցում բուժում ստանա, եւ Ազգանուշ Մուշեղյանը, առանց իրենց տեղեկացնելու, իր ոսկեղենը գրավ էր դրել:

«Նախարարների անուններ էր տալիս, Հովիկ Աբրահամյանի, Դավիթ Տոնոյանի, որ նրանք կմիջնորդեն բժիշկներին, որ տղան պառկի հիվանդանոցում, բուժվի, որովհետեւ այս հիվանդությունով չի կարելի, որ երեխան գնա: Հետո երեխաս հետ եկավ, ասաց, թե այստեղ չէ բժիշկը, ուղղիղ մեկ շաբաթ Երեւանում մնաց երեխաս: Ամուսինս էլ ծանր հիվանդ է, ամբողջ գործերն էլ տղաս կաներ: Հետո իմացանք, որ ինքը ստում է, ստախոս է, գնացել տեսել է, որ ոչ մի կապ չունի, գնացել է նախարարություն, ոչ թե նախարարի մոտ է մտել, այլ մտել է զուգարան դուրս է եկել»,- ասաց վկան:

Նա հավելեց, որ իմանալուց հետո, որ Սուրենյանցը ստում է, զանգահարել են, նա էլ խոստացել է, որ մինչեւ նույն օրը ժամը 12:00-ը գումարը կվերադարձնի, սակայն մինչեւ այսօր չի վերադարձրել: Ամբաստանյալը պնդեց, թե վկային տեսել է, սակայն նա որեւէ բովանդակային զրույցի չի մասնակցել:

Պատասխանելով ամբաստանյալի պաշտպան Անժելիկա Հակոբյանի հարցին, թե ո՞վ է խորհուրդ տվել դիմել Սուրեն Սուրենյանցին՝ Ջուլիետա Մուշեղյանը պատասխանեց՝ Ռոբերտ Ահարոնյանը:

Ըստ մեղադրանքի՝ Սուրեն Սուրենյանցը խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ` իր հանցավոր մտադրությունն իրականցնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկների հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարման առիթը` բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և վերջինիս վստահություն չարաշահելու եղանակով վերջինիս վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 454.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարևելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Սուրենյանցը խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար որպես խաբեության եղանակ օգտագործելով առողջական խնիրդներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձևակերպելու և Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Սուրիկ Սուրենյանցը զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավարությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին և Նարեկ Մանուկյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականին վերցրել է 500 ԱՄՆ և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30