Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հալալ լինի քեզ, նախարա՛ր, ոնց որ ասես՝ թքած ունենք ձեր վրա». «Հայփոստ»-ի գործազուրկ դարձած աշխատակիցներ

Նոյեմբեր 19,2015 21:45

Ինչպես տեղեկացրել ենք , հոկտեմբերի 1-ին «Հայփոստ» ՓԲԸ Գյումրիի փոստային մասնաճյուղը փակեցին՝ 13 աշխատակիցների թողնելով գործազուրկ:

Գյումրու մասնաճյուղը միավորեցին Սպիտակի բաժանմունքին՝ գյումրեցիներին առաջարկելով իրենց նվազագույն աշխատավարձի  հաշվին գնալ, աշխատել Գյումրիից 40-50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սպիտակում, ի դեպ, այդ ուղղությամբ հարմար տրանսպորտ էլ չի գործում: Գործազուրկ դարձած աշխատակիցները նամակ էին հղել երկրի նախագահին, սակայն պատասխան անգամ չէին ստացել: Գնացել էին հանդիպման ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ՝ նախապես հերթագրվելով նրա մոտ: Ու չնայած նախարարի ընդունելության օրն էր եղել, սակայն պարոն Բեգլարյանի փոխարեն նրանց ընդունել էր խորհրդական Գրիգոր Մելքումյանը: Վերջինս առաջարկել էր դիմում գրել՝ ուղղված  Գագիկ Բեգլարյանին:

Նախորդ օրը «Հայփոստ»-ի գործազուրկ դարձած աշխատակիցները ստացել են պատասխան ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարությունից ու իրենց բառերով ասած վերջնականապես  հիասթափվել  են Հայաստանի իշխանություններից:  Նրանց պատասխանել է նախարարի տեղակալ Գ.Թադեոսյանը, որտեղ  նշել է . «Ի պատասխան տրանսպորտի ու կապի նախարարին ուղղված 30.10.2015 թվականին ձեր ու Գյումրու փոստային մասնաճյուղի մի խումբ աշխատակիցների դիմումի՝ Լոռու ու Շիրակի փոստային մասնաճյուղերի միավորման արդյունքում Գյումրու փոստային մասնաճյուղի 13 աշխատակիցների աշխատանքի տեղավորման վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին առաջարկվել է հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկել դիմումում բարձրացված հարցի կարգավորման ուղղությամբ»:

Վերլուծելով պատասախանը՝ «Հայփոստ»- ի գործազուրկ դարձած աշխատակիցներն Aravot.am-ի հետ զրույցում ասացին. «Սա էլ նախարարի պատասխա՞ն է էլի: Պատկերացրեք նախարարությունը, որը բաժնետոմս ունի, լծակներ ունի  Էդուարդո Էռնեկյանին ոչ թե պարտադրում կամ գոնե հանձնարարում է, այլ առաջարկում է…բոլորն էլ կարող են առաջարկել, մենք էլ ենք առաջարկում մեզ աշխատանքից չհեռացնել… Չէինք պատկերացնում, որ մեր նախարարը էսքան անզոր է, էսքան անտարբեր: Գիտե՞ք այս պատասխանով ինչ են ասում, ասում են՝ թքած ունենք ձեր վրա, ինչ ուզում եք արեք, ուզում եք հեռացեք երկրից, ուզում եք ինքնասպան եղեք, այս երկրում  մարդը գրոշի արժեք չունի, դա՛ են ցույց տվել: Հալալ լինի քեզ նախարար, քո մոտ եկանք հույսով, բայց վերջնականապես հուսալքվեցինք:  Մենք  բարձրագույն ավարտած, ձեռ ու ոտով մարդիկ ենք, գնանք տանը նստենք հա՞, դա՞ է ձեր առաջարկը… ապրեք…»

Հիշեցնենք, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցը հավատարմագրային կառավարման են հանձնել Էդուարդո Էռնեկյանին, մեկ բաժնետոմսը  ՀՀ կառավարությանն է՝ ի դեմս ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարության:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30