«Նոր Հայաստան» քաղաքացիական շարժման անդամներն այսօր իրազեկման ակցիա են անցկացրել Դավիթաշենում: Նրանք, քաղաքացիներին թռուցիկներ բաժանելով, տեղեկացրել են դեկտեմբերի վեցին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին ու հորդորել «ոչ» քվեարկել:
«Ակցիան չի խոչընդոտվել, քաղաքացիների հետ ազատ շփվել ենք»,- պատմեց ակցիայի մասնակից Գեւորգ Սաֆարյանը: Ըստ նրա, իրենց հանդիպած գրեթե բոլոր քաղաքացիները բացասաբար են վերաբերել թե այս իշխանություններին, թե նրանց կազմակերպած հանրաքվեին. «Կան մարդիկ, որոնք անտարբեր են, բայց նրանց թիվը քիչ է: Գոնե այսօր չեմ հանդիպել որեւէ մեկին, որը դրական կարտահայտվեր թե իշխանությունների, թե հանրաքվեի մասին: Կային մարդիկ, որոնք ասում էին՝ սրանցից պետք է շուտափույթ ազատվենք, կային մարդիկ, որոնք պատշգամբներից գոռում էին՝ մենք նույնպես «ոչ» ենք ասելու Սահմանադրության փոփոխությանը»:
Մեր դիտարկմանը, թե այո-ի քարոզողները պնդում են, որ ոչ-ի քարոզողները շփոթել են հանրաքվեն նախագահական ընտրությունների հետ ու քարոզարշավի ընթացքում ոչ թե սահմանադրական փոփոխությունների մասին են խոսում, այլ իշխանափոխության, Գեւորգ Սաֆարյանը շարունակեց. «Իշխանությունները, որոնք անընդհատ ոտնահարում են Սահմանադրությունը, նրանք չեն կարող Սահմանադրությունը բարեփոխել, ինչպես իրենք են ասում եւ Սահմանադրական բարեփոխումներով ինչ-որ բան փոխել մեր երկրում: Այս ապօրինի ռեժիմը փոփոխություն է կատարում Սահմանադրության մեջ, որ իր իշխանությունը հավերժացնի, ի սկզբանե, ապօրինի իշխանությունը: Սա է նաեւ պատճառը, որ կոչ ենք անում ձերբազատվել պատճառից: Ինչու է մեր երկրում հակասահմանադրական իրավիճակ, դրա պատճառը Սահմանադրությունը չէ, այլ Սահմանադրությունը ոտնահարող ռեժիմը: Այս միջոցով թույլ չենք տալիս, որ այդ նույն ռեժիմը հավերժացնի իշխանությունը»:
«Նոր Հայաստանի» իրազեկման հաջորդ ակցիան կկայանա վաղը՝ Շենգավիթում :
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ