«Մենք հպարտանում ենք իրանահայ համայնքով, արվեստագետներով, որոնք ստեղծագործում, արարում են Իրանում: Նրանք մեծ դեր են խաղում հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման գործում: Իրանահայ համայնքի ամենակարկառուն դեմքերից մեկն էլ նկարիչ Էդման Այվազյանն է»,- ասում է Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին:
Հայաստանի ազգային պատկերասրահում վաղը՝ նոյեմբերի 20-ին, կբացվի Իրանում ծնված, այժմ Լոնդոնում բնակվող Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
«Հայրենիքի գույները» խորագրով ցուցահանդեսում կներկայացվեն Էդման Այվազյանի ճարտարապետական, դիզայներական նախագծերը, ինչպես նաև վերջին 10-15 տարիներին ստեղծած բնանկարները: Ցուցադրված են լինելու նկարչի անձնական հավաքածուի 40 գրաֆիկական և 6 կալիգրաֆիական աշխատանքներ:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը նախապատրաստվել է Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համատեղ:
Կարդացեք նաև
83-ամյա նկարիչը Հայաստանում մեկ անգամ է ցուցադրվել՝ 1987 թվականին: Կազմակերպիչներն ասում են, որ նոր ցուցադրությունն ավելի ընդարձակ է, քան այն ժամանակ Նկարիչների միությունում կազմակերպվածը, որը հիմնականում ընդգրկել է հայկական թեմաներին նվիրված 1960-1980 թթ. հաստոցային և գրաֆիկական հորինվածքներ:
Նշենք, որ հայկական, արևելյան և եվրոպական մշակույթների ավանդույթները համադրող նկարիչ Էդման Այվազյանն անձամբ ներկա է լինելու ցուցահանդեսի բացմանը: Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ միայն շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին, որ իրեն հնարավորություն են ընձեռել գրեթե 30 տարի անց նորից հայրենիքում ներկայացնելու իր ստեղծագործությունները:
Հավելենք, որ Էդման Այվազյանը ձևավորել է մի շարք հայկական եկեղեցիների ինտերիերներ, հասարակական և հոգևոր կառույցներ Եվրոպայում, Միջին Արևելքում, իր ծննդավայր Իրանում: Անդրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսին, նկարազարդել է Թումանյանի երկերը, ստեղծել է դիմանկարներ, հայտնի է նաև որպես հմուտ ծովանկարիչ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ