Վաղը Հյուսթոնում մեկնարկում է ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը, որտեղ որոշվելու է, թե որ երկիրը քանի մասնակից է ունենալու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում:
Նախնական հայտերով, աշխարհի առաջնությունում գրանցվել է ռեկորդային մասնակցություն՝ 105 երկիր, 745 ծանրորդ: Սակայն կազմակերպիչները վիճակագրական ճշգրտված տվյալները պետք է ունենային միայն երեկ երեկոյան, քանի որ մինչեւ առաջնության մեկնարկը մարզիկների խստագույն դոպինգ ստուգում է իրականացվում եւ այն շարունակվելու է նաեւ ընթացքում:
Ազգային հավաքականների մեծ մասն արդեն մրցավայրում է: Ոմանք կամ ժամանում են ամբողջական կազմերով, կամ էլ նպատակահարմար են համարում մեկնել խումբ առ խումբ:
Հայաստանի երկու ընտրանիներն էլ Հյուսթոն ժամանել են նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը եւ տեղավորվել են հյուրանոցում: «Առավոտը» մշտական կապ է պահպանում մեր պատվիրակության հետ: Կազան-Մոսկվա-Ամստերդամ-Հյուսթոն մեկ օր տեւած ուղեւորությունից հետո մեր մարզիկներն արդեն հանգստացել են ու հարմարվում են նոր ժամանակային գոտուն: Նրանք երեկվանից ձեռնամուխ են եղել մարզումներին: Ներկայացնում ենք Հայաստանի ծանրորդների մասնակցության ժամանակացույցը:
Նոյեմբերի 22: Աննա Գովելյան՝ 53 կգ:
Նոյեմբերի 23: Իսաբելլա Յայլյան՝ 58 կգ եւ Վանիկ Ավետիսյան՝ 69 կգ:
Նոյեմբերի 24: Տիգրան Մարտիրոսյան եւ Անդրանիկ Կարապետյան, երկուսն էլ՝ 77 կգ:
Նոյեմբերի 26: Նազիկ Ավդալյան՝ 69 կգ:
Նոյեմբերի 27: Սոնա Պողոսյան՝ 75 կգ եւ Սիմոն Մարտիրոսյան՝ 105 կգ:
Նոյեմբերի 28: Ռուբեն Ալեքսանյան եւ Գոռ Մինասյան, երկուսն էլ՝ +105 կգ, Հռիփսիմե Խուրշուդյան՝ +75 կգ:
Նախորդ աշխարհի առաջնության արդյունքներով մեր տղամարդկանց հավաքականն ունի օլիմպիական՝ հինգ, կանանց հավաքականը՝ երկու վարկանիշ: Հյուսթոնում տղամարդկանց խնդիրը 5 տեղերը պահպանելն է, կանանցը՝ հնարավորության դեպքում 1-ով ավելացնելը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ