Դիլիջանի բնակիչ տղամարդը նոյեմբերի 17-ին Դիլիջանում ավտովթարի է ենթարկվել; Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր: Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ կենտրոն, որտեղ համակարգչային տոմոգրաֆիայի և այլ անհրաժեշտ լաբորատոր գործիքային հետազոտություններով ախտորոշվել է ստոծանու պատռվածք, ստամոքսի պրոլապս (անցում) առաջային միջնորմ, փայծաղի վնասվածք, աջ պարանեֆրալ շրջանի հեմատոմա, ներքին արյունահոսություն, կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
ԲԿ-ի հիվանդանոցում բժիշկներ Ռուբեն Սիմոնյանը,Կարեն Բեգլարյանը,անզգայացնող Սահակ Մկրտումյանը կատարել են հազվադեպ հանդիպող պաթոլոգիայով հիվանդի բարդ վիրահատություն, որը տեւել է երեքուկես ժամ: «Տավուշ» ԲԿ-ից հայտնեցին, որ կատարվել է լապարոտոմիա, ստոծանու վերքի կարում, սրտապարկի պատռվածքի կարում, ձախ պլեւրալխոռոչի դրենավորում, սպլենեկտոմիա (փայծաղի հեռացում), հետորովայնամզային տարածության և որովայնի խոռոչի դրենավորում: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի վիճակն այժմ կայուն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ