Տարեց տղամարդը այգի էր գնում զբոսնելու, մաքուր օդ շնչելու, ինչպես նաև որոշակի ժամանակ սպանելու նպատակով, այլ ոչ թե նստելու, հանգստանալու համար: Նստել, հանգստանալ իր տանն էլ կարող էր:
Բայց որոշակի տարածք քայլելուց հետո պետք էր մի փոքր դադար առնել, ապա նորից շարունակել, մեջքի և ոտքերի ցավերը խանգարում էին երկար քայլելուն: Նա արդեն մի քանի շրջան կատարել էր երկար ձգվող այգու սալահատակված ոլորապտույտ ծառուղիներով, իջել էր դեպի ներքև, ապա ետ դարձել նույն երթուղով, սակայն կատարելով որոշակի շեղումներ գլխավոր ճեմուղուց՝ դեպի ճյուղավորված ուղիները նաև, որ ճանապարհը երկար ստացվի:
Դրանից հետո նա ևս մի քանի շրջապտույտ կատարեց ծառուղիներով, պարբերաբար նաև հանգստանալով:
Վերջին շրջապտույտից հետո նա նայեց ժամացույցին, տեսավ տուն գնալու ժամանակն է մոտենում, գլխավոր ծառուղով շարունակեց քայլել, դուրս եկավ մայթային տարածություն, ապա ուղղություն վերցրեց դեպի տուն:
Կարդացեք նաև
Քայլում էր մտազբաղ, ականջակալներից հնչող երաժշտությունով տարված, երբ հանկարծ մի միտք ծագեց գլխում՝ իր մենակությունը լցնելու համար փնտրել և գտնել այն աղջկան, որին սիրել էր մի ժամանակ, բայց հիասթափվել էր ու կորցրել…
Չգիտես ինչու՞, հանկարծ այդ զավեշտական միտքը սկսեց նրան անհանգստացնել ու համառորեն դրդել՝ կես դար հետո գտնելու նրան, գուցե չթեթևացող վիշտն էր պատճառը:
Նա տուն մտավ ոգևորված իր որոշումով, նայեց հայելու մեջ, աչքով արեց իրեն, ժպտաց ու տխուր հայացքով ձեռքը թափ տվեց:
Արդեն մի տարուց ավելի էր, որ կորցրել էր սիրելի կնոջը, որի հետ համատեղ ապրել էր երկար տարիներ, իսկ վերջին տարիներին նրանք երկուսով էին ապրում, որը ավելի էր նրանց մտերմացրել ու շաղկապել, հիմա տանը մնացել էր մենակ, աշխարհի վրա ապրող յոթ միլիարդից ավելի մարդու մեջ: Միակ տղան Ամերիկա էր գաղթել ընտանիքով:
Երբ գիշերվա ուշ ժամին նա պառկեց քնելու, հազար ու մի խառնի-խուռն մտքեր ձաղկեցին, տրորեցին նրա ուղեղը, ինչպես միշտ վերջին ամիսներին: Նրա մտքին եկան նորից չարքաշ մանկությունը, դժվար պատանեկությունը, ապա` ուսանողական տարիները, հետո աշխատանք, ամուսնություն, երեխա, թոռներ, հետո՝ բազմաթիվ կորուստները…
Քունը հեռու փախավ աչքերից, նորից հագավ ականջակալները, երաժշտություն կամ որևէ հետաքրքիր ռադիոհաղորդում լսելու ակնկալիքով:
Մենակությունը խեղդում էր նրան, երբ հերթական երեկոն իջնում էր աշխարհի վրա ու ինքը ազատվելով առօրյա հոգսերից մասնակիցն էր դառնում դրսի լռությանը, ցերեկվա անհետացած աղմուկներին, մարդկային ձայներին:
Ճակատագրի բերումով, անցյալ տարում կնոջ առողջությունը կտրուկ վատացավ, վիրահատության ենթարկվեց, ավա՜ղ, մի քանի ամիս հետո վախճանվեց, ցավ ու տառապանք պարգևելով հարազատներին, իսկ իրեն թողնելով մենակ:
Տարեց տղամարդը բացարձակապես պատրաստ չէր այդպիսի շրջադարձին և հիմա տառապում էր մենակության սինդրոմով: Միայնակ ապրելն իր դժվարություններն էր առաջադրում: Նա, իհարկե, կարողանում էր իր համար կերակուր պատրաստել, լվացքի մեքենան բանեցնել, տունը մաքրել, խանութ գնալ, բայց…
Ժամերով, նույնիսկ օրերով մենակ անցկացնելը, դաժան փորձություն էր նրա համար: Իհարկե, լինում էին պահեր, որ նա այցելում էր այս կամ այն հարազատին կամ նրան էին հյուր գալիս, բայց դրանք կաթիլներ էին օվկիանոսում:
Հիմա հաճախ էր հիշում Ռոբինզոն Կրուզո երևույթին, որը մենակ ապրում էր մի անմարդաբնակ կղզում և զրկված էր ապրելու բազմաթիվ տարրական պայմաններից: Իսկ ինքը գրեթե ամեն ինչ ուներ ապրելու համար, որով ինքնաքաջալերում էր, բայց հոգեբանորեն պատրաստ չէր իր կյանքը միայնակ անցկացնելուն: Ցերեկները համեմատաբար թեթև էին անցնում, զբաղվում էր համակարգչով, պատմություններ էր հորինում, ուղարկում թերթերին, որոնք կամ տպագրում էին կամ որևէ առիթ էին գտնում մերժելու համար, երևի խուսափելով հոնորար վճարելուց: Համացանցում սիրով էին դրանք տեղադրում, քանի որ այն անվճար էր:
Գիշերներին մի քանի անգամ արթնանում էր, վեր կենում անկողնուց, լույսը վառում, նայում ժամացույցին, ապա գնում խոհանոց, մի քանի կում ջուր խմում՝ չորացած կոկորդը թրջում, ետ վերադառնում նորից պառկում անկողնում, որից հետո հագնում էր ականջակալները ու զանազան երաժշտություն կամ հաղորդում լսում, մինչև անհաղթահարելի քունը նրան տանում էր երազների աշխարհ: Շատ հաճախ արթնանում էր ականջակալները ականջին դրած:
Իսկ այսօր այդ բոլորը գրեթե մոռացած, անընդհատ մտքում որոճում էր վաղեմի երազի աղջկան գտնելու գաղափարը, որը իրենից ընդամենը վեց տարով էր փոքր ու հիմա գուցե արժանավոր տատիկ էր դարձել:
Հաջորդ օրերին տարեց տղամարդը այգու նույն նստարանին նստած, ականջակալները ականջին դրած երաժշտություն էր լսում ու մտածում, թե ինչպե՞ս գտնի իր վաղեմի սիրած աղջկան: Բայց այդպես էլ չէր գտնում խնդրի լուծման պատասխանը:
Իսկ հիմա հանկարծ ականջակալներում երաժշտությունը ընդհատվեց և լսվեց հաղորդավարի ձայնը, որը ազդարարում էր վերջին լուրերի սկիզբը: Հաղորդման միջնամասում նա հանկարծ լսեց, որ համացանցի համապատասխան կայքում արդեն դրվել են առաջիկա ընտրություններին մասնակցության իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները և բոլոր այդ քաղաքացիները, կարող են այնտեղից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն իրենց տվյալների մասին և անճշտությունների պարագայում դիմել համապատասխան կառույցին՝ սխալը ուղղելու համար:
Տարեց տղամարդը մի պահ սևեռվեց այդ հաղորդագրության վրա, մի տեսակ թեթևություն զգաց և քթի տակ ժպտալով, հասկացավ, որ այն կնոջը փնտրելու ելքը գտել է: Հիմա շտապ կգնա տուն, կմիացնի համակարգիչը, համացանցում կգտնի համապատասխան կայքում տեղադրված ընտրողների ցուցակը և այնտեղից սկզբում կստուգի իր անձի տվյալները, ապա կփնտրի այն աղջկան, որին սովորական Ֆեյսբուքում և Օդնոկլասնիկում մի երկար փնտրելով, չէր գտել, նույնիսկ որոշել էր դիմել ռուսական «Ժդի մենյա» հաղորդաշարին:
Շատ չանցած նա արդեն տանն էր և նստել էր ակտիվացած համակարգչի մոնիտորի դիմաց և այնտեղ ցուցադրված աղյուսակի համապատասխան վանդակներում լրացնում էր իր երբեմնի ծանոթ աղջկա անուն-ազգանունը: Երբ սեղմեց մկնիկի ձախ կոճակը «Փնտրել» գրությունով վանդակի վրա, սիրտը արագ բաբախեց:
Շուտով «Փնտրել» գրությունով տողից ներքև հայտնվեցին երկու տասնյակից ավելի կանանց նույն անուն-ազգանունները, սակայն տարբեր հայրանուններով, ծննդյան թվերով ու հասցեներով: Իսկ ինքը, դժբախտաբար, անցած տարիների հեռվից չէր հիշում փնտրվողի հայրանունը, չգիտեր նաև նրա ամուսնական հասցեն:
Նույն անուն-ազգանուններով կանանցից միայն մեկն էր մոտավոր տվյալներով համապատասխանում իր ծանոթ աղջկա տվյալներին, որտեղ սակայն ծննդյան տարեթիվը տարբերվում էր իր իմացածից (մեկ տարով ավելի երիտասարդ): Սակայն մի բան ևս նրա մոտ որոշակի կասկածներ առաջացրեց այն բանից հետո, երբ նա դիտարկեց նաև այդ կնոջ ընտանիքի անդամների ցուցակը, որտեղ նաև մեկ անձ էր նշված՝ այն էլ մոր ազգանունով, որը փոքր էր նրանից քսաներեք տարով:
Իսկ ո՞վ կարող է լինել նա, մտածմունքների մեջ ընկավ տարեց տղամարդը: Ինքը այն ժամանակ լսել էր, որ այդ աղջիկը առաջին ամուսնուց բաժանվել էր և երկրորդ անգամ ամուսնացել, սակայն զրկվել էր երեխա ունենալու երջանկությունից: Իսկ հիմա նրա ընտանիքի կազմում նշվում է իրեն անհայտ հայրանունով մի տղամարդ, այն էլ՝ մայրական ազգանունով: Գուցե որդեգրե՞լ է կամ եղբոր տղան է, անցավ տարեց տղամարդու մտքով: Հանկարծ նա հիշեց, որ շատ վաղուց նրան տեսել էր մետրոյի գնացքում, բայց փոքրիկ աղջնակի հետ և ենթադրել, որ նա որդեգրված է:
Տարեց տղամարդը, իհարկե, մի քիչ ընկճվեց, որ արդեն երկու տվյալներ չեն համապատասխանում իր իմացած կնոջ իսկությանը: Մտազբաղ տեղից վեր կացավ, քայլեց սենյակի երկարությամբ մի քանի անգամ, սակայն որոշեց՝ թեկուզ հենց վաղը անպայման գնալ այդ հասցեով, գտնել այն աղջկան, որին կորցրել էր գրեթե կես դար առաջ:
Օրերը դանդաղ անցնում էին, իսկ նա գնում էր մետրոյի իր նախընտրած կայարան, ժետոն վերցնում, ներս մտնում ու երբ գալիս էր հերթական գնացքը, նստում էր ազատ տեղերից մեկում, ականջակալները հարմարեցնում ականջներին, երաժշտություն լսում ու դիտարկում շրջապատի ուղևորներին այն հույսով, թե մի օր կհանդիպի նրան, ախր լավ հիշում է, որ մի անգամ նրան տեսել է մետրոյի վագոնում, բայց չի մոտեցել, չի բարևել, իսկ նա էլ երևի չտեսնելու է տվել: Թե ե՞րբ ինքը կգնա ու կհանդիպի նրան, դեռևս տատանվում է, դեռ իր մեջ քաջություն չի գտնում և թողնում է այն հաջորդ օրվան: Գուցե այդպես ավելի լավ է: Ասում են հույսը վերջինն է մահանում: Նա վախենում էր այն մտքից, որ հանկարծ իր գտածը այն կինը չլինի, որին փնտրում է և ինքը հուսախաբ լինելով, կկորցնի իր հորինած երազը:
Հետո տարեց տղամարդը երևի մրսեց, թեթևակի հիվանդացավ ու մի շաբաթ մետրոյի կայարան չէր գնում: Սակայն այդ օրը, երբ նա պատրաստվում էր կարճատև դադարից հետո մետրոյի իր նախընտրած կայարանը գնալ, ներքին ձայնը նրան հրամայեց, որ ինքը պետք է ոչ թե լոկ թրև գա մետրոյի կայարաններով, այլ գնա անպայման իր հայտնաբերած հասցեով և գտնի իր վաղեմի ընկերուհուն:
Եվ այդպես էլ արեց: Հավաքելով իր ողջ համարձակությունը, գեղեցիկ ու ճաշակով հագնվեց, ինչպես երիտասարդ ժամանակ կուզենար, բայց հնարավորություն չուներ, տանից դուրս եկավ, գնաց տրանսպորտի մոտակա կանգառը, նստեց համապատասխան ավտոբուսը, որը տանում էր մետրոյի մոտակա կայարան:
Նա երկար ճանապարհը հաղթահարելուց հետո՝ հասավ մետրոյի վերջին կայարան, դուրս եկավ հրապարակ, ապա սկսեց որոնել այն փողոցը և հասցեն, որը գրել էր իր ծոցատետրում՝ օգտվելով համացանցի ծառայությունից, նույնիսկ քաղաքի քարտեզի վրա գտել էր բնակարանի մոտավոր տեղը: Նա դանդաղորեն քայլեց հասցեում նշված գլխավոր փողոցով, գտավ նշված նրբանցքը, ապա մի հարկանի սեփական տունը և փորձեց բակ մտնել, բայց փողոցում կանգնած երկու զրուցակից տղամարդիկ, դիմեցին նրան, երբ նա փորձում էր դարպասի դռնից ներս մտնել:
-Ու՞մ եք փնտրում, պապիկ,-հարցրեց նրանցից մեկը:
-Տանտիրուհուն,-ասաց նա՝ գրպանից հանելով և ցույց տալով նրա անուն-ազգանունը:
-Այստեղ այդպիսի տիկին չի ապրում, գուցե դուք սխալվե՞լ եք: Ավելի լավ է, դիմեք այն սպիտակ մազերով մարդուն, որը կանգնած է այն խմբի հետ, կարծեմ մի ժամանակ համատիրությունում է աշխատել, նա հաստատ կիմանա,-խորհուրդ տվեց տղամարդը:
Տարեց տղամարդը շնորհակալություն հայտնեց և արագ քայլերով ետ վերադարձավ իր անցած ճանապարհով, հասավ մատնացույց արած խմբին, ընդհանուրին բարևեց, ապա դիմեց սպիտակ մազերով տղամարդուն.
-Ես դժվարանում եմ պատասխանել Ձեր հարցին, բայց խորհուրդ կտամ դիմեք համատիրությանը, որը գտնվում է ա՛յ, այն շենքի կողքի փոքրիկ շինությունում, դպրոցի կողմից է մուտքը, այնտեղ Ձեզ ավելի ճիշտ խորհուրդ կտան,-եզրափակեց սպիտակ մազերով տղամարդը:
Տարեց տղամարդը շնորհակալություն հայտնեց հարգալից պատասխանի և խորհրդի համար և քայլերն ուղղեց դեպի մատնացույց արված շինությունը:
Տարեց տղամարդը տեղ հասնելով, մտավ բակ, ապա մոտենալով միհարկանի փոքրիկ շինությանը, թակեց երկաթյա դուռը, բայց առանց սպասելու ներսի պատասխանին, բացեց այն և տեսավ այնտեղ նստած մի տարեց տղամարդու և մի երիտասարդ կնոջ: Հարգալից բարևեց, ապա շարադրեց իր այցի նպատակը:
-Ինչի՞դ է պետք այդ տարեց կինը,-կատակեց կառավարիչը, փորձելով թաքցնել ձախ ձեռքի անկանոն, հիվանդագին շարժումը, ավելի ջահելները կան մեր համատիրությունում….
-Դե’, գիտեք,-կմկմաց տարեցը,-նա իմ բարեկամուհին է, որին երկար տարիներ չեմ տեսել, միշտ փորձում էի գտնել, բայց չգիտեի, թե ո՞նց,-ստեց տարեցը:
-Ես անձամբ ճանաչում եմ Ձեր փնտրած կնոջը, բայց նա իր ամուսնու ազգանունով է գրվում, ոչ թե աղջկական, ինչպես նշեցիք դուք, ունի երկու տղա, ոչ թե մեկ, որից մեծը առանձին է ապրում, այդ կինը մանկավարժ է և ոչ թե ճարտարագետ, ինչպես դուք եք ասում, նախկինում աշխատում էր մեր մոտակա դպրոցում, այլ ոչ թե գործարանում, իսկ հիմա էլ թոշակի է անցել և տոնավաճառում առևտրով է զբաղված, ամուսինն էլ իմ ընկերն է եղել:
Համատիրության կառավարիչը նույնիսկ փորձեց զանգահարել հարգարժան տիկնոջը, բայց ասաց, որ նրա բջջայինը չի պատասխանում: Չգիտեմ, գուցե փոշմանեց կամ իրականում էլ հեռախոսը չմիացավ:
Տարեց տղամարդը բաղդադելով իր իմացած տվյալները՝ համատիրության կառավարչի հնչեցրած տվյալների հետ, համոզվեց, որ իր իմացած անձը և ներկայացվողը միանգամայն տարբեր քաղաքացիներ են, ներողություն խնդրեց կառավարչին և ցտեսություն ասելով պատրաստվեց դուրս գալ այդ նեղլիկ շինությունից:
-Բոլոր դեպքերում, համոզվելու համար, ճանապարհին կարող եք մտնել տոնավաճառ և հանդիպել նրան, եթե ցանկանում եք,-մաղթեց կառավարիչը՝ քթի տակ ժպտալով:
«Գնամ, ցուցակի համանման անուն-ազգանուններով մյուս քաղաքացիների տվյալները նորից ուսումնասիրեմ,-ինքն իրեն մխիթարեց տարեցը,-գուցե ճիշտ ընտրություն չեմ կատարել»,- և շտապեց մետրոյի կայարան:
Իջնելով աստիճաններով, դուրս եկավ ընդարձակ սպասասրահ, նստեց նստարանի ազատ տեղում և սպասեց հերթական գնացքի ժամանմանը:
Իհարկե, նա սկզբից էլ կասկածանքով էր մոտենում այս որոնումին, հաշվի առնելով որոշակի անհամատեղելիությունները: Սակայն որոշեց, որ տուն հասնելուն պես անպայման կմիացնի համակարգիչը և կրկին կուսումնասիրի այն կանանց ցուցակը, որտեղից ընտրել էր նույն անուն-ազգանունով կնոջ հասցեն, որը, ավաղ, սխալ դուրս եկավ, գուցե մի նոր հասցե գտնի և գնա որոնելու ու անպայման գտնի այն կնոջը, բայց ինքն էլ դեռ չգիտի, թե ի՞նչ պիտի ասի նրան: Իսկ եթե այդ կինը նույնպես հեռացել է այս աշխարհից…
Ուրեմն, ճակատագիրը այդպես է որոշել տնօրինելու իր կյանքի հետագա ընթացքը, ողջու՜յն, միայնություն:
ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ