ԱԺ-ում քննարկվեց ՕԵԿ պատգամավորների նախագիծը՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Հիմնական զեկուցող Հովհաննես Մարգարյանը նշեց, որ նախագծով առաջարկում են, որ արտադրողները սպառողներին առավել մանրամասն տեղեկություններ տրամադրեն, մակնշվի սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող հավելանյութերի ցանկը. «Հաճախ ականատես ենք լինում, որ խանութներում սննդամթերք է վաճառվում, նշված է, որ սննդային հավելումներ են օգտագործում, բայց չկա ցանկ, թե կոնկրետ ինչ հավելումների մասին է խոսքը: Հատկապես խոսքը վերաբերում է երշիկեղենին: Նրբերշիկի հետ կապված տեսանք, որ բազմաթիվ են աղիքային թունավորումները: Պետք է հստակ մակնշում լինի: Հաջորդ առաջարկն այն է, որ կաթի եւ կաթնամթերքի արտադրության դեպքում մակնշում լինի պարենային հումքի օգտագործման մասին, երբ կարագ, կաթ են առնում, մարդու համար պարզ լինի՝ ինչ հումքից է արտադրված՝ բնակա՞ն կաթից է, թե՞ կաթի փոշուց: Թե չէ գովազդներից մտածում են, որ անարատ կաթից է, հետո պարզվում է՝ վերամշակված կաթից է»:
Նախագծի համահեղինակ Հեղինե Բիշարյանն ասաց, որ օրինակ, ալերգիկ հիվանդների համար կաթի փոշին կարող է վտանգավոր լինել, մարդը պետք է իմանա ինչ է գնում: Հետեւաբար այս օրենքի նախագիծը խիստ անհրաժեշտ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ