Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանում նախօրոք տեղեկանում են, որ ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնում, դրա համար չեն կրակում

Նոյեմբեր 19,2015 17:32

Արդեն օրինաչափություն է դարձել այն, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրություններում շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ տարբեր պատկեր է ներկայացվում: Օրինակ` ԼՂՀ ԱԳՆ-ի` այսօր տարածած հաղորդագրության մեջ, որը վերաբերում է ԵԱՀԿ դիտարկմանը, գրված է. «Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր»:

Մինչդեռ նույն օրվա` ԼՂՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության  մեջ խոսվում է հրադադարի ռեժիմի խախտման տասնյակ անգամների մասին. «Նոյեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց»:

david-babayan

Aravot.am-ը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց` այս հակասություններն ինչի՞ արդյունք են, մի՞թե ադրբեջանական կողմը նախապես տեղեկանում է, որ մշտադիտարկում է իրականացվելու և սկսում է չկրակե՞լ, պարոն Բաբայանը պատասխանեց. «Մշտադիտարկումը մի մեխանիզմ է, որը դրված է Մինսկի խմբի համանախագահության կողմից` որպես խաղաղ գործընթացի մի մաս և հրադադարի ռեժիմի պաշտպանման կարևոր մեխանիզմներից մեկը: Այն ունի որոշ յուրահատկություններ: Երբ կատարվում է այդ դիտարկումը սահմանի այս կամ այն հատվածում, նախօրոք բոլոր կողմերն էլ տեղյակ են լինում օրվա, ժամի, վայրի մասին: Բնական է` այդ պահերին հակառակորդը հիմնականում խախտումներ չի անում: Չնայած եղել են դեպքեր, երբ կրակել են նաև համանախագահների, դիտորդների վրա, նույնիսկ մարդ է վիրավորվել: Բայց հիմնականում դիտարկման պահին, որը ընդհանուր առմամբ տևում է մոտ կես ժամ, կարող է որևէ խախտում չլինել, այնուհետև հակառակորդը սկսում է իր խախտումները»:

Մեր հարցին` հետևաբար ինչպե՞ս խոսել դիտարկման օբյեկտիվ պատկերի մասին, պարոն Բաբայանը պատասխանեց. «Սա էլ է օբյեկտիվ տվյալ պահին, բայց ընդհանուր առմամբ մենք ասում ենք, որ անհրաժեշտ է այդ մեխանիզմներն ավելի զարգացնել, խորացնել ու ընդլայնել, որ լինի այնպիսի դիտարկում, որն ավելի երկար ժամանակով լինի, լինեն սարքեր, որոնք թույլ կտան ֆիքսել խախտումները, այս ամենը դժբախտաբար ադրբեջանական կողմը մերժում է, տորպեդացնում ու տապալում է նման ցանկացած մոտեցում»:

Մեր այն հիշեցմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն էլ օրեր առաջ հայտարարեց,  որ շփման գծում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ իրականացնելու վերաբերյալ` համանախագահների առաջարկը Ադրբեջանը չի ընդունել, ուստի ինչպե՞ս կգնահատի հակառակորդ երկրի նման մոտեցումը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նման պահվածքով Ադրբեջանը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հանցագործ ահաբեկիչ պետություն է: Այն, ինչ ինքն անում է, ահաբեկչություն է: Ադրբեջանը իսլամական պետության այդ գրոհայիններից որևէ բանով չի տարբերվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30