Վերջին օրերին հանրապետության տարբեր տարածքներում դիտված ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել նաև Բյուրականի աստղադիտարանին (շենքերի տանիքներն են քանդվել, բակում գտնվող ծառերի մի մասն է տապալվել և այլն):
«Քանի որ առջևում ձմեռ է, մենք պետք է հնարավորինս արագ իրականացնենք վերանորոգման աշխատանքները, որպեսզի մեր վնասները չբազմապատկվեն: Իհարկե, այդ ամենը բավականին ծախսատար է, բայց ինձ համար ամենացավալին Աստղադիտարանի այգու վիճակն է. 50-60 տարվա ծառերը տապալվել են: Հիմա Բնապահպանության նախարարության հետ բանակցություններ ենք վարում, որ տեսնենք՝ դրանց գոնե մի մասը հնարավո՞ր է փրկել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Բնության հասցրած վնասները չհաշված՝ անցնող տարին Աստղադիտարանի համար, ընդհանուր առմամբ, լի է եղել տարբեր ձեռքբերումներով: Հայկ Հարությունյանը նշեց դրանցից մի քանիսի մասին. «Վերականգնվել, վերազինվել է գիտական կենտրոնը և Միջազգային աստղագիտական միության որոշմամբ դարձել տարածաշրջանային կենտրոն: Այս տարի շահագործվել են նաև երկու մեծ դիտակները (1 և 2.6 մետրանոց): 90-ականների սկզբից չաշխատող 1 մետրանոց դիտակի վերականգնման աշխատանքները սկսվել էին 2006 թվականից, և այս տարի մենք կարողացանք այդ դիտակի միջոցով ստանալ գիտական պատկեր: Իսկ 2,6 մետրանոց դիտակն աշխատել է ընդմիջումներով և թույլ հզորությամբ: Նախորդ տարվանից սկսված վերականգնողական աշխատանքների շնորհիվ այս տարի արդեն դրանով կատարվում են դիտումներ: Աստղադիտարանն իր միջոցներով նաև ձեռք է բերել լուսընդունիչ սարք, որը, տեղադրելով մեծ դիտակի վրա, հնարավորություն կունենանք դիտումներ կատարել ժամանակակից մեթոդներով»:
Ի դեպ, հաջորդ տարին Աստղադիտարանի համար հոբելյանական է: Լրանում է նրա հիմնադրման 70-ամյակը: Եվ որոշակի ծրագրեր ու միջոցառումներ կիրականացվեն նաև այդ առթիվ:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ