Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսված է, որ Քաշաթաղում մոտ 15000 հա աշնանացան կատարվի

Նոյեմբեր 19,2015 17:03

Նոյեմբերի 18-ի դրությամբ Քաշաթաղի շրջանում իրականցվել է 10035հա հերկ, որից 1090-ը՝ պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) հողատարածքներում, մնացածը՝ հարավային թևի 31 համայնքների ենթակայության տակ գտնվող վարելահողերում: Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ կատարվել է 6040 հա ցանքս, որից 640-ը ՊՊֆ տարածքներում: Ցանվել է 4026 հա ցորեն (325հա՝ ՊՊՖ-ում) և 2015հա գարի (215հա՝ ՊՊՖ-ում): Ամենաշատ հերկ՝ 1000 հա կատարվել է Կովսականի քաղաքային համայնքի հողատարածքներում: Այստեղ արդեն կատարվել է 735 հա ցանքս, որից ցորեն՝ 635հա, գարի՝ 100հա:

Վերջերս Կովսականի քաղաքային համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի հետ բարձրացանք մոտակա սարահարթը, որտեղ կատարվում է աշնանացան: Կովսական-Վանատուր ճանապարհի մոտ մեխանիզատոր Զոհրաբ Մարգարյանն իր «Կիրովեց» տրակտորով գարու ցանքս էր կատարում: Միանգամից 3 աշխատանք էր կատարվում. հարթեցվում էր նախօրոք հերկված արտը, սերմը պահ տրվում հողին և վերջում զիգզագով ամրացվում: Երիտասարդ մեխանիզատորն այդ օրը կատարել էր մոտ 12հա ցանքս՝ 3 համաքաղաքացիների համար: Վերջին օրերին եղանակը բարենպաստ էր դարձել, խոնավությունը համապատասխանում էր ցանքս կատարելուն:

Հողի մշակները շտապում էին օր առաջ և ժամանակին ավարտել աշնանացանը: Կարճ է տևում մեր զրույցը: Աշնանային օրը կարճ է, իսկ անելիք դեռ շատ կային: Հերկի առումով երկրորդ տեղում՝ 800 հեկտարով, Իշխանաձորի գյուղական համայնքն է, որի վարելահողերը հիմնականում գտնվում են Թովմասարի տարածքում: Կատարված հերկի վրա ցանվել է 200 հա ցորեն և 500 հա գարի:

Արծվաշենի գյուղական համայնքի՝ դարձյալ Թովմասարի տարածքում գտնվող վարելահողերից հերկվել է 700հա, որն ամբողջովին ցանվել է՝ ցորեն՝ 200հա, գարի՝ 500: Հակարիի աջափնյա սարալանջերում, Աղավնոյի գյուղական համայնի վարելահողերում, կատարվել է 300հա հերկ, որի կեսը հատկացվել է ցորենի, կեսը՝ գարու աշնանացանի համար:

Qashatax_11 Qashatax_12

Այս տարածքներում ամենաշատ տարածք՝ 550հա, հերկվել է Ծաղկաբերդի գյուղական համայնքում: Կատարվել է 400հա աշնանացան, որից ցորեն՝ 300հա, գարի՝ 100հա: Ծաղկաբերդի հարևան Ձորափի վարելահողերում կատարված հերկի 500հա տարածքը նույնպես ամբողջությամբ ցանվել է. ցորեն՝ 300հա, գարի՝ 200հա: Արաքսամերձ Միջնավանի քաղաքային համայնքի վարելահողերում հերկվել է 500հա տարածք, սակայն ցանքս առայժմ չի կատարվել: Իսկ Որոտանի ավազանի Որոտան քաղաքային համայնքում 450հա հերկի վրա կատարվել է 180հա ցորենի և 20հա գարու ցանքս: Հարևան Հայկազյանի գյուղական համայնքում 600հա հերկից 300հա-ն օգտագործվել է ցորենի, իսկ 150-ը գարու ցանքսի համար: Հակարիի ստորին աջափնյա տարածքների՝ Երիցվանքի գյուղական համայնքին պատկանող վարելահողերում կատարվել է 620հա հերկ: Ցանվել է ընդամենը 370հա ցորեն: Շրջանի միջին գոտում գտնվող Աղավնատուն համայնքը, որը բաղկացած է 3 գյուղերից՝ Աղավնատուն, Հարար և Խաչգետիկ, գտնվում է Հակարիի ձախակողմյան սարալանջերում: Այստեղ հերկվել է 30հա, որն ամբողջությամբ օգտագործվել է ցորենի ցանքսի համար:

Հարավային թևում առայժմ հերկ չի կատարվել Փակահանի գյուղական համայնում: Իսկ հյուսիսային թևում, բացի Աղավնոյից, հացահատիկի ցանքս կատարում են նաև Մոշաթաղի, Հակի և Լեռնահովիտի տարածքներում, սակայն այս մասում հիմնականում գարնանացան է կատարվում:

Շրջվարչակազմի գյուղվարչության պետի Լ. Սիմոնյանի տեղեկությամբ՝ շրջանի արտերում աշխատում է 60-ից ավելի տրակտոր, որոնց մի մասը բերվել է հարևան Սյունիքի մարզից:

Եղանակային պայմաններից ելնելով՝ ցանքսը նոյեմբերի 18- դրությամբ դադարել է: Բայց հուսանք՝ շուտով կստեղծվեն պայմաններ, որ, ինչպես նախատեսված է, շրջանում մոտ 15000հա աշնանացան կատարվի:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30