Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ է այն հասարակությունը, որի բոլոր անդամները հավասար են

Նոյեմբեր 19,2015 16:48

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2014 թվականին հաշմանդամություն ունեցողների թիվը կազմել է 198 հազար 619: Նրանք մարդիկ են, ովքեր նույնպես ցանկանում են լինել հասարակության լիարժեք անդամներ՝ հավասար իրավունքներով ու պարտականություններով: Հաշմանդամություն ունեցողների հիմնախնդիրների վերաբերյալ «Առավոտը» զրուցել է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» սոցիալական ծրագրերի համակարգող Սյուզաննա Պետրոսյանի հետ, որը մասնագիտական վերապատրաստման հատուկ ծրագրով մեկնել էր ԱՄՆ, որտեղ կայացել էր «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» օրենքի 25-րդ տարելիցը և, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի կառավարության կողմից: Մասնակից երկրներն էին՝ Հայաստանը, Ղրղըզստանը, Շրի Լանկան, Նիկարագուան, Արգենտինան:

-Տիկին Պետրոսյան, ո՞րն էր ծրագրի նպատակը և ի՞նչ արժեքավոր միջոցառումներ անցկացվեցին:

-Ծրագրի հիմնական նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ԱՄՆ-ում քաղաքացիական հասարակության զարգացման գործում մեծ դեր ունեցող «Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին» օրենքին և ներկայումս նրա կիրառման մեխանիզմներին, ինչպես նաև խրախուսել մասնակիցներին, ձեռք բերված գիտելիքներով նպաստել սեփական երկրում, մեր պարագայում՝ Հայաստանում ներառման գործընթացի զարգացմանը:

Ամենաարժեքավորը՝ հաշմանդամություն ունեցողների իրավունքների մասին օրենքի ծանոթացումն էր և հանդիպումն այն մարդկանց հետ, ովքեր ներդնելով մի ամբողջ կյանք՝ պայքարել են և նույնիսկ հասնելով մեծ արդյունքի, դեռ շարունակում են աշխատել, որպեսզի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ կարողանա ապրել լիարժեք և արժանապատիվ կյանքով՝ վստահաբար իրացնելով իր իրավունքները:

Այդ օրենքը նշանակալի է ոչ միայն ծավալով, այլ նաև պատմությունով: Տարիներ շարունակ հաշմանդամություն ունեցող մարդիկ հանդիպելով բազում խոչընդոտների և խտրականությունների, որոշեցին այլևս չհանդուրժել և պայքարել իրենց իրավունքների համար: Արդյունքում ձևավորվեց մեծամասշտաբ շարժում, որը ստիպեց հանրությանը և պետական գործիչներին նկատել հաշմանդամություն ունեցողների հանդեպ իրականացվող անարդարություններն ու վերանայել դարավոր պատմությունից եկած «Աչքից հեռու, մտքից հեռու» կարծրատիպը: Այդ օրենքի պատմությունը, ահավասիկ, ցույց է տալիս, որ իրավունքների համար պայքարը պետք է լինի համախմբված և ակտիվ: Միայն այդպես կարելի է հասնել հաջողության:

Syuzanna_2

-Տիկին Պետրոսյան, ի՞նչ զուգահեռներ կանցկացնեիք Հայաստանի և ԱՄՆ-ի հաշմանդամություն ունեցողների իրավունքների միջև և արդյոք հնարավո՞ր է Ձեր կողմից նշված միջոցառումը կիրառել նաև մեր երկրում՝ հայ հաշմանդամություն ունեցողներին արժանապատիվ կյանքով ապահովելու համար:

– Հայաստանն այն պետություններից է, որն ընդունել և վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը և ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ից, սակայն Հայաստանում հաշմանդամների իրավունքները կարգավորող օրենսդրությունը լի է հակասություններով և բացերով: Իրականում մենք ունենք բավական լավ օրենքներ, սակայն դրանք պրակտիկայում այնքան էլ կիրառելի չեն, հասարակության մեծ մասի համար օրենքները դեռևս հասանելի և մատչելի չեն:

Այսօր հաշմանդամություն ունեցող անձինք, ցավոք, մեր հասարակության առավել խոցելի խմբերից մեկն են համարվում։ Օրենքների արդյունավետ կիրառման գործում միջանկյալ կառույցների դերն է անհրաժեշտ: ԱՄՆ-ում հաշմանդամություն ունեցողների հարցերով քաղաքապետարանների գրասենյակներն աշխատում են բացառապես հասարակության համար՝ ստեղծվելով և ֆինանսավորվելով կառավարության կողմից, վերահսկում են օրենքի իրականացումն ու քաղաքում իրականացվող ծառայությունների և միջոցառումների հասանելիությունը բոլոր մարդկանց համար, ինչպես նաև իրազեկելով և կրթելով հաշմանդամություն ունեցողներին, օգնում են իրացնել իրենց իրավունքները: Սա կարևոր հանգամանք է, որը պետք է կիրառել նաև մեր երկրում:

Ավելին, ամբողջ ծրագրի ընթացքում, տարբեր հարթություններում, առնչվեցինք «Հաշմանդամների իրավունքը քաղաքացիական իրավունք է» հայեցակարգի հետ, որը ենթադրում է հավասար հնարավորությունների ապահովում և համապատասխան միջավայրի ստեղծում բոլոր մարդկանց համար, որպեսզի հասարակության յուրաքանչյուր անդամ հավասար պայմաններում կարողանա ապրել, սովորել, հասարակական վայրեր հաճախել , աշխատել, հարկեր վճարել և դրանով իսկ իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում:

Իհարկե, ներառման գործում չենք կարող չկարևորել կրթության դերը:ԱՄՆ-ի կրթության նախարարության քաղաքականությունն է վաղ մանկությունից ներառել նախադպրոցական ծրագրերում, այդուհետև շարունակել դպրոցում, աշխատավայրում, հասարակության լայն շրջանակներում, որը ևս տոլեռանտ վերաբերմունք է ձևավորում մարդկանց մեջ:

-Տիկին Պետրոսյան, արդյոք բավակա՞ն է միայն օրենքի հստակությունը, որպեսզի Հայաստանում հաշմանդամություն ունեցողները դառնան հասարակության լիիրավ անդամներ:

–Պետք է խրախուսել մարդկանց փոխել կարծրատիպը հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ, քանի որ այդ մարդիկ կարող են դուրս գալ իրենց հնարավորությունների սահմաններից և դառնալ արդյունավետ քաղաքացիներ:

Շատ կարևոր է նաև շեշտը դնել կրթության վրա, ծնողների իրազեկման, սեփական իրավունքները պաշտպանելու կարողության վրա: Եթե մենք ցանկանում ենք ստեղծել քաղաքացիական հասարակություն, ապա պետք է բարեգործական հայեցակարգից անցում կատարենք դեպի մարդու իրավունքներ: Չէ՞ որ ուժեղ է այն հասարակությունը, որի բոլոր անդամները հավասար են և ներառված:

Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30