Չնայած այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին եւ կառավարության մյուս անդամներին հրահանգել էր զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներից չխուսափել, ակտիվորեն շփվել նրանց հետ եւ կառավարության շենքի հետնամուտքով դուրս չգալ, այլ՝ գլխավոր մուտքով, որտեղ մշտապես լրագրողները սպասում են նրանց, այնուամենայնիվ, որոշ նախարարներ խուսափեցին հանդիպել լրագրողներին:
Այսօր կառավարության նիստից հետո քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ու արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության նիստից հետո կրկին հետնամուտքից դուրս եկան:
Նիստից հետո գլխավոր մուտքով այսօր դուրս եկան հիմնականում այն նախարարները, որոնք միշտ էլ նույն ճանապարհով են մտել-դուրս եկել, այս անգամ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, ի զարմանս լրագրողների, գլխավոր մուտքով դուրս եկավ:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ այս անգամ գլխավոր մուտքով դուրս եկավ. Նա լրագրողներին ասաց, որ հետնամուտքով դուրս գալը հարմար է, ճանապարհն ավելի կարճ է նախարարություն հասնելու: Իսկ իրականում գլխավոր մուտքից էլ ճանապարհը կարճ է, տարբերությունն ընդամենը մի քանի քայլ է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարեց, որ կառավարությունը որդեգրել է թափանցիկ գործելաոճ եւ կառավարության անդամներին հրահանգեց իրենց կատարած աշխատանքներն ու անելիքները ազնվորեն եւ պարբերաբար ներկայացնել ԶԼՄ-ներին:
Ի դեպ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր նույնկերպ վարվում, նույնպես հայտարարում էր թափանցիկ աշխատելաոճի մասին եւ նախարարներին հրահանգում էր հաշվետվություններ ներկայացնել լրագրողներին իրենց կատարած աշխատանքների մասին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ