Այսօր բոլոր երկրների կառավարությունները գտնվում են ոչ նախանձելի վիճակում: Առիթներ շատ կան քննադատելու եւ պահանջելու, կյանքն է այդպես թելադրում: Բայց այսօր ժողովուրդը կառավարություններից ավելի մեծ պահանջներ է ունենում, որովհետեւ մեծանում է ցանկությունը լավ ապրելու:
ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկումներից հետո իր ամփոփիչ ելույթում ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նա անդրադարձավ կառավարության հասցեին այս օրերին ԱԺ ամբիոնից հնչող քննադատություններին. «Հայտարարվում է, որ մասսայական ՓՄՁ-ները փակվում են: Նախ, պաշտոնական վիճակագրությամբ 2015-ի նոյեմբերի 1-ի դրությամբ հարկային մարմնում հաշվառված շրջանառության հարկ վճարող ՓՄՁ-ների թիվը կազմում է 67 հազար 830՝ 2014-ի 58 հազար 163 սուբյեկտի դիմաց, այսինքն, ունենք ոչ թե նվազում, այլ շուրջ 16 տոկոսի աճ: Իհարկե, ձեռնարկություններ կան, որ փակվում են: Իսկ թե ինչի են փակվում, որովհետեւ կառավարությունը գնաց աննախադեպ քայլի՝ շուրջ 2 անգամ, բարձրացնելով շրջանառության հարկի շեմը, որպեսզի ՓՄՁ-ները գործեն առավել բարենպաստ դաշտում:
Գագիկ Խաչատրյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ պադավատապետության մասին. «Փորձ է արվում համեմատել մի երկրի հետ, որը ինչպես ծառայողական ավտոմեքենաների թվաքանակի կրճատմամբ, այնպես էլ մեքենաների շահագործումը չխրախուսելու գործիքակազմով ձգտում է ամբողջ Եվրոպային ի ցույց դնել, որ այդպիսով կարելի է պայքարել բնապահպանական խնդիրների դեմ»:
Կարդացեք նաև
Ըստ Գագիկ Խաչատրյանի, Դանիան ոչ թե դրանով պետբյուջեի ծախսերն է տնտեսում, այլ բնապահպանական խնդիր է լուծում, քանի որ ծառայողական ավտոմեքենաների փոքր թվաքանակը դեռեւս չի նշանակում ծախսերի տնտեսում: Նա ասաց, որ Դանիայում մինչեւ 24 կմ հեռավորության վրա ապրող պատգամավորների ծախսը փոխհատուցում են, իսկ դրանից հեռու բնակվողների համար գործում է փոխհատուցման այլ եղանակներ»:
Նախարարը նաեւ ասաց, որ ծառայողական ավտոմեքենաներ տալով՝ պետական պաշտոնյաների համար սոցիալական խնդիր են լուծում, քանի որ նրանց աշխատավարձով հնարավոր չէ սոցիալական շատ խնդիրներ լուծել, իսկ աշխատանքի պայմանները անհամադրելի են Դանիայի հետ. «Դանիայում, ի դեպ, այսպիսի խնդիրներ չկան, 1 ժամվա աշխատանքի համար նվազագույն աշխատավարձը հավասար է 20 դոլարի, իսկ մեր երկրում ՝ 330 դրամ, միջին ամսական աշխատավարձը Դանիայում 3400 դոլար է, մեր երկրում՝ 330 դոլար»:
Գագիկ Խաչատրյանը նաեւ համեմատեց Վրաստանի հետ. «Վրաստանում 2 տարվա ընթացքում ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման վրա 5 մլն դոլար են ծախսել: Ու Վրաստանում ծառայողական մեքենաներ ունեն ինչպես նախարարները, նրանց տեղակալները, այնպես էլ վարչության պետերը»:
Գագիկ Խաչատրյանը նշեց, որ կարեւորն այն է, որ մեր կառավարությունն ընդունում է, որ պետք է անօգուտ ծախսերը կրճատել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ