Լրահոս
Օրվա լրահոսը

2015-ին անչափահասների հանդեպ ոտնձգությունների 154 դեպք է գրանցվել

Նոյեմբեր 19,2015 15:51

Նոյեմբերի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցով «Երեխաների հանդեպ բռնությունների կանխարգելման համաշխարհային օրվա թեմայով քննարկում, ներկայացվեց իրավիճակը Հայաստանում:

«ՍՕՍ» մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամի ընտանիքների ամրապնդման ծրագրի ղեկավար Սյուզան Բադեյանը խոսեց, թե ինչպիսի աջակցություն են տրամադրում բռնության ենթարկված երեխաներին: Նա փաստեց, որ բռնության դեպքերը հիմնականում համակցված են հանդես գալիս: «Մենք բոլորս համարում ենք, որ երեխայի համար ամենաանվտանգ տեղը ընտանիքն է, ընտանի՛քն է երեխայի ապահովության երաշխիքը, բայց ցավոք սրտի քիչ չեն դեպքերը, երբ հենց ընտանիքի անդամներն են բռնություն գործում»,- ասաց տիկին Բադեյանը: Նա տարակուսանք հայտնեց, որ սեռական ու ֆիզիկական բռնությունն ավելի շատ ուշադրության են արժանանում հանրության կողմից, մինչդեռ հուզական բռնությունն անտեսված է:

«Ընտանիք և համայնք» ՀԿ-ի ղեկավար Քնարիկ Գարանֆիլյանը շեշտում է՝ Երեխայի իրավունքի կոնվենցիան ստորագրել ենք, բայց նրա 32 հոդվածների կոնկրետ թարգմանությունը չենք ներմուծել յուրաքանչյուրի աշխատանքի նկարագրության մեջ, դրա համար էլ երեխայի իրավունքը չի ստացվում իրացնել: «Հայեցակարգից վերջապես պետք է անցում կատարել օրենքին»,-ասում է Գարանֆիլյանը: Նրա համոզմամբ՝ կամքի ու համարձակության պակաս կա ամեն ինչ վերջակետին հասցնելու համար:

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի նախագահ Միրա Անտոնյանի փաստմամբ, իրենց կենտրոնում այս տարվա ընթացքում ապաստանել են 160 երեխաներ: Նա հայտնեց, որ իրենք գործունեություն են ծավալում հատկապես Արարատի եւ Բերդի տարածաշրջանում: Հավելեց, որ կենտրոն եկած երեխաների 50 %-ից ավելին ունեցել են տրավմաներ՝ ֆիզիկական բռնությունների եւ այլ պատճառներով: «Հայաստանում, բացի բռնության հայեցակարգի հաստատումից, ուրիշ այլ բանի չենք հասել, դրանից բխող ընթացակարգերը, թե ով ինչ պետք է անի, պարզ չէ: Որեւէ մեկի աշխատանքի նկարագրի մեջ ամրագրված չէ այն դրույթը, որ եթե պրոբլեմ կա, ահազանգի համապատասխան մարմիններին: Ցավոք, Հայաստանում ամեն ինչ բարի կամքի վրա է…Ընդ որում, բռնությունների պրոբլեմատիկան ավելի շատ սոցիալական ոլորտում է, քան քրեական, մինչդեռ բռնացողի ձեռքը բռնում է միայն ոստիկանը: Դա նշանակում է, որ սոցիալական պաշտպանության համակարգում բալանս չկա»:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը ներկայացնելով այս տարվա տվյալները, փաստեց, որ 2013-ի փետրվարից ոստիկանության կազմում փոփոխություն է կատարվել, եւ արդեն ստորաբաժանում կա՝ Անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն: «Տեղերում տվյալ վարչությունը ունի համապատասխան բաժանմունքներ, եւ անչափահասների հանդեպ ցանկացած բռնության դրսեւորում ոստիկանության ուշադրության կենտրոնում է»,- հավաստիացրեց ոստիկանության ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց, որ 2014-2015 թթ էական փոփոխություն չի նկատվել ոլորտում: Այս տարի անչափահասների հանդեպ ոտնձգությունների 154 դեպք է գրանցվել, նախորդ տարվա 152-ի դիմաց: Արթուր Վարդանյանի խոսքով, այդ 154-ից 11-ը ընտանիքում է կատարվել: 2014-ին այդ թվը 8 է եղել: Գրանցված դեպքերը ՔրOր-ի 118 հոդվածի հատկանիշներով դեպքերն են, այսինքն՝ խոսքը ծեծի մասին է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30