Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. Երկիրը այս վիճակից հանելու եւ զարգացման ուղու վրա դնելու համար դուք չունեք ոչ վստահություն, ոչ ֆանտազիա

Նոյեմբեր 19,2015 15:34

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը 2016թ. բյուջեի նախագծի վերաբերյալ

Ներկայացված փաստաթուղթը, ըստ էության մեկ իրողություն է ցույց տալիս. որ ներկա կառավարությունը, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունը չունի երկրի զարգացման ոչ ծրագիր, ոչ հավակնություն եւ ոչ էլ հույս: Կառավարությունը նախատեսում է 2015 թվականին 2.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2016 թվականին` 2.2 տոկոս: Թե ինչ են նշանակում այս թվերը Հայաստանի համար, պարզ է դառնում Համաշխարհային տնտեսական ֆորումի հայաստանյան գործընկեր՝ «Ի-Վի Քոնսալթինգ» հետազոտական կենտրոնի վերլուծությունից: Դավոսում հայտնի տնտեսական գագաթաժողովներ անցկացնող այս ֆորումը, ինչպես գիտեք ամեն տարի պատրաստում է  «Global Competitiveness Index« ռեյտինգները, այսինքն, թարգմանաբար, «Համաշխարհային մրցունակության ցուցանիշ»-ը բոլոր երկրների համար, եւ բնականաբար վերլուծում է իրավիճակը նաեւ Հայաստանում: Եվ ի՞նչ է պարզվում:

Բազմիցս ասել ենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում , առաջին անգամ խաղաղության պայմաններում, արտագաղթը Հայաստանից կազմել է ավելի քան 300 հազար մարդ, իսկ մարդկանց հեռացման տարեկան տեմպը հասել ավելի քան 50 հազարի: Բնական է, հիմնական պատճառն այն է, որ մարդիկ ուղղակի չեն կարողանում օրվա հացը վաստակել, քանի որ չունեն աշխատանք: Վերջին եռամսյակի տվյալներով գործազրկությունը հասել է 18.4 տոկոսի, ընդ որում ցույց տալով անընդհատ աճելու միտում անգամ արտագաղթի բարձր տեմպերի պարագայում: Սա նշանակում է, որ մենք ունենք տնտեսական չափազանց անկայուն վիճակ, որն ավելի ճիշտ կլիներ անվանել երկրի սրընթաց քայքայման գործընթաց: Եվ ահա «Ի-Վի Քոնսալթինգը» հաշվարկել է, թե ինչքան ժամանակ է պահանջվում, որ Հայաստանը հասնի կայուն վիճակի՝, այսինքն` դադարի արտագաղթը եւ գործազրկությունը մոտենա քիչ թե շատ բնականոն համարվող 6 տոկոսի:

Համաձայն այդ հաշվարկների, եթե մենք ունենանք ոչ թե 2.2 տոկոս, այլ մեզ համար արդեն անհասանելի դարձած 3.5 տոկոս աճ, ապա մենք մեր տնտեսությունը կկայունացնենք միայն 2040 թվականին: Դժվար չէ հաշվարկել, որ այդ ընթացում մենք կկորցնենք եւս 600-ից 700 հազար մարդ, հասցնելով արտագաղթի հանրագումարը մեկ միլիոնի: Եվ սա վերաբերվում է մի սցենարի, որը կառավարության նախատեսվածի հետ համեմատ կարելի համարել չափազանց լավատեսական սցենար:

Պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում անգամ այս լավատեսական սցենարը ի վիճակի չի ապահովել Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը, քանի որ նման ժողովրդագրական կորուստների պարագայում ինչ-որ մի պահից սկսած մենք ուղղակի չենք կարողանա պահել ռազմաճակատը:

Իսկ արագ կարգավորել իրավիճակը եւ հասնել արտագաղթի դադարեցմանը, օրինակ, 2019 թվականին, հնարավոր կլինի, եթե տնտեսական աճը ամեն տարի լինի ֆանտաստիկ 7.5 տոկոս, բայց անգամ այդ դեպքում մենք կունենանք մոտ 100 հազար լրացուցիչ արտագաղթ: Նման բեկման համար, սակայն, ներկայացված փաստաթղթում մենք որեւէ նախադրյալ չենք տեսնում: Ավելին, ներդրումների մակարդակը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ, 2012 թվականի 25.3 տոկոսից երկու տարվա ընթացքում նվազել է 21.1 տոկոսի: Այս տարի կանխատեսվում է 20.1 տոկոս, նույն կանխատեսումը տրված է 2016 թվականի համար: Կտրուկ նվազել են ուղիղ արտաքին ներդրումները, այսինքն` ոչ ոք չի ցանկանում արտասահմանից ներդրումներ անել Հայաստանում։

Այս նույն ընթացքում պետական պարտքն աճել է 2008 թվականի 1 մլրդ 577 մլն դոլարից 5 մլրդ 122 մլն դոլար, իսկ 2016թ. այն կդառնա 5 մլրդ 565 մլն դոլար: Այսինքն՝ առանց զարգացման միտումների, առանց անգամ զարգացման որեւէ ծրագրի կամ կանխատեսման, մենք զբաղված ենք պետական պարտքի կուտակմամբ, որն արդեն անցնում է բոլոր վտանգավոր ցուցանիշները, ինչը նշանակում է, որ մենք անշեղորեն ընթանում ենք դեպի դեֆոլտ եւ ֆինանսական սնանկացում, որից հետո այլեւս ոչ ոք Հայաստանին պարտքով փող չի տա:

Բոլոր բացատրությունները, թե իբր այս ամենը հետեւանք է համաշխարհային տնտեսական ճգնաժամների, ռուսական ռուբլու անկման, հանքահումքային արտադրանքի անբարենպաստ գնային վիճակի, բացարձակ բլեֆ է: Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ այդպես էլ չի հասել 2008 թվականի մակարդակին: Մինչդեռ, Ադրբեջանը այն հաղթահարել է 2010 թվականին, Վրաստանը՝ 2011-ին: Ավելին, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 2008թ. Հայաստանը դեռեւս շարունակում էր գերազանցել Վրաստանին շուրջ 1000 դոլարով, իսկ հիմա արդեն ետ է՝ շուրջ 200 դոլարով: Նույն 2008թ. Հայաստանն Ադրբեջանին զիջում էր 1660 դոլարով, իսկ այսօր արդեն՝ շուրջ 4300 դոլարով:

Բոլորը շատ լավ գիտեն, որ իրական խնդիրը ոչ թե արտաքին տնտեսական միջավայրն է, այլ Հայաստանի այն կոռուպցիոն ռեժիմը, որը ապօրինի մենաշնորհներով, իշխանության մերձավորների համար արտոնություններով եւ ներկրողներին սպասարկող դրամավարկային քաղաքականությամբ խեղդում է մրցակցությունը, արդյունաբերությունը եւ արտահանումը, ինչի մասին արդեն բացահայտ խոսում են Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, ԱՄՆ եւ Եվրոպական Միությունը։

Կարեւորը սակայն ոչ թե այն գնահատականներն են, որ տալիս են ստեղծված իրավիճակին ընդդիմությունը կամ օտարերկրյա ներկայացուցիչները։ Ամենակարեւոր գնահատականը տվել է ինքը իշխանությունը, որը բնակչության 2 տոկոս տարեկան կորցնող եւ 18 տոկոս գործազրկություն ունեցող իր կառավարած երկրի համար՝ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում նախատեսել է ընդամենը 2.2 տոկոս տնտեսական աճ։

Սա, ըստ էության, սեփական անկարողության մասին ինքնախոստովանություն է։ Դուք ուղիղ տեքստով ասում եք, որ ի վիճակի չեք կանգնեցնել երկրի սրընթաց քայքայումը, եթե ոչ գահավիժումը։ Դուք ուղիղ տեքստով ասում եք, որ գաղափար անգամ չունեք թե ինչպես պետք է կանխեք պետական նավի անկումը դեպի անդունդ։ Այս արձանագրումից հետո ձեզ մնում է միայն մեկ պահ կտրվել երկիրը թալանելու ամենօրյա անհագուրդ կլանվածությունից եւ գիտակցել մի պարզ ճշմարտություն։ Որ այլեւս դուք ի վիճակի չեք որեւէ հարց լուծել, որ դուք լրիվ սպառված մի իշխանություն եք /Ինչ որ հիմա ասում եմ, վերաբերում է ո՛չ միայն այստեղ ներկա կառավարությանը, այլ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ամբողջ իշխող ռեժիմին/: Որ երկիրը այս վիճակից հանելու եւ զարգացման ուղու վրա դնելու համար դուք չունեք ոչ վստահություն, ոչ ֆանտազիա, ոչ էներգիա, ոչ էլ ստեղծագործական ավյուն։ Եթե մի պահ սթափ նայեք իրականությանը, կտեսնեք, որ դուք այս երկրին ոչինչ չունեք տալու, այլ միայն անշեղորեն, վստահ տանում եք այն դեպի կործանում։

Դուք, Հայաստանի այսօրվա իշխանությունը, տապալել եք երկրի զարգացման ուղղված ձեր իսկ բոլոր նախաձեռնությունները. Թուրքիայի սահմանի բացումը, Եվրոպական միության կամ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության միջոցով երկրի տնտեսության աշխուժացումը։ Եվ հիմա, հայտնվելով կատարյալ փակուղու մեջ, փորձում եք ժողովրդին խաբել, թե երկրի զարգացման բանալին սահմանադրության փոփոխությունն է։

Արդյոք զավեշտալի՞ չէ, որ տնտեսապես կործանվող երկրի վարչապետը, նախարարներ-մարզպետները, թողնելով երկրի տնտեսության կառավարման գործը, լծվել են Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը բացող սահմանադրական փոփոխությանը։

Մի՞թե կարծում եք, որ մեր ժողովուրդը, որին դուք այսքան վնաս եք տվել, մատնելով նրան գործազրկության եւ աղքատության, ցրելով նրա զավակներին ամբողջ աշխարհով մեկ, կընդունի Սերժ Սարգսյանի այս խաբեությունը եւ թույլ կտա, որ կեղեքիչները, փոփոխելով սահմանադրությունը, ցմահ թագավորեն նրա գլխին։

Չե՞ք հասկանում, որ հանրաքվեում ժողովրդի կամքը ոտնահարելով դուք էլ ավելի կթուլացնենք մեր պետությունը եւ ավելի մեծ փակուղու մեջ կմտցնեք տնտեսությունը։ Ի՞նչ եք անելու հետո, երբ անխուսափելիորեն հասցնեք երկիրը կա՛մ սոցիալական պայթյունի, կա՛մ տարածքային կորուստների:

Եվ պետք չէ խաբել ժողովրդին, ասելով, թե սահմանադրությունը փոխում եք առանց ցնցումների իշխանափոխություն նախապատրաստելու համար: Սահմանադրությունը փոխում եք միմիայն Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանելու համար: Ո՞ւր է, որ հասկանայիք, որ իրականում ձեր սպառված ռեժիմը Հայաստանի համար այլեւս կարող է միայն մեկ բարի գործ կատարել. կազմակերպել իշխանության խաղաղ փոխանցումը ժողովրդին։ Եթե դուք առանց ցնցումների իշխանափոխություն եք ուզում, ձեր անելիքը շատ պարզ է:

Դրա համար պետք է հրաժարվել սահմանադրական հանրաքվեի կեղծման ծրագրից, երեք ամսվա ընթացքում նախապատրաստել ընտրական համակարգը ազատ եւ արդար ընտրությունների համար, իսկ այդ ժամանակաշրջանի ավարտից հետո անցկացնել նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ համաձայնեցված ժամանակացույցով։ Այդպես կբացվի ճանապարհը դեպի տնտեսության ապամենաշնորհացում եւ զարգացում, արդարություն եւ օրենքի գերակայություն։

Իսկ մնացյալը, այդ թվում՝ այս փաստաթղթի քննարկումը, որը այլ բան չէ, քան երկրի կապիտուլյացիայի եւ մահախոսականի բյուջե, որեւէ իմաստ չունի։ Նման փաստաթղթերով երկիր չես բարձրացնի։ Երկրին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ եւ ժողովրդավարություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30