«Այդ հարցին քանիցս պատասխանել եմ եւ չեմ զլանա հատուկ Համլետ Հարությունյանի համար եւս մեկ անգամ պատասխանեմ`ովքեր որ կարծում են, որ կարող են այսօրվա ԵԽԽՎ-ում աշխատել շատ ավելի արդյունավետ, քան աշխատում է ներկայիս պատվիրակությունը, թող ներկայացնեն իրենց հայտերը եւ խորհրդարանը, մենք բոլորս, քանի որ սա բոլորիս խնդիրն է, քննարկենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը` հակադարձելով ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանին:
Վերջինս, հիշեցնենք, այսօր խորհրդարանում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ առաջարկել է փոփոխության ենթարկել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, քանի որ տանուլ են տվել: Նա նկատի ունի ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում ընդունված, Ռոբերտ Ուոլթերի հեղինակած, «Բռնության աճը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի օկուպացված մյուս տարածքներում» զեկույցը:
Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, որ այսօրվա ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանից որեւէ պատգամավոր առավել արդյունավետ չի կարող աշխատել, քան ներկայիս պատվիրակության կազմը. «Եթե կա մեկը, ով կարծում է, որ ինքը կարող է Հայաստանի շահերը պաշտպանել եւ հաղթել, ես իմ տեղը կզիջեմ այդ պատգամավորին»:
Նկատեցինք, որ օրերս 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն էլ էր համանման առաջարկ հնչեցրել`անուններ նշելով`Վարդան Օսկանյան, Թեւան Պողոսյան, Ալեքսանդր Արզումանյան եւ այլք: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե որեւէ մեկը, այդ թվում նաեւ իմ հարգարժան գործընկերները, ում անունները տրվեց, գտնում են, որ կարող են այսօրվա ԵԽԽՎ-ում շատ ավելին անել, քան գործող պատվիրակությունը, ես իմ տեղը` ԲՀԿ-ի քվոտայով, զիջում եմ տվյալ պատգամավորին»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իմ կարծիքով ԵԽԽՎ-ում և այլ հարթակներում տանուլ տալու պատճառներն այլ են և կապ չունեն կամ քիչ կապ ունեն մեր պատգամավորների ակտիվության հետ: Հավանաբար դա որոշ առումներով մեր իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության գնահատականն է, որտեղ հստակ ռազմավարության փոխարեն, միայն անճար վիճակից ելքեր փնտրելու տակտիկական քայլեր են արվում, որը միանշանակ չի բխում մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակից ու մեր երկրի շահերից: Ես համոզված եմ, որ ԵԽԽՎ-ի նիստերին մասնակցելուց առաջ, մեր պատգամավորները կողմնորոշվելու համար որևէ կարգի տեղեկատվություն չեն ստանում թե մեր ԱԳ-ից և թե մեր հատուկ ծառայություններից, որի դրա հիմնական պատճառը իրավիճակից բխող ռազմավարության և պետական կառույցների միջև համագործակցության բացակայությունն է, եթե իհարկե այդ պետական կառույցներն ինչ-որ կերպ տիրապետում են իրավիճակին ու կարող են պիտանի լինել պատգամավորներին:
Ուրախ կլինեմ, որ իմ տեսակետը չհամապատասխանի իրականությանը: