Այսօր Aravot.am-ը «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանին, որի կարծիքով Հայաստանը պետք է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնի, հարցրեց՝ արդյոք Հայաստանի կառավարությունը հույսը կտրե՞լ է ԵՏՄ-ից:
Մեր այն դիտարկմանը թե կառավարությունը Եվրամիության հետ համագործակցության նոր ձեւաչափ է սկսել, այս օրերին էլ մեր երկրում Հայաստան-ԱՄՆ տնտեսական լուրջ համաժողով է ընթանում, այս ամենը չի՞ նշանակում, որ ԵՏՄ-ն, ինչպես որ որոշ փորձագետներ կանխատեսում էին, տապալված նախագիծ է եւ միմիայն քաղաքական նպատակներով է ստեղծվել, Վազգեն Սաֆարյանն ասաց, որ ԵՏՄ-ն մնում է «մեր հիմնական կռվանն ու ուղղությունը»:
Միության նախագահի խոսքերով, մենք ԵՏՄ-ն դիտում ենք տնտեսական ամենակարեւոր ուղղությունը. «Ստացվել է այնպես, որ Ռուսաստանը խնդիրներ ունի Եվրոպայի հետ: Ղրիմի ժողովրդի ինքնորոշման հարցն է բարձրացվել, դա մեզ համար օտար հարց չէ, մենք էլ նման հարցի պատճառով շրջափակման մեջ ենք Ղարաբաղի ինքնորոշման հարցով, այնպես որ, այս հարցերը կհարթվեն, որովհետեւ կապված Սիրիայի դեպքերի զարգացման հետ՝ նկատում ենք, որ նրանք, որոնք Ռուսաստանին նայում էին ոչ այնքան լավ գործընկեր, խոսքը Ֆրանսիայի մասին է, այսօր ֆրանսիացիները հայտարարում են, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
«Փաստարկ» ակումբում Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց Չինաստանի հետ տնտեսական համագործակցության գլխավոր ուղղությունները, որոնց ընթացք տալու դեպքում մեր երկիրը «միլիարդների շահույթ» կունենա: Չինական կողմին պարոն Սաֆարյանն առաջարկում է ներդրումներ անել գունավոր մետաղների ոլորտում, ներդրումներ անել եւ պոչամբարներում կուտակված թափոնները վերամշակելով պղինձ ստանալ:
Չինացի գործարարներին հրավիրում է նաեւ ոչ մետաղական հանքավայրերի շահագործմամբ զբաղվել եւ պեռլիի մշակումից գունավոր ապակի եւ այլ արտադրանք ստանալ: Պարոն Սաֆարյանի խոսքերով, Չինաստանը «Նաիրիտ» գործարանի կաուչուկի կարիքը եւս ունի, դրա ապացույցն այն է, որ «Նաիրիտի» մի հոսքագիծը տարվել է Չինաստան, սակայն մեծ քանակության պահանջարկ էլ Չինաստանն ունի:
Միության նախագահի տվյալներով, այս տարի Չինաստանի հետ արտաքին առեւտրի ծավալները 2,5 անգամ ավելացել են: 2015 թվականին առեւտրաշրջանառության ծավալներն այդ երկրի հետ կազմել են 357 միլիոն դոլար: Ընդհանուր առմամբ, մեր երկրի առեւտրաշրջանառությունը կազմել է 3,4 միլիարդ` նախորդ տարվա 5,9 միլիարդ դոլարի փոխարեն: Ըստ Վազգեն Սաֆարյանի, 2,3 միլիարդով ներմուծումը կրճատվել է, տրանսֆերտները նվազել են, ինչի հետեւանքով բնակչության գնողունակությունն ընկել է:
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի տնտեսական վիճակը կլավանա եւ մեր երկիրը շահեկան դիրքում կլինի Մետաքսի ճանապարհի գործարկմամբ եւ Հայաստան-Իրան երկաթուղու շահագործմամբ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ