Լրահոս
Օրվա լրահոսը

Բախտամյան. «Համարձակվել ենք եղեռնազոհ գրողների փոխարեն նրանց Նոբելյան ճառերը գրել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 19,2015 14:58

Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում այսօր ցուցադրվեց Արթուր Բախտամյանի «Չարտասանված Նոբելյան ճառեր» 4 մասից բաղկացած ֆիլմը, որը ներկայացնում է արևմտահայ չորս նահատակ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի և Ռուբեն Սևակի ենթադրյալ Նոբելյան ճառերը` հեղինակների ստեղծագործության, կյանքի, իղձերի ու հիասթափությունների վավերական հիմքերով:

Ռուբեն Սեւակի Նոբելյան ճառում, օրինակ, հեղինակը «խոսում» է սիրո մասին՝ ասելով. «Ես հասկացա, որ սերն այն հեթանոս երջանկությունն է խաչված, այն կուռքն է, որի առջեւ ծնրադիր որբի պես պիտի ողբար հենց ինքը՝ Աստված…եւ այս մտորումները ինձ ստիպեցին մտածել, որ սերն է հենց կյանքի կյանքը…Սիրում եմ դյութական տրտմությունս այնպես, ինչպես աստվածների ցավը եւ այդ վիթխարի սերն է, որ լուսավորում է հոգուս ավերակները…եւ եթե մահն եմ ես, ուրեմն կյանքն է Սերը: Նա գալիս է ինձ մոտ հենց այդպես՝ կյանքի պես գեղեցիկ, եւ այդ կյանքս թող աղբյուրի երգի պես լինի, որ իր ջրերում նրա անունը կրկնի հավերժ… Կյանքս թող մութ ջրվեժի պես լինի, թող անկում լինի գահավեժ: Սերն ինձ համար երկու աչք է՝ վիհի պես, ուր խավարներն են մոլեգին փոթորկվում…երկու աչքեր՝ աստվածների սկիհի պես, որ սրբացնում են հոգիս… Այդ ակնթարթին երազում եմ, որ կյանքս կորած նավի պես լինի եւ սիրո շունչը միայն բացի նրա առագաստը, որին ի մահ պիտի առաջնորդի ինձ սիրո կղզիներով…»:

«Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը, որի նկարահանումներն ընթացել են Արեւմտյան Հայաստանում, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այն նկարահանվել է ՀՀ Նախագահի աշխատակազմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Բախտամյանն ասաց, որ սա ֆիլմաշարի 3-րդ ցուցադրությունն է: «Կարծում եմ՝ քննական շրջանով ծանրաբեռնված ուսանողները, որոնք նաեւ անցնում են այս հեղինակներին, շատ բան անտեսում են եւ չեն իմանում նրանց մասին: Այս 30 րոպեները հնարավորություն կտան վերգտնել այս պոետներին եւ ավելի խորացված փորձել ուսումնասիրել նրանց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:

Արթուր Բախտամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են կազմվել ենթադրյալ ճառերը, քանի որ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դրանք հենց եղեռնազոհ գրողների խոսքերն են: «Նախ, խուսափեցինք այս գրողների կենսագրականը ներկայացնելուց, որովհետեւ դա մարդու ուշադրությունն առանձնապես չի գրավում: Իսկ Նոբելյան ճառն այն ձեւաչափն է, որով գրողները ներկայացնում են իրենց ժամանակը, ժողովրդին, պետությունը, իրենց մտքերն ու տագնապները: Հետեւելով նրանց ստեղծագործություններին եւ հասարակական ելույթներին, համարձակվեցինք նրանց փոխարեն կազմել Նոբելյան ճառեր»,-պատմեց ֆիլմաշարի հեղինակը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայում աշխատում են ֆիլմի անգլերեն թարգմանության վրա, որը կձայնագրվի «Paramount» ամերիկյան նշանավոր ստուդիայում, հնչյունավորողներն էլ կլինեն հայտնի դերասաններ: Արթուր Բախտամյանին առաջարկվել է նաեւ ֆիլմը ներկայացնել Լոնդոնում եւ այլ քաղաքներում:

Ավելի վաղ ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել Հենրիկ Մալյանի անվան թատրոնում:  Առաջիկայում այն դիտելու հնարավորություն կունենան եւս մի քանի բուհերի ուսանողներ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30