Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյանը համակարծիք չէ Ռոբերտ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի հետ

Նոյեմբեր 19,2015 13:50

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը չցանկացավ մեկնաբանել ոչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ոչ էլ նախկին ԱԳ նախարար, նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին:

Երբ «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Էնֆիաջյանը տարբեր կերպ փորձում էր հիմնավորել, թե ինչու է պետք սահմանադրական փոփոխություններին «այո» ասել, Aravot.am-ը նրան հիշեցրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգություն էր հայտնել, թե նոր Սահմանադրության ընդունմամբ իշխանությունը կենտրոնանալու է մեկ կուսակցության շրջանակում: Պարոն Էնֆիաջյանն արձագանքեց. «Հղում չանելով և չմեկնաբանելով որևէ քաղաքական գործչի՝ նշեմ, որ ԲՀԿ-ն լայն գործընթաց է իրականացրել սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Վերլուծել ենք իրավիճակը և նոր մեր դիրքորոշումը հայտնել: Ավելի քան համոզված ենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո ընդդիմադիր դաշտի փոքր քաղաքական միավորները շատ ավելի մեծ հնարավորություններ կունենան խորհրդարանում իրենց գործունեությունը ծավալելու: Ասենք, որ նույն ՀՀԿ-ն, եթե մեծամասնական ընտրակարգը չլիներ, այսօրվա մեծամասնությունը խորհրդարանում չէր կազմի: 70 պատգամավոր, որից 30-ը ընտրված են մեծամասնականով, 131-ի համամասնության մեջ ակնհայտ է դառնում, որ հինգերորդ գումարման ԱԺ-ում մեծամասնություն չէր կազմի, նույնը չորրորդի ժամանակահատվածում կարելի է ասել»:

Մեր մյուս հիշեցմանը, թե իրենց նախկին կուսակից Վարդան Օսկանյանն էլ լուրջ մտահոգություններ ունի այս Սահմանադրության հետ կապված, օրինակ՝ կարծում է, որ այն հետքայլ կլինի առանց այն էլ մեր երկրում գոյություն ունեցող փխրուն ժողովրդավարությունից: Վահե Էնֆիաջյանի պատասխանը կրկին հստակ չէր. «Կլինի մեր քաղաքական ուժի ներկայացուցիչ, թե այլ քաղաքական միավորից, դեմ եմ վերլուծել, թե տվյալ քաղաքական գործիչն ինչ նկատի ունի, թեև ինքս կարևորում եմ, որ մեր երկրում յուրաքանչյուր ոք, բնականաբար հասարակական մեծ ընկալում ունեցող գործիչներն ունենան իրենց դիրքորոշումն ու կարծիքը»:

Մանրամասնեցինք, թե Օսկանյանի մտահոգություններից մեկն էլ այն է, որ հասարակության՝ որոշումներ կայացնելու գործառույթը զրոյացվելու է, պարոն Էնֆիաջյանը հակադարձեց, թե նման կարծիք չունի ու շեշտեց. «Օրինակ՝ չե՞ք կարծում, որ նույն հասարակության համար և ժողովրդավարության առումով հիանալի նախաձեռնություն է, երբ հիսուն հազար և ավելի ստորագրություն հավաքելու դեպքում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորություն կա: Այս նախագծով ստեղծվում են այդ հնարավորությունները»:

Վահե Էնֆիաջյանը տեղեկացրեց, որ արդեն հասցրել են լինել 7 մարզերում և 10 վարչական շրջաններում:

Հարցին՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ ՀՀԿ-ն այս անգամ էլ իր սովորության համաձայն չի կեղծելու, պարոն Էնֆիաջյանը պատասխանեց. «Որևէ կերպ կաշկանդված չենք արատավոր երևույթների կամ հակաօրինական դրսևորումների մասին խոսելու, նման դրսևորումներ ունեցող անհատին կամ ուժին քննադատելու և օրենքի շրջանակներում ընթացք տալու և պատասխանատվության ենթարկելու առումով: Եթե այս ճանապարհով որևէ մեկը կամ քաղաքական ուժ փորձի գնալ, մեր քաղաքական միավորի կողմից կքննարկվի դա և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն»:

Դառնալով երաշխիքներին՝ Վահե Էնֆիաջյանն ասաց. «Լավագույն երաշխիքը փորձել ներկայացուցիչներ ունենալ ՀՀ բոլոր տարածքներում: Լավ կլիներ, որ բոլորը ապահովեին դա, որպեսզի հետագայում նման խոսակցություններից զերծ մնայինք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30