Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ վերանայում են «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» եւ այսուհետեւ տարբերակված մոտեցում են ունենալու արեւելքի եւ հարավի հարեւանների նկատմամբ:
Aravot.am-ի հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս գերմանական Դոյչե Վելլե հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ ՀՀ իշխանությունների կտրուկ ու եվրոպացիների, հայ հասարակության համար անսպասելի, ԵՏՄ մտնելու 1 գիշերվա այդ որոշումը վնասել է հասցրել ՀՀ հեղինակությունը եւ «այդ վնասը մենք դեռ երկար ենք զգալու», Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, որ Հայաստանի հեղինակությունը դրանից տուժել է, ի՞նչ կարող էինք մենք ստանալ, եւ ինչ ունենք արդյունքում:
Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Մենք հարգում ենք ձեր ընտրությունը: Մենք ԵՄ-ում շատ լուրջ ենք վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը: Մեր փոխհարաբերությունների ներկայիս փուլը խարսխվում է ձեր ընտրությունն ընդունելու փաստի վրա: Ամբողջ հարեւանության քաղաքականության տրամաբանությունը խարսխվում է մեր գործընկերների ցանկությունների, հավակնությունների փաստի վրա: Մենք որեւէ բան Հայաստանին չենք պարտադրում, սրանում է կայանում սեփականատիրոջ զգացման հայեցակարգը: Այնքան ժամանակ, ինչքան Հայաստանը կունենա այդ պարտավորվածությունը՝ դեպի օրենքի գերակայությունը, ժողովրդավարական արժեքները, այնքան ԵՄ-ն կշարունակի իր գործակցությունը Հայաստանի հետ:
Ինչ վերաբերում է անվտանգությանը, մենք հարգում ենք ՀՀ-ի անվտանգության հետ կապված պայմանավորվածությունները: ԵՄ նոր հարեւանության քաղաքականությունն ունի առանձին գլուխ, որը վերաբերում է անվտանգությանը եւ ՀՀ-ն ինքը պետք է որոշի, թե այս տարրերից որոնք են, որ Հայաստանի համար հետաքրքիր են եւ օգտակար:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեր փոխհարաբերություններին տնտեսական ձեւաչափում, երեկ հրապարակված փաստաթուղթը ունի ուժեղ պարտավորվածություններ ԵՄ-ի կողմից՝ կապված տնտեսական համագործակցության հետ: Այն փաստը, որ ՀՀ-ն հանդիսանում է ԵՏՄ անդամ, ոչ մի կերպ չի ազդում ԵՄ-ի որոշման վրա՝ շարունակել աշխատել ապագայում ամեն մեծ միասնական տնտեսական դաշտ ստեղծելու ուղղությամբ: Սա կախված է այն բանից, թե ինչպես են ԵՏՄ անդամ երկրները կառուցելու իրենց հարաբերությունները Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ, որոնք ստորագրել են պայմանագիրը»:
Նա ասաց, որ եթե ԵՏՄ անդամ պետությունները Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ընտրությունը հարգում են, կարող են մեծ հույս ունենալ համագործակցության, իսկ եթե դա ընկալվի ագրեսիվ, դրական դեր չի կարող խաղալ ապագայում:
Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց. «Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ ԵՄ-ն սատարում է ամբողջությամբ Մինսկի խմբի դիրքորոշումը: Մենք դատապարտում ենք բռնությունների կիրառումը եւ քաջարելում ենք կողմերին երկխոսություն պահել եւ գտնել խաղաղ լուծում: ԵՄ-ն պատրաստ է իր ներդրումը բերել վստահության ստեղծման գործին: Հուսով ենք, շուտով լուծում կգտնվի ԼՂՀ խնդրի շուրջ, որովհետեւ դա կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ, նոր տարածք ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Ադրբեջանի համար»:
Խոսելով Փարիզի ահաբեկչության մասին, նա ասաց, որ այն լուրջ հետեւանք թողեց ԵՄ գործունեության վրա. «Սա առաջին դեպքն է, որ Ֆրանսիան հղում կատարեց Լիսաբոնի պայմանագրի համապատասխան հոդվածին՝ համերաշխության մասին եւ օժանդակություն խնդրեց ԵՄ երկրներից: Ֆրանսիայի այս խնդրանքը միաձայն հաստատվել է բոլոր անդամ երկրների կողմից: Այդ հարձակումների հետեւանքով ԵՄ պատրաստակամությունը պայքարել միասին ահաբեկչության դեմ՝ ուժեղացավ»:
Դեսպանը նշեց, որ Եվրոպան իր ապրելակերպը չի փոխելու, չի սահմանափակելու իր ազատությունները ահաբեկչությունից հետո:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ