«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) ապահովագրեց «Մարան» ՍՊԸ արտադրության գինու արտահանումը Ռուսաստանի Դաշնություն։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվեց կողմերի միջև սույն թվականի նոյեմբերի 17-ին։
Ապահովագրությամբ ծածկվում է «Մարան» ՍՊԸ գնորդ ընկերության կողմից մատակարարված ապրանքի դիմաց չվճարումը՝ պայմանավորված առևտրային (անվճարունակություն, սնանկություն կամ առանց իրավական հիմնավորման վճարումից հրաժարում) և քաղաքական (վարչական որոշումներ, առևտրի և միջազգային փոխանցումների սահմանափակումներ, բնական աղետներ և ֆորս-մաժոր) ռիսկերով։
Ընկերության արտահանման ապահովագրության պայմանագրի ապահովվածությամբ «Մարան» ՍՊԸ-ն ստացել է նաև նախաարտահանման ֆինանսավորում ՀՀ տարածքում գործող առևտրային բանկից՝ այն ուղղելով արտահանման պայմանագրով նախատեսված արտադրանքի պատրաստման համար ծախսերի կատարմանը։
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:
Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: