Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ վախեցեք ցույց տալ, որ դուք եվրոպացի եք». ԵՄ դեսպանը ՀՀ-ում Եվրամիության դրոշներ է ուզում տեսնել

Նոյեմբեր 19,2015 12:57

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ վերանայում են «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» եւ այսուհետեւ տարբերակված մոտեցում են ունենալու արեւելքի եւ հարավի հարեւանների նկատմամբ:

ԵՄ-ն այս առնչությամբ 250 առաջարկ է ստացել: ՀՀ կառավարությունը, արտգործնախարարությունը նույնպես ներկայացրել են իրենց առաջարկությունները. «Թե վերանայումն ինչի համար էր պետք, հավանաբար բոլորդ գիտեք: Հարեւանությունը փոխվեց, իրավիճակը հարեւան երկրներում փոխվեց, ԵՄ-ն փոխվեց, մարտահրավերները փոխվեցին: Նոր փաստաթղթում հանգուցային բառը կայունության ապահովումն է: Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող բախումները ցույց են տալիս, որ ամենակարեւոր հարցը հիմա կայունությունն է: Պետք է դիֆերենցված՝ տարբերակված մոտեցում: Հարեւանության քաղաքականության փաստաթուղթը հաշվի է առնում, որ գործընկերները շատ տարբեր են: Նրանցից ոմանք որոշել են էլ ավելի մոտենալ ԵՄ-ին՝ ստորագրելով ասոցացման պայմանագրերը, Ուկրաինայի, Մոլդովայի,Վրաստանի միջեւ հարաբերությունները ԵՄ-ի հետ ավելի հարուստ են, պահանջկոտ, հարավային ուղղության վրա Մարոկկոն եւ Թունիսը խորը ուսումնասիրում են ԵՄ-ի հետ ասոցացված հարաբերություններ ունենալու հնարավորությունը: Մյուս երկրներն այլ լուծումներ են գտել, այլ ուղղություն են գտել եւ իրենց տնտեսական քաղաքականության համար այլ մոտեցում են որդեգրել, սա մասնավորապես վերաբերում է ՀՀ-ին»:

Հարցին՝ Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում է նոր փաստաթղթի շուրջ, հաշվի առնելով, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ նոր փաստաթղթում տնտեսական, անվտանգության բաղադրիչ կլինի՝ Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Հայաստանը երկու զուգահեռ գործընթացների բաղկացուցիչ մաս է հիմա կազմելու: Մենք պատկերացնում ենք, որ սկզբում պետք է իրականացնել նոր Շրջանակային պայմանագիրը, որի բոլոր դրույթները կհստակեցվեն մինչեւ մյուս տարվա կեսին: Մենք երկու կտորի հետ գործ ունենք, մեկը իրավականն է, մյուսը՝ քաղաքական առաջնահերթությունների ձեւակերպումը: Բոլոր հարցերը, որ վերաբերում են մարդու իրավունքներին, արդարադատությանը, ժողովրդավարությանը, դրանք բոլորը պահպանվել են նույն տեսքով, ինչ Ասոցացման պայմանագրում էր: Այդ հատվածը կլինի հավասարապես ուժեղ, ինչպես այդ նախկին պայմանագրում: Առեւտրի մասը ավելի թույլ կլինի: Մենք ակնկալում ենք, որ կլինի դինամիկ աշխատանք, ավելի ուշ կքննարկենք գործընկերության առաջնահերթությունները: Հարեւանության քաղաքականության վերանայված տարբերակն իր մեջ որոշակի տարրեր ներմուծում է, օրինակ, համագործակցություն անվտանգության ոլորտում: Նախկինում այդ հատվածն այնքան ուժեղացված չէր պայմանագրում, եւ դա ուժեղացվել է մեր գործընկերների խնդրանքով»:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ համագործակցության շրջանակներում 15 մլն եվրո են այս տարի ծախսելու Հայաստանում, ինչը բավականին լուրջ գումար է. «Համեմատության համար ասեմ, որ Վրաստանը, որը ՀՀ-ից իր չափերով մեծ է եւ Ասոցացման համաձայնագիրն է ստորագրել, ստանում է 100 մլն եվրո: Մեր ներդրումները Հայաստանում բավական բազմազան են: Ես կուզենայի տեսնել ավելի շատ Եվրամիության ցուցատախտակներ եւ Եվրամիության դրոշներ Հայաստանով մեկ, որովհետեւ սա ձեր դրոշն է: Հայաստանը ԵԽ անդամ է, դուք ունեք շատ լուրջ եվրոպական ձեր հավաստագիրը, մի վախեցեք ցույց տալ, որ դուք եվրոպացի եք»:

Aravot.am-ի հարցին՝ դուք ասում եք, որ մենք եվրոպացի ենք, բայց հայաստանյան պաշտոնական բարձր ամբիոններից երբեմն հնչում են հայտարարություններ, որ մենք առանց ՌԴ-ի չենք կարող, որ մեր բախտը, կյանքը հավերժ ՌԴ-ի հետ է կապված, երբեմն որոշ գործիչների կողմից Հայաստանն ընկալվում է որպես ռուսական իմպերիայի մաս, եւ հնչում է տեսակետ, որ այդ իմպերիայում ԵՄ-ն անելիք, տեղ չունի: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետներին:

Նա պատասխանեց՝ «Երբ ասում եմ, որ ՀՀ-ն շատ ուժեղ եվրոպական հավաստագրեր ունի, ես նկատի չունեմ անվտանգության ձեր պայմանավորվածությունը, ես նկատի ունեմ եվրոպական արժեքները: Դուք եվրոպացի եք, որովհետեւ դուք ինքներդ եք ստորագրել այդ եվրոպական սկզբունքների տակ, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին: Այդ առումով մենք ունենք համատեղ հանձնառություն, ես լսել եմ դա ձեր ղեկավարներից, որ մենք համատեղ պետք է կառուցենք եվրոպական արժեքներն այստեղ: Մենք պատրաստ ենք ձեզ օգնել այս արժեքների կոնսոլիդացիայի ճանապարհին, որը նշանակում է ազատ ընտրություններ, պայքար կոռուպցիայի դեմ, բազմազանության նկատմամբ հարգանք, հանդուրժողականություն: Այս դրոշը վերաբերում է արժեքներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30