Ֆրանկ Էնգելը Եվրոպական հանձնաժողովին գրավոր հարցում է ուղարկել եւ հետաքրքրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ղարաբաղցի ուսանողների եւ ուսուցիչների չմասնակցելու մասին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուսանողները չեն կարող մասնակցել այս ծրագրերին, որոնք հասանելի են ԵՄ հարեւան ցանկացած երկրի երիտասարդությանն, այդ թվում՝ նաեւ Արեւելյան գործընկերության տարածքի:
Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պարոն Էնգելը ցանկացել է իմանալ, թե ինչ հիմքով ղարաբաղցի ուսանողներին թույլ չեն տալիս մասնակցել այս ծրագրերին: Ֆրանկ Էնգելը, որը Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի նախագահն է, նաեւ Եվրոպական հանձնաժողովին հարցրել է, թե երբ են ծրագրում իրականացնել այդ հանձնառությունները եւ ղարաբաղցիներին ներառել այդ ծրագրերում:
Լեռնային Ղարաբաղի համալսարանները դեռ շարունակում են դուրս մնալ Եվրոպական ծրագրերից, չնայած, որ դրանք հնարավորություն կտան ուսանողներին եւ անձնակազմին շփումներ ունենալ այլ երկրների ժողովուրդների հետ եւ լավ պատկերացում ունենալ Եվրոպայի մասին:
Այս առնչությամբ Հայաստանի եվրոպացի բարեկամների տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան հայտարարել է. «Կրթական փոխանակման ծրագրերը հաջողություններ են գրանցել եւ ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրներում: Դա իսկապես մեծ դեր է խաղում եվրոպական ինքնության ձեւավորման գործում ու սարսափելի է, որ ղարաբաղցի ուսանողները չեն մասնակցում այդ փորձառությանը միայն այն երկրի կարգավիճակի պատճառով, որտեղ նրանք ծնվել են: Ես վստահ եմ, որ այնպիսի կառուցողական նախաձեռնություններն, ինչպիսինն է պարոն Էնգելինը, կօգնեն փոխել այդ անարդար մոտեցումը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ