Լրահոս
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերության ավարտը

Նոյեմբեր 19,2015 12:37

Ամիսներ տևած սպասումից հետո երեկ նոյեմբերի 18-ին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրամիության ընդլայնման եւ հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը Բրյուսելում հանդես եկան հայտարարությամբ ԵՄ հարևանության քաղաքականության վերաբերյալ: Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայում վերնագիրը կրող փաստաթղթում Հայաստանը ոչ մի անգամ չի հիշատակվում: Չեն հիշատակվում նաև Ադրբեջանն ու Բելառուսը, մինչդեռ Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան հիշատակվում են բազմիցս: Մասնավորապես, այս երկրների վերաբերյալ փաստաթուղթը շեշտում է ԵՄ պատրաստակամությունը ընդլայնել Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ էներգետիկ շուկայի ինտեգրացումը:

Արդյո՞ք այս փաստաթուղթը փաստացի նշանակում է, որ Հայաստանն այլևս Արևելյան գործընկերության մաս չի կազմում: Այս հարցը դեռևս հստակ պատասխան չունի: Կա երկու հնարավոր տարբերակ: Առաջին տարբերակի համաձայն, Հայաստանն այլևս չի դիտարկվում որպես Եվրամիության ակտիվ գործընկեր: Ըստ այդ տարբերակի՝ երկար մտորումներից հետո Արևմուտքը հաշտվել է Հայաստանի ընտրության հետ, իսկ այդ ընտրությունը Եվրասիական միության օգտին էր, ոչ թե ԵՄ-ի: Այս առումով ուշագրավ է, որ վերջերս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին lragir.am-ին տրված հարցազրույցում նշել էր, որ ԵՄ-ն լուրջ է վերաբերվում ՀՀ ինքնիշխանությանը եւ երբեք Հայաստանին բարդ ընտրություն չի պարտադրելու: Ըստ այդմ՝ կարելի է ակնկալել ԵՄ-Հայաստան համագործակցության կտրուկ կրճատում:

Ըստ երկրորդ տարբերակի՝ այս փաստաթղթում Հայաստանի մասին հիշատակման բացակայությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար նոր ֆորմատ է մշակվում: 2013 թվականից մինչ օրս այս նոր ֆորմատի մասին բազմիցս խոսվել է, այդուհանդերձ դեռևս պարզ չի, թե ինչպիսին պետք է լինի նոր ֆորմատը: Մի բան այդուհանդերձ պարզ է: Նոր ֆորմատը այլևս Արևելյան գործընկերությունը չէ: Երեկ հրապարակված փաստաթուղթը փաստացի Արևելյան գործընկերության հին ֆորմատի ավարտը հստակեցրեց բոլորի համար: Այժմ ԵՄ-ի համար կա երեք առաջնային գործընկեր Արևելյան հարևանության վեց երկրներից, և այդ երկրների թվին Հայաստանը չի պատկանում: Թե ինչպես կզարգանան ԵՄ-Հայաստան հարաբերությունները ներկայումս պարզ չէ, սակայն այս դեպքում ևս ուշագրավ է դեսպանի վերոհիշյալ հարցազրույցը, որի ընթացքում դեսպան Սվիտալսկին հիշեցրել էր, որ ԵՄ-ը Հայաստանի ամենամեծ դոնորն ու ներդրողն է, արտահանման ամենամեծ շուկան: «Միայն կես միլիարդ եվրո հատկացվել է Հայաստանի զարգացման համար, եւ դրա դիմաց Եվրոպան ոչինչ չի պահանջում»: Այդուհանդերձ, ըստ դեսպանի ցավալի է, որ այդ գործողությունների պատասխանը սուտն է դառնում: Ու թեև դրանից հետո դեսպանը հայտարարել է. «մենք շարունակելու ենք աշխատանքը եւ ավելի մեծ ջանքեր ենք գործադրելու, որպեսզի իրական պատկերը ցույց տանք», ակնհայտ է դառնում, որ Եվրամիությունը ի վերջո հոգնել է հայկական կառավարության մանիպուլիացիոն տակտիկայից: Մասնավորապես՝ վաղուց արդեն մեր երկրի կառավարությունը սովորություն է դարձրել պնդելը, որ ՀՀ ամենախոշոր տնտեսական գործընկերը Ռուսաստանն է, երբ իրականում դա այդպես չէ: Օրինակ՝ այս տարվա մայիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոն Փոստին տրված հարցազրույցում, փորձելով արդարացնել ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը նշել էր, որ մենք չենք կարող վաճառել հայկական կոնյակը Փարիզում, սակայն այն լավ վաճառվում ենք Ռուսաստանի Դաշնությունում: Ըստ նախագահի՝ Հայաստանը պրագմատիկ որոշում է կայացրել, այդուհանդերձ նմանօրինակ պնդումները տնտեսական ցուցանիշների փաստացի աղավաղում են: Նախքան ԵԱՏՄ-ին միանալը 2013-ին Հայաստանը ԵՄ երկրներ մոտ 121 միլիոն դոլար արժողությամբ ապրանք ավել է արտահանել, քան Ռուսաստան: Նախագահ Սարգսյանի նմանօրինակ հայտարարությունները ավելի շուտ ներքին լսարանի համար են նախատեսված:

ԵՄ-ից Հայաստանի տնտեսական կախվածությունը և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը հաշվի առնելով՝ ճիշտ կլիներ, եթե ՀՀ կառավարությունը մի քիչ ավելի զգույշ լիներ նմանօրինակ հայտարարություններ ու քաղաքական ընտրություններ կատարելիս: Փաստացի այսօր ականատես ենք լինում ՀՀ կառավարության տվյալների հետ մանիպուլիացիաներ անելու ու ոչ ադեկվատ քաղաքական քայլերի հետևանքներին: Որևէ համագործակցություն չի կարող միակողմանի լինել, ու քանի դեռ ՀՀ-ն պնդում է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ խոսքերի մակարդակում, սակայն իրականում խոչընդոտում է ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը երկրի ներսում ԵՄ-ի մասին թյուր ինֆորմացիա տարածելով, կարելի է ակնկալել միայն և միայն Եվրոպայի հետ հարաբերությունների վատթարացում: Երեկ ԵՄ-ի կողմից հրապարակված փաստաթուղթը հուշում է, որ ժամանակն է վերանայելու նմանօրինակ վերաբերմունքը:

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30