Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարով. «Դժվար է մրցել մի բուհի հետ, որի ֆինանսավորումը պետության բյուջեի չափ է»

Նոյեմբեր 19,2015 12:12

Երեւանի պետական համալսարանում այսօր մեկնարկեց բուհերի միջազգայնացմանը նվիրված միջազգային գիտաժողով, որն անցկացվում է Tempus PICASA նախագծի շրջանակում: «Միջազգայնացումն ուղղված է բուհի ծրագրերի՝ համաշխարհային չափանիշներին համապատասխանեցմանը եւ միջբուհական համագործակցության ամրապնդմանը: Խոսքն առաջին հերթին գիտական գործակցության մասին է, իսկ այդ հարցում պետք է ծանոթ լինել այն տենդերի հետ, որն այսօր մրցունակ է եւ պահանջված է տնտեսության կողմից: Բացի այդ, ներբուհական միջազգայնացման ճանապարհին բուհը պետք է ունենա մշակված ռազմավարություն, որպեսզի բուհում տեղի ունեցող գործողությունները լինեն համակարգված»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի տեղակալ, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:

Նա նշեց, որ Մայր բուհը վերջին տարիներին հատուկ հատկացումներ է անում. «Դրանց միջոցով դասախոսները կարող են մեկնել արտասահման՝ որակի բարձրացման կամ գործակցության նպատակով: Դա եւս ներառում է միջազգայնացման էլեմենտներ»:

Պարոն Մարգարովից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է ԵՊՀ-ի վարկանիշը: «Հայտնի «Ինտերֆաքսի» վարկանիշով ԵՊՀ-ն նախկին ԽՍՀՄ եւ Բալթյան երկրների շարքում 12-րդն է: Դա վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք, որ մրցում ենք, օրինակ, Մոսկվայի պետական համալսարանի հետ: Իսկ տվյալ բուհի ֆինանսավորման հետ համեմատվելն անիմաստ է»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մեկ այլ վարկանիշով էլ՝ ԵՊՀ-ն մոտ 1300-րդ տեղում է, ինչը նույնպես հարաբերականորեն բարձր ցուցանիշ է. «Դժվար է մրցել այնպիսի բուհերի հետ, որոնց բյուջեները համեմատելի են ոչ թե Հայաստանի, այլ հարավկովկասյան բոլոր պետությունների բյուջեների հետ: Այսօր դժվար է սպասել, որ հայաստանյան որեւէ բուհ կընդգրկվի լավագույն 500 բուհերի ցանկում: Իհարկե, դրան կարելի է հասնել համարժեք ֆինանսավորման օգնությամբ, որն այսօր չենք կարող ունենալ»:

Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ եթե հաշվի առնենք շրջանավարտների որակը, ապա համալսարանը շոշափելի արդյունք է գրանցում. «Հատկապես ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ոլորտում նրանք հարաբերականորեն արագ են աշխատանք գտնում եւ կրթությունը շարունակում «արեւմտյան» բուհերում»:

DCIM105MEDIAՀավելենք, որ գիտաժողովն աշխատանքը կշարունակի նաեւ վաղը: Զեկույցներով հանդես կգան փորձագետներ Միացյալ Թագավորությունից, Ավստրիայից, Բելգիայից, Իտալիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից:

DCIM105MEDIA

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30