Այսօր կառավարության նիստում, օրակարգին անցնելուց առաջ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց կառավարության անդամներին՝ հորդորելով ազնվորեն ներկայացնել կառավարության աշխատանքը հանրությանը:
Հովիկ Աբրահամյանի խոսքերով. «Մեր կառավարությունը որդեգրել է բաց ու թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն եւ պարբերաբար հանրությանը ներկայացնեինք մեր անելիքները, կատարած աշխատանքները, ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հորդորում եմ բոլոր նախարարներին՝ ավելի ակտիվ եւ նախաձեռնող լինել այս հարցերում: Հարկ է, որ բոլոր նախարարներն օգտագործեն թե նախապես ծրագրված, թե առաջացող բոլոր հնարավորությունները՝ առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ, կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը՝ հանրության հետ եւս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար եւ ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքով:
Կամ՝ վերջերս անընդհատ հարցեր են բարձրանում վարկերի մասին: Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած պարբերաբար հանրությանը տեղեկացնել իրականացվող ծրագրերի արդյունքների մասին՝ կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով եւ դժվարություններով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք եւ պետք է դա ապացուցենք մեր վարքով եւ մեր գործով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ