«Ամեն մի գործ ստեղծելիս իմ աչքի առաջ ունեցել եմ հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան, լավ եմ գրել, թե վատ, նրա համար եմ գրել, նրան եմ կամեցել իմ մտքերն ու զգացմունքները հաղորդել»:
Մուրացան
«Մուրացանյան արվեստի օրերն Արցախում» փառատոնի շրջանակներում Քաշաթաղի շրջանի հարավային Կովսական քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվ. միջն. դպրոցում նոյեմբերի 17-ին կայացավ հայ մեծ գրողի ստեղծագործության ներկայացումը:
Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի(ԿՍ) բաժնի առաջատար մասնագետ Արաքսյա Այվազյանի, Կովսականի դպրոցի տնօրենության, հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում դպրոցականները լավ հանդես եկան՝ ներկայացնելով դրվագներ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպից, «Ռուզան» դրամայից և «Հասարակաց որդեգիրը» պատմվածքից: Ստեղծագործություններ, որոնք արդիական են ամեն ժամանակներում:
Մինչ նշված գործերի բեմականացումը՝ դպրոցի ցածր դասարանների աշակերտները միջանցքում, որտեղ գրողի դիմանկարն էր, նրա գրքերից, ողջունելով իրենց ուսուցիչներին, հարևան համայնքների դպրոցների ներկայացուցիչներին, արտասանեցին Մուրացանի այն մտքերը, որոնք այսօր դարձել են թևավոր խոսքեր՝ «Մի ծաղկով գարուն կգա», «Կույր աչքը կների, կույր սիրտը չի ների» և այլն:
Այնուհետև դպրոցի դահլիճում բարձր դասարանցիները, դարձած դերասաններ, մարմնավորեցին մեծ գրողի հերոսներին: 12-րդ դասարանցի Իսահակ Հեքիմյանը, կերպարավորելով Մուրացանին, ներկայացրեց կենսագրականը՝ Ես՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանս, ծնվել եմ 1854 թ դեկտեմբերի 1-ին…, նրա վերաբերմունքը ժամանակաշրջանի, դարի հանդեպ: Կարևորեց, որ ծնվել է Արցախ աշխարհի մշակույթի կենտրոն Շուշիում:
Կարդացեք նաև
Միջին դասարանի 3 աշակերտ ներկաներին ևս մեկ անգամ հիշեցրեցին Մուրացանի, նրա ստեղծագործության մասին՝ կարևորելով մեծ գրողի դերը հայոց գրականության մեջ: Դերասան-աշակերտների մի խումբը բեմականացրեց դրվագ «Հասարակաց որդեգիրը» պատմվածքից(Հայ մեծահարուստները խոստացել են շնորհալի երիտասարդ Գրիգորին ուղարկել արտասահման՝ կրթությունը շարունակելու, բայց շուտով մոռացել են իրենց խոստումը: Մուրացանն ստիպված հաշվապահի պաշտոնը համատեղել է գրական աշխատանքի հետ, իսկ կենսագրական այս դառն իրողությունից ծնվել է «Հասարակաց որդեգիրը» (1884 թ.) պատմվածքը):
Երբ հարուստները խնջույքի ժամանակ լսեցին պատանի Գևորգի երգը, հավանեցին նրա ձայնը և որոշում կայացրեցին օգնել, որ աղքատ տղան արտասահմանում երաժշտական կրթություն ստանա: Սկսեցին գումար հավաքեր, վիճում էին, թե որ քաղաքի որ առաջնակարգ դպրոցում պետք է սովորի: Անակնկալի եկած աղքատ տղան՝ Գևորգը(դերում 9-րդ դասարանի աշակերտ Ռազմիկ Քարամյան, ով լավ է երգում), հետո զգաց, որ այդ ոգևորությունը սին էր, ու հուսահատվեց: Նույն վիճակն է նաև այսօր. մեր շատ ընդունակ երեխաներն են վարձավճարի պատճառով դուրս մնում բուհերից: Այսինքն՝ Մուրացանն այդ գործը գրել է նաև այսօրվա ու վաղվա համար, անցած դարերի համար: Հայրենասիրության վառ դրսևորում է Ռուզանի կերպարը համանուն պատմական դրամայում: Դեռ մեր էպոսում է Ծովինարը, հանուն երկրի անվտանգության, հանուն հազարավոր հայ զինվորների կյանքի, նրանց ընտանիքների՝ համաձայնվում դառնալ կռապաշտ խալիֆի կինը: Նույն ձևով է վարվում նաև Ռուզանը և ինքնասպան լինում: Այս դրվագը ներկայացրեցին 3 աշակերտ: Ռուզանի դերում էր 12-րդ դասարանի աշակերտուհի Հրանուշ Ծատրյանը:
3 աշակերտ էլ ներկայացրեցին դրվագ «Գևորգ Մարզպետունի» հայրենասիրական վեպից: Աշոտ Երկաթին մարմնավորել էր սիրիահայ աշակերտ Սամվել Տոնին:
Բոլոր աշակերտները կարողացան լավ խաղալ իրենց կերպարներում. Զգացվեց՝ ընթերցել էին Մուրացանի ստեղծագործությունը, ճանաչել դեպքերի ժամանակաշրջանը:
Շրջվարչակազմի ԿՍ բաժնի առաջատար մասնագետ Ա. Այվազյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին լավ խաղի համար: Նշեց, որ համատեղ աշխատանքը տվել է լավ արդյունք՝ կարևորելով դպրոցի տնօրենության ու ուսուցիչների աշխատանքը ևս: Դիմելով աշակերտներին՝ Ա. Այվազյանն ասաց, -Մենք հպարտ ենք ձեզանով, իսկ Մուրացանյան արդեն ավանդույթ դարձած այս տոնը պարտավորեցնող է, որ լավ ճանաչենք Մուրացանին, կատարենք նրա պատգամները, նորովի գնահատենք նրա ստեղծագործությունը և յուրաքանչյուրդ ձեր հոգում պահեք նրա հայրենասեր կերպարները:
Դպրոցի ուսմասվար, հայոց լեզվի ուսուցչուհի Ասյա Օհանյանը նույնպես գոհ էր իր աշակերտներից և կարևորեց այն, որ ամուր մնանք մեր հողին, սիրենք այն, ինչպես Մարզպետունին էր սիրում:
Տնօրեն Սերոբ Քարամյանը նշեց, որ միջոցառումը հաջողվեց, քանի որ աշակերտների հետ լավ էին աշխատել փոխտնօրեն Արփինե Զեյնալյանը, կազմակերպիչ Նարինե Վարդանյանը, ՆԶՊ ուսուցիչ Արթուր Հովհաննիսյանը, բեմի ձևավորողները, մայրենիի ուսուցիչները դասղեկները:
Շնորհակալություն հայտնեց բոլորին՝ հույս հայտնելով, որ կունենան նաև համապատասխան դահլիճ, որտեղ ավելի լավ կխաղան աշակերտները:
Միջոցառումից հետո զրուցեցի աշակերտների հետ: Ռուզանի կերպարը մարմնավորող Հրանուշ Ծատրյանը որոշել է ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվ. պետ. մանկավարժական համալսարանի հոգեբանության բաժինը: Իսկ Ռուզանի դերում խաղալը հաճելի էր: Կարևորեց այն, որ այսօր ուժեղ է հայոց բանակը, և հայ մայրերն ու աղջիկներն ավելի ապահով են զգում իրենց:
ՏԵՂԵԿԱՆՔ. Կովսականի Թ. Կրպեյանի անվ. միջն. դպրոցը գործում է 1998 թվականից: Այժմ ունի 121 աշակերտ (մոտ 20 սիրիահայ) և 23 ուսուցիչ, ովքեր մեծ սիրով են աշխատում իրենց սաների հետ: Վերջին տարիներին հիմնանորոգվել է երկհարկանի շենքը, կարգավորվել և կենտրոնացվել է ջեռուցումը: Դպրոցն ունի համակարգչային սենյակ, բնագիտական առարկաների լաբորատորիա, ՆԶՊ սենյակ, գրադարան և փոքր ու ցածր դահլիճ (նկուղային հարկում), որտեղ իրենց պարապունքներն են անցկացնում նաև Բերձորի մարզադպրոցի և արվեստի դպրոցի մասնաճյուղերի ձյուդոյի (մարզիչ՝ Տարոն Պողոսյան) և պարի (պարուսույց՝ Կարեն Մարտիրոսյան) խմբակների սաները: 2013 թ. ամռանը Կովսական ժամանեց ՀՀ ԱԺ նախագահ, այժմ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սիրիահայերի համար կառուցվող բնակելի շենքի շինարարությունն ավարտելու նպատակով նրա օժանդակությամբ հատկացվեց գումար, և շենքն արդեն բնակեցված է: Զրուցելով դպրոցի տնօրենի հետ, իմանալով խնդիրները, խոստացավ օժանդակել նաև մարզադահլիճ կառուցելու հարցում: Կրթօջախի անձնակազմը հույս ունի, որ շուտով կունենան նաև համապատասխան մարզադահլիճ:
Զոհրաբ Ըռքոյան