Լավ, ենթադրենք՝ 2005 թվականի Սահմանադրությունը հնարավորություն ու ժամանակ չունեցավ դրսևորվել տնտեսության մեջ։ Նրա հիմնական դրույթները սկսեցին գործել միայն 2007 թվականից, 2008-ին սկսվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որի ցավոտ հարվածը զգացինք նաև մենք ու մինչև հիմա ուշքի չենք գալիս։
Բայց ամեն դեպքում՝ փոփոխված Սահմանադրությունը պետք է որոշակի դրական տեղաշարժ ապահովեր վերջին տարիների ընթացքում։ Չէ՞ որ այն նվազեցնում էր նախագահի լիազորությունները, բարձրացնում ԱԺ-ի դերը, մեզ ավելի մոտեցնում ժողովրդավարությանն ու օրենքի իշխանությանը, ինչը չէր կարող դրական ազդեցություն չունենալ նաև տնտեսության վրա։ Մի խոսքով՝ դատելով 2005 թվականի այս օրերին հնչող ելույթներից՝ այն ժամանակվա հանրաքվեից հետո պետք է մեծ փոփոխություններ լինեին դեպի լավը։
Իսկ ինչ եղավ իրականում… Անցավ 10 տարի։ Այս տասը տարիների ընթացքում այդ նույն մարդիկ մեզ համոզում էին, որ ամեն ինչ հենց այդպես էլ գնում է՝ տնտեսությունն աճում է, ժողովրդավարությունը՝ ամրապնդվում, օրենքը՝ գործում, կոռուպցիան՝ նվազում, և այլն։
Ու մեկ էլ հանկարծ պարզվում է՝ ամեն ինչ վատ է, ու կարող է ավելի վատ լինել, եթե դեկտեմբերի 6-ին «այո» չասենք սահմանադրական փոփոխություններին։ Ամենաուշագրավն այն է, որ այս մասին հայտարարում են նույն ուժերն ու նույն մարդիկ, ովքեր 10 տարի առաջ կոչ էին անում «այո» ասել փոփոխություններին ու վերջին տարիներին միշտ տեսնում էին միայն լավը։ Այժմ նրանք սկսել են տեսնել վատագույնը ու համոզում են, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառն այսօր գործող Սահմանադրությունն է։ Այնպես են համոզում, որ զարմանում ես՝ ինչպե՞ս Հայաստանը վերջնականապես չի կործանվել այս զարհուրելի փաստաթղթի պատճառով։
Կարդացեք նաև
Իրականում սա ցույց է տալիս Սահմանադրության ու դրա փոփոխությունների իրական արժեքը Հայաստանում։ Ու չի բացառվում, որ 10 տարի անց այսօր «այո» քարոզողները պախարակեն այս նույն փաստաթուղթը։ Ու երբ քաղաքացին բողոքի, թե իր իրավունքները ոտնահարվում են, դատարաններն էլ չեն գործում՝ երկրի բարձրագույն պաշտոնյան նրան անտարբեր պատասխանի՝ հնարավոր է։ Ու ասի՝ Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում