Ըստ նրա՝ դա ծիծաղելի գումար է,
Բեյրութի պատգամավորները 8 հազար դոլար են ստանում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ դժվար տարի է մեզ սպասում: Բյուջեում փող չկա, տնտեսությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, հետեւաբար կառավարությունը հույս էլ չի կարողանում տալ, որ լավ կլինի: Եվ այս ֆոնին նույն կառավարությունը ԱԺ բերեց մի նախագիծ, ըստ որի՝ հունվարի 1-ից դատախազության աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու է ու դրա համար բյուջեից ծախսելու է 311 մլն դրամ: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է:
Այս առնչությամբ «Առավոտը» ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ այս սուղ պայմաններում որքանո՞վ էր ողջամիտ 311 մլն դրամ ծախսել դրա համար: Վարդան Այվազյանը պատասխանեց. «Լավ, ի՞նչ եք մտածում՝ դատախազը կարող է պատահի ավելի քիչ ստանա, քան քննի՞չը»:
Մեր դիտարկմանը, որ ինչո՞ւ քննիչների աշխատավարձը չեն իջեցնում, եթե գործակցի խնդիր կա, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Իսկ դուք ո՞նց եք պատկերացնում, եթե հանկարծ իջեցրեցին 20 հազար դրամ, քննիչը 20 հազար դրամով յոլա՞ է գնալու»:
Հետո պարոն Այվազյանը բողոքեց իր աշխատավարձից. «Դուք ինչքա՞ն եք ստանում, իմ աշխատավարձից երեւի շատ է: Ես լրագրող գիտեմ, որ ինձանից շատ է ստանում: Իմ աշխատավարձը 500 հազար դրամ է»:
Երբ ասացինք, որ նա իր չոր աշխատավարձի հույսին չէ, կողմնակի եկամուտներ ունի, բիզնեսներ ունի՝ Վարդան Այվազյանը հերքեց. «Ցույց տվեք ինձ իմ կողմնակի եկամուտները: Ես առավոտից իրիկուն աշխատում եմ: Այսօր 3-րդ, թե 4-րդ լրագրողն եք, որ ինձ մոտենում եք, հարց եք տալիս: Համազեկուցող եմ եղել, նենց չի, որ օդից հելնում խոսում եմ: Ես կարդացել եմ, գնացել եմ, զեկուցել եմ, եկեք ռեալությունից խոսենք: Եթե մենք ռեալությունից չխոսենք, խոսենք սիրունության մասին, ունենում ենք այն, ինչ ունենք»:
Նրա խոսքերով՝ պետական պաշտոնական անձինք, որոնք պաշտոնի առանձնահատկություններից ելնելով հարցեր են որոշում, իրենք պետք է մի քիչ ֆինանսական անկախություն ունենան. «Որ խոսում են պատգամավորի աշխատավարձից, օրինակ՝ 500 հազարը ծիծաղելի գումար է: Իմ համանման պատգամավորը, որը աշխատում է այլ երկրում, այնպիսի երկրում, որը նորից ունի արտաքին պարտքի մեծ բեռ, օրինակ՝ վերցնենք Բեյրութը, 4 մլն ժողովուրդ են, արտաքին պարտավորությունը 60 մլրդ դոլար՝ ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը, գիտե՞ք ինչքան աշխատավարձ են ստանում՝ 8 հազար դոլար մի պատգամավորի աշխատավարձն է մենակ, մոտավորապես 6 հազար դոլար էլ նրա փոխհատուցման ծախսերն են՝ բենզին, գործուղումներ: Ես չեմ համեմատում դեռ Սանկտ Պետերբուրգի պատգամավորի անհատական ծախսերի հետ: Ես չեմ համեմատվում նավթային երկրների հետ: Համեմատում եմ Բեյրութի հետ, որը նորից պատերազմական գործողությունների մեջ է: Ցանկացած երկրի հետ համեմատեք: Պատգամավորը օրենք է գրում, որ լավ լինի, կամ դատախազը որոշում է կայացնում: Իրենց զերծ պետք է պահես գայթակղությունից՝ ինչքան կարողանաս: Ես կողմնակից եմ, որ այդ մարդկանց աշխատավարձը բարձրացնեն»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Այվազյանի՝ երբ խոսում են անաչառ դատական համակարգի մասին, պետք է նախ դատավորների, դատախազների աշխատավարձը բարձրացնեն, որ արդյունք ստանան. «Ես ոչ դատախազ բարեկամ ունեմ, ոչ էլ ծանոթ կամ խնամի ունեմ, բայց այդ համակարգում աշխատավարձը պետք է բարձր լինի: Պատգամավորը պետք է շատ աշխատավարձ ստանա: Նյութական բարիք ստեղծողին պիտի պահես, որ ավելի շատ նյութական բարիք ստեղծի»:
Մեր հարցին՝ եթե այդքան վատ է աշխատավարձը, ինչո՞ւ եք այդքան ձգտում պատգամավոր դառնալ, պրիստիժի համա՞ր, Վարդան Այվազյանը պատասխանեց, բայց՝ առանց ձայնագրիչի:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.11..2015
Այդ պոռոտախոսն էլ կարող է Բեյրութում պատգամավոր դառնալ, հնարավոր է նորմալ փոխարինող գտնվի, Հայաստանը չի կորցնում, այդպիսիներից ազատվելը լավ է երկրի համար
-որ դժվար տարի է մեզ սպասվում-
Սիրելի Հռիփսիմե, ՛ապսվում՛ բառում վ-ն ավելորդ է: մեզ դժվար տարի է սպասում, բայց սպասվում է դժվար տարի:
Շնորհակալություն, կուղղենք:
Շատ ճիշտ է անում, ես էլ իմ 50000դրամ աշխատավարձից եմ դժգոհում: