Նախօրեին ԱԺ նիստում հատուկ ընթացակարգով ներկայացվեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հեղինակած նախագիծը ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Նախագծով առաջարկվում է կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացակարգում որոշ փոփոխություններ կատարել, մասնավորապես գրավոր հարցերի դեպքում ընթերցել դրանցից միայն երկուսը, իսկ բանավոր հարցերի դեպքում հարցը հնչեցնելու համար սահմանել ոչ թե 3, այլ 2 րոպե։ Չնայած այն բանին, որ նախագծին որոշ պատգամավորներ ընդդիմացան, այն առաջին ընթերցմամբ երեկ ընդունվեց։
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան
– Տիկին Ջոհրաբյան, պատգամավորներից շատերը հայտարարում են, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը իրենցից որեւէ լավ բան չի ներկայացնում, ու եթե փոփոխություններ լինեն, ապա ավելի է բարդանալու իրավիճակը։ Արդյոք պատգամավորները ճի՞շտ են, արդյոք դա արվում է՝ ընդդիմության ձայնը սահմանափակելու համար։
– Ես գտնում եմ, որ երեք րոպեն հարցերի համար շատ մեծ ժամանակ է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ պատգամավորները այդ երեք րոպե ժամանակն օգտագործում են այլ նպատակով, բրոնզե դարից գալիս են քարե դար, հետո միջնադար, այնուհետեւ ֆեոդալական ժամանակներ, որից հետո արդեն հասնում են 21-րդ դար։ Գրագետ, պատրաստված պատգամավորի համար, կարծում եմ, մեկ րոպեն էլ բավարար կլինի՝ իր հարցը հստակ ու պարզ ձեւակերպելու համար, բայց սահմանվել է երկու րոպե։
Կարդացեք նաև
Իսկ ինչ վերաբերում է հնչած մոտիվացիային, իբրեւ թե այդ ամենն արվել է ընդդիմությանը ձայնից զրկելու համար, ես դա համարում եմ անլուրջ հայտարարություն։ Եթե այստեղ մեր խնդիրը պառլամենտարիզմի զարգացումն է, ապա այդ գրավոր հարցումները ես բազմիցս հայտարարել եմ, որ կարելի է հանել։ Ես նշել եմ, որ հատկապես մեծամասնության ներկայացուցիչները պայմանավորվում են կառավարության ներկայացուցիչների հետ, որ դու ինձ կտաս այս հարցը, ես կտամ քեզ այս պատասխանը, նախապես գրավոր կուղարկենք, ու ինչպես նշել եմ՝ դա էլ վերածվում է կանաչ տերեւի պատմությանը՝ տերեւը կանաչ է, շնորհակալ ենք, որ տերեւը կանաչ է, ու բոլորս ուրախ ենք, որ տերեւը կանաչ է ծրագրի շրջանակներում։
Ես կողմ եմ, որպեսզի այդ գրավոր հարցերը հանվեն, որովհետեւ դա իսկապես իշխող մեծամասնության համար գործիք է՝ կառավարության հարց ու պատասխանը տապալելու համար։
Իսկ ինչ վերաբերում է մյուս մոտիվացիաևերին, ապա դրանք ինձ համար բացարձակ ընդունելի չեն։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում