Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ իրապես անհանգստացնողը բացառապես Հայաստանի դժգույն պահվածքն է»

Նոյեմբեր 19,2015 15:30

«Առավոտը» Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ուղղված վերջին զարգացումների մասին զրուցել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

– Պարոն Մելիքյան, «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել է ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Հայտարարության համար օգտագործված հարթակն ու ստեղծված իրավիճակը (նկատի ունեմ աշխարհաքաղաքական զարգացումները Եվրոպայում եւ Սիրիայում) արդոք ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման պարագայում:

– Անգամ Հայաստանին հարող տարածաշրջաններում ստեղծված տագնապալի իրավիճակը չի կարող լրացուցիչ առավելություններ տալ ադրբեջանական կողմին, եւ Իլհամ Ալիեւի ելույթն այդ տեսանկյունից դժվար թե նրան որեւէ շոշափելի արդյունք տա՝ հայոց առաջին ցեղասպանությունը կազմակերպած երկրի հրավերով մեր հայրենակիցների երկրորդ ցեղասպանությունը կազմակերպած երկրի ղեկավարի՝ հայկական ահաբեկչությանը նվիրված ելույթը միայն ավելի ցցուն է դարձնում Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների գործելակերպի նմանությունը: Ինձ իրապես անհանգստացնողը բացառապես Հայաստանի դժգույն պահվածքն է:

– Վերջին շրջանում քննարկվում է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, եւ կարծիքներ կան, որ ռուսական իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ քննարկում են Ադրբեջանի կողմից «օկուպացված տարածքներ» կոչվող հատվածը Բաքվին վերադարձնելու հարցը՝ իբրեւ տարածաշրջանում կայունություն ապահովելու ճանապարհ (շատերը կարծում են՝ այդպես Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանին ընդգրկել Եվրասիական միություն): Որքանո՞վ է իրատեսական այս սցենարը, ի՞նչ դեր կարող է խաղալ այժմ Ռուսաստանը Ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորելու հարցում:

– Հայաստանի իշխանությունները վաղուց են իրենց համաձայնությունը տվել Արցախի ներկայիս սահմանադրական տարածքի մեծ մասը հակառակորդին հանձնելու վերաբերյալ, եթե պաշտոնական Բաքուն համաձայնի ճանաչել ԼՂՀ անկախությունը: Այս մոտեցումն անընդունելի է բազմաթիվ պատճառներով, սակայն դա է ՀՀ այսօրվա պատասխանատուների պաշտոնական դիրքորոշումը: Իսկ դա նշանակում է, որ ՌԴ արտգործնախարարի հետ այս հարցի շուրջ նոր քննարկումները իմաստ կունենան միայն այն դեպքում, եթե ռուսական կողմը որոշի, որ հայերն այդ տարածքները պետք է փոխանցեն Ադրբեջանին առանց Արցախի ճանաչման նախապայմանը կատարելու: Այդ տարբերակը քիչ հավանական է: Երեւի թե այս անգամ կարելի է հավատալ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությանը, որում հատուկ նշվում է, որ տարածքներ հանձնելու խնդիր պարոն Լավրովը Երեւանում չի քննարկել:

– ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանության շենքում հայտարարել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես Մինսկի խմբի համանախագահությունը պարտավոր են հաշվի նստել ԼՂՀ իշխանությունների՝ բանակցային գործընթացին խիստ պահանջված մասնակցության ցանկության հետ: Ցանկության եւ դրա իրականացման հնարավորությունները. տարիներ շարունակ բարձրացվող այս հարցը որքանո՞վ է իրատեսական, որ հիմա իրականանա, եւ ի՞նչ արդյունքներ կունենանք դրա իրականացման պարագայում:

– Այդ պահանջի կատարումը գուցեեւ հնարավոր լինի իրականացնել, եթե ԼՂՀ իշխանությունները հորդորեն պաշտոնական Երեւանին, որպեսզի վերջինս այն ներկայացնի միջնորդներին՝ որպես բանակցային գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ եւ անսակարկելի նախապայման: Դատելով ամեն ինչից՝ հայկական կողմերն իրենք դեռեւս պատրաստ չեն այսօրինակ քայլ կատարելու:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30