Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի «մանկության» երազանքը

Նոյեմբեր 19,2015 15:00

Արմեն Ռուստամյանը պնդում է,
որ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին չի միացել, այլ հակառակը

– Արդեն մի քանի օր է՝ ՀՅԴ-ն «այո»-ի քարոզարշավ է իրականացնում: Նախնական ի՞նչ տպավորություններ ունեք, մարդիկ որքանո՞վ են հետաքրքրված սահմանադրական բարեփոխումներով:

– Նախ՝ թյուր է այն տպավորությունը, որ տարածում է «ոչ»-ը, թե բոլորը համատարած «ոչ»-ի կողմնակիցներ են: Նման բան չկա: Մենք, արդեն երկու տասնյակ հանդիպումների փորձը վերլուծելով, կարող ենք ասել, որ մարդիկ նախ՝ կարոտ են բացատրության: Իրենք պետք է լավ պատկերացնեն, թե իրենց կենցաղում, անձնական կյանքում ի՞նչ է տալու այս փոփոխությունը: Իմ հանդիպումների արդյունքներից ես կարող եմ ասել, որ երբ մարդիկ տրամաբանական խոսք են լսում, մեր անցած փորձի վերլուծությունն են լսում, պատճառներն ենք վեր հանում, թե ինչո՞ւ է այսպես եղել, որտեղ նաեւ համակարգն ունի իր հիմնական դերակատարությունը, ինչպես է այն նպաստել, որ այս խնդիրները կուտակվեն, ընկալում են հարցը: Մարդկանց դերն, իհարկե, պահպանվելու է, բայց մենք իսկապես հասել ենք նրան, որ ունենք համակարգային ճգնաժամ, եւ այս վիճակում մարդկանց, անհատների դերակատարությունը, փոփոխությունները որեւէ լավ բան չեն խոստանում: Սա մենք հիմնավոր կարողանում ենք ներկայացնել:

– Մարդիկ էլ ընդունո՞ւմ են:

– Այո: Որովհետեւ մենք շատ բաց ու անկեղծ ենք խոսում` խոսելով նաեւ բոլոր իշխանությունների ժամանակ եղած թերությունների մասին, որովհետեւ այդտեղ որեւէ կաշկանդվածություն չունենք` թե առաջին նախագահի ժամանակ, թե երկրորդ, թե երրորդ: Մարդիկ, ովքեր այն ժամանակ էլ մի քիչ ակտիվ են եղել, ծանոթ են մեր անցած ճանապարհին, իրենք էլ են հաստատում, որ այդ վերլուծությունները հաստատում են: Իրավիճակն, ինչպես որ ներկայացվում է երեք նախագահների ժամանակ, այդպես էլ կա: Եվ թյուր է այն կարծիքը, որ ասում են, թե նախագահական, կիսանախագահական համակարգերը տարբեր երկրներում դրական արդյունք են տվել… Հայաստանում եղած համակարգը ոչ մի աղերս չունի դասական նախագահական կամ կիսանախագահական համակարգի հետ: Ամեն տեղից ինչ-որ բաներ են վերցրել, սինթեզ են արել, որպեսզի մեծացնեն նախագահի լիազորությունները:

– Մասնագետներն էլ ասում են, որ առաջարկվող խորհրդարանական համակարգն էլ աղերս չունի դասականի հետ, քանի որ սինթեզի արդյունք է:

– Այո, վերցված է, ճիշտ է, բայց վերցված է այն ուղղությամբ, որպեսզի խորհրդարանական համակարգին բնորոշ բոլոր թերությունները նվազագույնի հասցնենք: Բայց գործող կիսանախագահական համակարգը այնպես են սինթեզ արել, որ բոլոր թերությունները գումարվել են, եւ դարձել է այնպես, որ այդ աթոռին նստողը նույնանում է իշխանության հետ: Նույնանալով էլ իշխանության հետ՝ հեշտությամբ յուրացնում է իշխանությունը: Հիմա դու հարյուր տեղ գրի, որ իշխանության յուրացումը հանցանք է: Եթե դու համակարգով մղում ես նրան, որ ամեն մեկը համակարգով կարողանա իր հետ նույնացնել իշխանությունը, դրա հետ մեկտեղ նաեւ յուրացում է տեղի ունենում: Ասում ենք` սա փոխենք, որ իշխանությունը մեկի հետ չնույնանա, իշխանության մեջ մի քանի գլուխներ լինեն: Ժողովուրդը դա լավ էլ հասկանում է:

– Այսինքն՝ մարդկանց կարողանո՞ւմ եք համոզել, որ գնան հանրաքվեի եւ «այո» ասեն:

– Այո: Շատ են եղել դեպքերը, որ մարդիկ եկել են «ոչ»-ի տրամադրությամբ, բայց լսելով այդ մեկնաբանությունները, հարցերի պատասխանները՝ հանդիպումից հետո ասել են, որ իրենց թյուրիմացության մեջ են դրել: Այս պատճառով ես շատ եմ կարեւորում բովանդակային քննարկումը մեր քաղաքացիների հետ: Խոսքն այն մասին չէ, որ 220 հոդվածները առանձին-առանձին ներկայացնենք, այլ իմաստը եւ հիմնական մոտեցումները կարելի է հստակ ասել: Մարդը պարզապես կապի մեջ չի կարողացել տեսնել, որ սա իսկապես համակարգային փոփոխություններ է առաջացնելու:

– Մարդիկ սուր հարցեր ձեզ տալի՞ս են, վիրավորանքախառն հակադարձումներ անո՞ւմ են, ինչպես հեռուստաշոուի ժամանակ ՀՀԿ-ականներին են անում:

– Չէ, մենք կոնկրետ նման բաների տակ չենք հայտնվում: Բոլորն էլ գիտեն, որ այսօրվա վիճակի համար ՀՅԴ-ն ուղղակի պատասխանատվություն չունի: Հակառակը՝ մեզ որ լսեին, եւ երկիրը խորհրդարանական համակարգի անցներ, հիմա բոլորովին այլ երկիր կունենայինք: Որ կոպիտ ինչ-որ բաներ լինեն՝ չէ, չեն լինում: Բայց լինում են մարդիկ, որ գալիս են արդեն նախապաշարված եւ փորձում են տպավորություն ստեղծել, թե այս ամենը թատրոն է, շոու է, բլեֆ է եւ այլն: Իսկ երբ ասում ես` եղբայր, արի ըստ էության խոսենք, որովհետեւ եթե նախագիծն անցավ, դու ուզես, թե ոչ՝ ապրելու ես այդ Սահմանադրության օրոք: Դրա բլեֆը ո՞րն է: Արի այնպես անենք, որ այդ Սահմանադրությունը լավը լինի:

Մի բան էլ կա` քանի որ դժգոհ են իշխանությունից, ասում են` ինչո՞ւ պիտի վատ իշխանությունը լավ բան անի: Սա է մեր հիմնական խնդիրը, որ կարողանանք մարդկանց բացատրել` լինում է, այո: Երբ իշխանությունը տեսնում է, որ էլ հնարավոր չի, մաս-մաս զիջելու տրամաբանությունն է գործում:

– Իբրեւ բարեփոխումների նախագծի ջատագով, կողմնակից՝ կարո՞ղ եք խոստումներ, երաշխիքներ տալ, որ դրա կիրարկումից հետո Հայաստանում կոռուպցիան էականորեն կնվազի, դատական համակարգն ավելի թափանցիկ կլինի, տնտեսական դաշտում էլ ազատ մրցակցությունը կգերիշխի:

– Ես միանշանակ կարող եմ ոչ թե խոստում տալ, այլ իմ համոզմունքը հայտնել, որովհետեւ ես իշխանությունների ապակենտրոնացման հավատավոր պաշտպանն եմ եղել եւ հավատավոր հետեւողն եմ եղել նրա, որ եթե համակարգում հակակշռման եւ զսպման մեխանիզմները լինեն` մենք կունենանք ավելի բալանսավորված եւ արդար իշխանություն: Սրանում վստահ եմ: Հիմա` ի՞նչ ժամանակահատվածում փոփոխությունները կլինեն: Բնականաբար, միանգամից, որ հաջորդ օրն արթնանանք, չի լինի, որովհետեւ սա գործընթաց է: Բայց մենք սկիզբ ենք դնում, որ երկիրը ճիշտ ուղղությամբ զարգանա: Եթե դու ճիշտ ուղղություն ես դրել, որքան էլ այդ ճանապարհը ներկա լինի, նպատակին, միեւնույն է, կհասնես: Դա ես կարող եմ երաշխավորել, պարզապես լիարժեքությամբ այդ համակարգը կաշխատի 2018 թվականից հետո, քանի որ նախագահի ինստիտուտը մինչ այդ գործելու է, անցումային փուլ ունենք: Բայց այդ շրջանում օրենքներում լուրջ փոփոխությունների կարիք ունենք: Օրինակ` Ընտրական օրենսգիրքն եմ շատ կարեւորում, որը վերջ կդնի նաեւ բոլոր հարցերին` համակարգը բարելավվե՞ց, թե՞ ոչ: Բնականաբար, մենք ամեն ինչ անելու ենք, որ ընտրական համակարգը դառնա այնպիսին, որ Հայաստանում վերջապես հնարավորություն ստեղծվի իշխանափոխություն իրականացնել ընտրությունների միջոցով: Այս Սահմանադրությունից բխելու են մոտավորապես 400 կարեւորագույն օրենքներ, որոնք վերանայման կարիք ունեն: Մենք իսկապես նոր էջից սկսելու խնդիր ունենք, եւ դա տեղի կունենա դեկտեմբերի 6-ից հետո, եթե ժողովուրդը «այո» ասի:

– Իսկ մարդիկ չե՞ն հիշում, որ ՀՅԴ-ն տեւական ժամանակ եղել է իշխանության կոալիցիայում: Ձեր մեղքերը ձեզ չե՞ն հիշեցնում:

– Ուր էր 20 տարով ավարտվեր: Մեզ հիշեցնում են 125 տարվա մեղքերը: Էդ ոչինչ: Սովոր ենք: Թյուրիմացություններ էլ կան, պարզաբանում ենք, բայց ամենակարեւորը` թույն չկա: Միշտ մենք դա զգացել ենք` որքան էլ որոշ խավեր մեզ չընդունեն, ժողովուրդը ՀՅԴ-ի հետ հույս է կապում՝ որպես իրական կուսակցության, որը 125 տարվա պատմություն ունի: Էդպիսի ուրիշ մեկը չկա, որ կարողացած լինի իր ազդեցությունը քաղաքական դաշտում պահել: Ու երբ տեսնում են մեր` նախկինում արած հայտարարությունների եւ գործերի համապատասխանությունը, ավելի են վստահում:

Քարոզչության ժամանակ մեզ հիմնականում փորձում են ասել` միացել եք Սերժ Սարգսյանին: Ասում ենք` ոչ: Սերժ Սարգսյանն է մեզ միացել, որովհետեւ 25 տարի մենք այդ մասին ասում ենք, եւ բոլորը գիտեն՝ Սերժ Սարգսյանը վերջին ժամանակներում է, որ միացել է սրան: Ակնհայտ է, որ սա հավատով ու համոզումով կատարված քայլ է: Սա հեշտացնում է մեր քարոզարշավը: Այդ անկեղծությունը շատ է ազդում մարդկանց վրա, որովհետեւ ակնհայտ է, որ թելադրված չէ այս դիրքորոշումը:

– Անկեղծ ասած, ինքս այնպիսի տպավորություն ունեմ, որ մարդիկ ՀՅԴ-ից էլ են հիասթափված:

– Չէ, այդպես չի: Բացարձակ: Այս հանրաքվեի քարոզչությունը, իսկապես, մեզ շատ հարազատ քարոզչություն է: Բոլորը հասկանում են` սա մեր վաղուց հետապնդած նպատակն է, որն իրականություն է դառնում: Շատերը չէին էլ հավատում, որ դա հնարավոր է: Բայց անգամ այն պայմաններում, երբ թվում էր, թե անհնար է, մենք չենք դադարեցրել մեր պայքարը` համակարգային փոփոխության համար: Պատմական առումով այն, ինչը մեզ չի հաջողվել 1995-ին, հնարավորություն կա, որ 25 տարի անց հաջողվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30