Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վաստակել է Հեպատիտ Բ-ի վերաբերյալ միջազգային գիտաժողովը մեր երկրում անցկացնելու հեղինակությունը

Նոյեմբեր 19,2015 14:30

«Մինչ այժմ մեծ տեղ է տրվում վիրուսային Հեպատիտ Ց-ին եւ հիմնականում խոսվում է հեպատիտ Ց-ի մասին, բայց չմոռանանք, որ կա եւ վիրուսային հեպատիտ Բ, եւ աշխարհի ամեն 20-րդ մարդը վարակված է վիրուսային Հեպատիտ Բ-ով: Այսօր աշխարհում մոտ 400 միլիոն վիրուսային Հեպատիտ Բ-ով վարակվածներ կան»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի մտահոգություն է հայտնում Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը, որը 2007 թվականից ղեկավարում է նաեւ «Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան»:

Գլոբալ այս խնդիրը հաշվի առնելով էլ՝ ասոցիացիան Հայաստանում կազմակերպել է տարածաշրջանում իր հեղինակությամբ առաջին միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Հեպատիտ Բ-ի խնդիրներին: Տիկին Ղազինյանի ներկայացմամբ՝ գիտաժողովն անցկացվել է հոկտեմբերի 3-6-ը, որին մասնակցել են աշխարհի բոլոր մայրցամաքներից: Գիտաժողովն իր մասնակիցների քանակով էլ տարածաշրջանում ամենամեծն է եղել, որին ներկա են գտնվել նաեւ հետխորհրդային երկրների մասնագետները:

«Տեղի ունեցավ Հեպատիտ Բ-ի վերաբերյալ մոնոթեմատիկ գիտաժողով՝ Ասիական միջազգային ասոցիացիայի եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հովանավորությամբ: Եռօրյա գիտաժողովին մասնակցեցին 23 երկրներից ավելի մասնակից եւ 23 երկրների եւ ավելի լեկտորներ: Գիտաժողովի ընդհանուր մասնակիցների թիվը մոտ 500 էր: Հրավիրյալները ե՛ւ արտասահմանից էին, ե՛ւ Հայաստանի բոլոր շրջաններից, որոնք այս ոլորտի մասնագետներ էին»,- ասում է Հասմիկ Ղազինյանը: Նրա խոսքերով՝ գիտաժողովին ներկա աշխարհահռչակ լեկտորները կարծիք են հայտնել, որ Հայաստանում կազմակերպված այս գիտաժողովն իր չափանիշներով, գիտական մակարդակով չի զիջել ցանկացած միջազգային գիտաժողովի. «23 երկրների մեջ ստեղծվեց շատ հետաքրքիր քննարկում, եկած լեկտորները հանդիսացան ոչ միայ լեկտորներ, այլեւ դիսկուսիայի ակտիվ մասնակիցներ: Ամեն մեկն իր երկրի փորձն ու համաշխարհային փորձը կիսեց միմյանց հետ, արդյունքում ստացվեց շատ գեղեցիկ քննարկում, եւ այդ դիսկուսիան որպես էստաֆետ կփոխանցվի այն երկրին, որը կվայելի հաջորդ տարի Հեպատիտ Բ-ի թեմատիկ գիտաժողովն անցկացնելու հեղինակությունը»:
Ինչպես տիկին Ղազինյանն է նշում, մեր երկիրը միջազգային գիտաժողով անցկացնելու հեղինակությունը վաստակել էր տարիների համատեղ աշխատանքով, իր գիտական աշխատություններով ու գիտական ներուժով. «Այսպիսի գիտաժողով անցկացնելու հեղինակությունը պետք էր վաստակել, որովհետեւ ամեն երկրի չէ, որ տրվում է այսպիսի հնարավորություն: 1 տարուց ավելի հայտ ենք ներկայացրել, որ, որպես երկիր, ի վիճակի ենք եւ կարող ենք անցկացնել նմանատիպ գիտաժողով: Եվ մեր համառ աշխատանքով վաստակեցինք այդ հեղինակությունը: Այդ պատճառով էլ այս գիտաժողովն իր հեղինակությամբ համարվում է առաջիններից մեկը տարածաշրջանում»:

Հասմիկ Ղազինյանը պարզաբանում է նման գիտաժողովների անհրաժեշտությունը՝ վստահեցնելով, որ այսօր վիրուսային Հեպատիտ Բ-ն մարտահրավեր է աշխարհին:
«Չնայած, ի տարբերություն Հեպատիտ Ց-ի, 1981 թվականից Հեպատիտ Բ-ի համար կա պատվաստանյութ, սակայն գոյություն ունեն այս վիրուսի վայրի եւ մուտանտ շտամներ: Ցավոք սրտի, մուտանտ շտամները երբեմն խուսափում են վակցինայի ազդեցությունից եւ առաջացնում են ավելի ծանր լյարդային հիվանդություններ, քան ինքը՝ վայրի, օրիգինալ շտամը: Այդ իսկ պատճառով սա Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար համարվում է գլոբալ խնդիրներից մեկը»:

Տիկին Ղազինյանի խոսքերով՝ միջոցառումն անցկացվել է միաժամանակյա թարգմանությամբ, քանի որ գիտաժողովի պաշտոնական լեզուն եղել է անգլերենը. հայ լեկտորները նույնպես իրենց զեկույցները ներկայացրել են անգլերեն լեզվով. «Նպատակն այն էր, որ մեր բժիշկները, որոնք միշտ չէ, որ հնարավորություն են ունենում մասնակցել այսպիսի գիտաժողովներին, ամբողջությամբ վերցնեն նյութը: Ուզում էինք նրանց մատուցել այն նորը, որը կա աշխարհում, եւ փոխել մարդկանց մտածելակերպն առաջ գնացող, արագ զարգացող այս դաշտի համար: Գիտաժողովին եւս մեկ անգամ քննարկվեցին բոլոր այն խնդիրները, որոնք առկա են լյարդաբանության դաշտում՝ կապված վիրուսային Հեպատիտ Բ-ի հետ»:

Գիտաժողովին քննարկված բոլոր նյութերը, լեկտորների զեկույցները ներկայումս էլ տեղադրված են միջազգային գիտաժողովի առիթով ստեղծված www.apaslstc-armenia2015.com վեբ-կայքում: Տիկին Ղազինյանի խոսքերով՝ այն շատ լավ հնարավորություն է այն բժիշկ-մասնագետների համար, որոնք չեն կարողացել մասնակցել կամ տեղյակ չեն եղել գիտաժողովի մասին. «Նրանք կարող են այդ բոլոր նյութերը, որոնք արտացոլում են Հեպատիտ Բ-ի վերաբերյալ այսօր առկա բոլոր նորույթները, վերցնել կայքից եւ օգտագործել: Մենք բոլոր միջազգային հայտնի լեկտորներից թույլտվություն ենք վերցրել նրանց նյութերը մեր կայքում տեղադրելու»:

Գործնական շփումներից դուրս՝ գիտաժողովի կազմակերպիչները կարճ ժամանակում հասցրել են օտարերկրյա հյուրերին ներկայացնել Հայաստանը՝ իր պատմությամբ ու մշակույթով: Հյուրերը եղել են Մատենադարանում, Էջմիածնում, ճաշակել հայկական խոհանոցը: Տիկին Ղազինյանի խոսքերով. «Մատուցվեց հայկականը, վերջում տրվեց Ղափաման իր երաժշտությամբ, հայկական պարով եւ ուտեստով, մարդիկ այդ ամենը վայելում էին: Մենք կարողացանք հայկական պարը, հայկական դուդուկը նրանց մատուցել, մենք կարողացանք «Նարեկը» մատուցել: «Նարեկը» բոլորի համար ստեղծվել էր անգլերեն տարբերակով, եւ քանի որ մենք հյուրեր ունեինք բոլոր մայրցամաքներից, «Նարեկն» ուղարկվեց բոլոր մայրցամաքները՝ գրությամբ, որպես համամարդկային աղոթք փոքր Հայաստանից»:

«Դուք կարողացաք երեք օրում Հայաստանը մատուցել մեզ»,- հայկական կողմի հյուրընկալությունից ոգեւորված ասել էին գիտաժողովի արտերկրի հյուրերը: Ըստ Հասմիկ Ղազինյանի. «Վերջում հնչած խոսքը կարելի է համարել բոլորիս հաղթանակը: Նրանք ասացին՝ այս օրերին Հայաստանը դարձավ խաղաղության խորհրդանիշ եւ մարդկանց թույլ տվեց իրականում զբաղվել նրանով, ինչի համար ստեղծված են եւ ինչ առաքելություն ունեն բժիշկները»:

Արտերկրի հյուրերին նաեւ տպավորել է գիտաժողովի անունը կրող տորթի ավանդույթը. «Ասացինք, որ Հայաստանում կա գեղեցիկ ավանդույթ. երբ երկու սուբյեկտ միանում են, նրանք անպայման պետք է գեղեցիկ տորթով այդ միացումն ազդարարեն: Ասացինք, որ այսօր միանում է Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան Միջազգային ասիական ասոցիացիային, եւ այդ տորթը դարձավ այդ խորհրդանիշը: Բոլորը ցանկանում էին այդ տորթից մի կտոր ուտել՝ վերցնելով տորթի վրա տեղադրված իրենց դրոշը»,- պատմում է տիկին Ղազինյանը: Ըստ նրա. «Գիտաժողովի 2-օրյա խիստ հագեցած գիտական ծրագիրը վկայում է այն մասին, որ մեր առջեւ դրված առաքելությունը կատարվել է: Համարում եմ, որ սրանով Հայաստանի Հանրապետության բժշկության մեջ լյարդաբանության առումով մի լուրջ քայլ կատարվեց միջազգային ասպարեզում: Մենք զգում ենք, որ Հայաստանի անունը շոշափվում է ամենուրեք. մի երկիր, որը կարողացավ իր փոքր չափերի մեջ տեղավորել հեղինակավոր մի միջոցառում եւ ձեռք բերել այդքան լուրջ հեղինակություն»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30