Լրահոս
Օրվա լրահոսը

Հաճելի ճանապարհորդություն եւ տհաճ ավարտ

Նոյեմբեր 19,2015 14:00

Մի քանի օր առաջ 3 ընկերներով ճանապարհ ընկանք դեպի Ստամբուլ՝ ավտոբուսով, անցանք «Սադախլու» անցակետով՝ շատ նորմալ եւ հեշտությամբ, ոչ մի խոչընդոտ չխանգարեց մեզ: Տեղ հասնելուն պես դիմավորեցին մեր ծանոթ՝ ազգությամբ թուրք ընկերները, տեղավորեցին 5 աստղանի հյուրանոցում, 4 օր անընդհատ նրանց ավտոմեքենաներով տանում էին քաղաքի տեսարժան վայրերը, հյուրասիրում էին ռեստորաններում, եւ ի վերջո ջերմ մթնոլորտով բաժանվեցինք նրանցից՝ հաճելի տպավորություններով, որը կհիշվի երկար ժամանակ:

Հետ եկանք նույն ավտոբուսով, սակայն այլ անցակետով՝ Բավրայով: Տեղ հասնելուն պես մեզ իջեցրին տաք ավտոբուսից, ստիպեցին իջեցնել նաեւ ճամպրուկները եւ բեռները (որոշ մարդիկ, իհարկե, գնացել էին առեւտուր անելու), տեղ էինք հասել մթնով, եղանակը՝ ցուրտ, քամի, ձյուն, բացօթյա պայմաններում մոտ 2 ժամ մնացինք դրսում, մեզ հետ կային նաեւ ծերեր եւ երեխաներ, որոնք ցրտից կծկվել էին եւ անշարժացել: Մենք եւս նույն վիճակում էինք:

Չտանելով այս ամենը՝ ես իմ բողոքի նոտան ներկայացրի անցակետի աշխատակիցներին: Նրանք լիարժեք համաձայնվեցին ինձ հետ, բայց փորձեցին արդարանալ, որ աշխատակիցների քանակը բավարար չէ, չեն հասցնում, պայմանները, իհարկե, անտանելի են, բայց որպես մխիթարանք արդարացան նաեւ, որ նոր անցակետ է կառուցվում, որը շահագործման կհանձնվի եկող տարի, այսինքն՝ 1 տարի ժողովուրդը պետք է նորից տեղափոխվի խիստ հիվանդագին պայմաններում, հիվանդանալով ռեսպիրատոր հիվանդություններով եւ հատկապես թոքերի բորբոքումով: Որտե՞ղ է վերադաս կազմակերպությունների եւ համապատասխան նախարարության հսկողությունը: Անտեր եւ անտիրական վիճակից շուտափույթ ելք պետք է գտնել ժամանակավոր վիճակը բարելավելու համար, մեղք է ժողովուրդը…

ՋԵՄՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ
կենսաթոշակառու բժիշկ

«Առավոտ» օրաթերթ
18.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30