Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթերակայի ինստիտուտը վաղուց իրեն սպառել է, այն լուրջ վտանգ է քննության համար

Նոյեմբեր 19,2015 13:30

Ամենօրյա դատական լուսաբանումների ժամանակ չեմ հիշում մի քրեական գործ, որի ժամանակ ընթերակային առնչվող արձանագրություններում բացթողումներ չլինեն, չլինեն հարցականներ կապված ընթերակայի՝ անձի ինքնության, նրա տված տեղեկությունների արժանահավատության վերաբերյալ:

Դատավարության կողմերից հատկապես պաշտպանական կողմն այնպիսի սկանդալային բացահայտումներ է անում ընթերակաների հետ կապված, որոնց տված վկայություններին մեղադրանքի կողմի կառչելը, մեղմ ասած, արժանապատիվ քննության կանխավարկածը հօդս է ցնդեցնում: Ինչո՞ւ են պետք մարդիկ, երբ նրանք չեն լինում դեպքի վայրում, որոնք շահագրգիռ լինելով՝ ակնհայտ սուտ տեղեկություններ են տալիս, բացահայտ համագործակցելով քննությունն իրկանացնող մարմնի հետ: Հաճախ այդ ընթերական, որպես այդպիսին, չի լինում: Լինում է դատարկ թղթի վրա արձանագրված անուն-ազգանունը: Դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով պաշտպանական կողմը միջնորդություններ արեց, որպեսզի դատարան հրավիրվեն երկու ընթերակաները:
Այն տվյալները, որոնք ելակետային էին անձին գտնելու համար, չհաստատվեցին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, պարզվեց, որ նման անուն-ազգանունով կան երկու-երեք տարեկաններ, բայց ոչ այնպիսին, որը կարողացել է ավտովթարի ժամանակ ոչ միայն ներկա գտնվել, այլ մասնակցել որոշակի գործողությունների տեսողական արձանագրմանը:

Դատավարագետները եւ պրակտիկ իրավաբանները «Առավոտի» հետ մեր զրույցների ժամանակ պնդում են, որ մրցակցային դատավարության պայմաններում ընթերակայի ինստիտուտը, որպես ապացույցների միանշանակ հավաստիության ապահովման յուրահատուկ միջոց, սպառել է իրեն, կորցրել արդիականությունը։ Հարցին էլ, թե կա՞ այդ ինստիտուտն այլ երկրներում, ասում են, որ եվրոպական մի շարք երկրներում այս ինստիտուտը ոչ միայն չի գործում, այլեւ ընթերակաների ներգրավումը դիտարկում են որպես լուրջ վտանգ քննության համար։

Մեր իրականության մեջ այս ինստիտուտը շարունակում է գործել, թեեւ պրակտիկայում նրա օգտակար գործողության գործակիցը զրո է: Տպավորությունն այնպիսին է, թե այն ներդրվել է, իսկ հետո մոռացել են դրա մասին։ Արդյունքում՝ քաղաքացիներին ներքաշելով անհարկի քաշքշուկների մեջ (որպես ելակետ ենք ընդունում, որ որեւէ գործով ներգրավված ընթերական ռեալ մարդ է եւ իրապես ներկա է գտնվել քննչական գործողությանը)։ ՀՀ գործող Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք։ Նշված հոդվածը` ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի հետ մեկնաբանելու դեպքում կարող ենք ասել, որ պետական կառավարմանը մասնակցելու իրավունքը վերաբերում է նաեւ արդարադատության իրականացմանը մասնակցելու իրավունքին։ Ընթերակայի մասնակցությունը քրեական դատավարությանը դիտվում է քրեական դատավարությանը հասարակության մասնակցության ձեւերից մեկը։ Բայց ընթերական որեւէ առնչություն չունի քրեական վարույթի եւ հանցավոր դեպքի հետ, ուստի նրա մասնակցությունը կրում է բացառապես հասարակական հիմքեր։ Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ընթերական պարտավոր է ներկայանալ քննչական գործողություն կատարող քրեական հետապնդման մարմնի կանչով։ Այս պարագայում ընթերակայի մասնակցությունը դառնում է պարտադիր, մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ պետական կառավարմանը, այդ թվում՝ դատավարությանը մասնակցելը հասարակության ներկայացուցիչների իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը։

Քննիչների, իրավաբանների հետ զրույցների ժամանակ նրանք մեր ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքին, որ «ընթացիկ օրենսդրությամբ նախատեսված չէ ընթերակաների ներգրավման ինստիտուցիոնալ ընթացակարգ, բացակայում է որեւէ տեղեկատվական համակարգ, որի հիման վրա հնարավոր կլիներ հրավիրել ընթերակաների, բացակայում են ընթերակաների մասնակցությամբ պայմանավորված նրանց ծախսերի հատուցման մեխանիզմները, ինչպես նաեւ ընթերակա հանդես գալու պարտականությունը չկատարելու իրավական հետեւանքները»։ Սա, ըստ մասնագետների, լուրջ խնդիրներ է առաջացնում հետաքննիչների եւ քննիչների համար, պարունակում կրիմինոգեն ռիսկեր, քանի որ գործնականում հանդիպում ենք գոյություն չունեցող «ընթերակաների» ներգրավվմանը։

Նման դեպքերում դժվարանում է նաեւ դատարանում մեղադրանքի պաշտպանությունը, քանի որ պաշտպանները հաճախ ընթերակայի բացակայության հիմքով վիճարկում են ապացույցի թույլատրելիությունը: Ի դեպ, վերջերս հենց նման «ընթերակայի» պատճառով էլ դատարանը կայացրեց հերթական արդարացման դատավճիռը։
«Առավոտը» լուսաբանեց մայրաքաղաքի «Սիթի» խանութների ցանցից կատարված գողությունների գործով երեք կանանց արդարացման մասին: Այս գործով ընթերակաները «հասցրել» էին լինել ինչպես Տիգրան Մեծի փողոցում գտնվող «Սիթի»-ում, այնպես էլ Նոր Նորքում…:

ՀՀ գործող քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է ընթերակայի մասնակցությունը մի շարք էական նշանակություն ունեցող քննչական գործողությունների կատարմանը՝ զննմանը, արտաշիրմմանը, քննմանը, դիակը, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելուն, խուզարկությանը եւ առգրավմանը, անձնական խուզարկությանը, նմուշներ ստանալուն, քննչական փորձարարությանը, ինչպես նաեւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրված ժապավենը քննիչի կողմից լսմանը, նամակագրության զննմանը եւ առգրավմանը: Ընդ որում՝ բացառություններ նախատեսված չեն։

Արատավոր դրսեւորումները մի կողմ թողնելով, ինչի մասին արդեն արձանագրել ենք, կա մեկ այլ վտանգ էլ. մի շարք դեպքերում վտանգվում է նաեւ ընթերակաների կյանքը։ Օրինակ, Պառավաքարում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մահվան դեպք ունենալու դեպքում շարունակվող կրակոցների տակ քննիչը պետք է ընթերականերին վերցնի ու գնա դիակը զննելու՝ վտանգելով Սահմանադրությամբ նախաքննությանը մասնակցելու, իրականացնելու պարտականություն չունեցող քաղաքացիների կյանքը։ Կամ՝ առանձնապես վտանգավոր հանցագործների կողմից կատարված հանցագործություններով ներգրավված ընթերակաների վիճակը, երբ առկա է նրանց վրա ճնշում գործադրելու իրական վտանգը՝ ապացույցներ անթույլատրելի ճանաչելու, մեղադրանքի հիմքերը թուլացնելու համար։

Նշենք, որ այս ինստիտուտն առավել բնորոշ է հետխորհրդային երկրներին. այն իսպառ բացակայում է մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Կանադայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում եւ այլն։ Օրինակ, Չինաստանում փորձագետներն անթույլատրելի են համարում կողմնակի անձանց ներգրավումը քննչական գործողություններին, իսկ Գերմանիայում գտնում են, որ այլ անձանց ներկայությունը լուրջ վտանգ է հետաքննության համար, քանի որ ամեն մի մանրուք կարող է անդառնալի փոփոխությունների ենթարկվել, դրանով իսկ հետագա ԴՆԹ եւ այլ հետազոտությունների ճշմարտացիությունը հարցականի տակ դնել:

Ընթերակայի ինստիտուտի անգործունակ լինելու մասին բազմիցս բարձրաձայնում են փաստաբանները՝ այն համեմատելով մեռած օրգանի հետ, իսկ թե ինչու չի հեռացվում՝ անհասկանալի է։ Մինչդեռ մեռած բջիջը, որքան մնա այդ օրգանիզմում, այնքան կարող է վտանգավոր լինել կենսունակություն ունեցող մյուս օրգանների համար՝ դառնալով վարակի աղբյուր։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. M. Muradyan says:

    Փորձելով վերացարկվել քրեական դատավարական իրավունքում և իրավակիրառների շրջանում առկա ընթերակայի ինստիտուտի շուրջ գույություն ունեցող մեր կարծիքով հիմնավոր մտահոգություններից, առաջին հերթին անհրաժեշտ ենք համարում մարդու հիմնական իրավունքների համատեքստում վերլուծել այն նպատակը, որի համար իբր թե քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից հրավիրվում է ընթերական: Մասնավորապես, Քր. դատ. օր.-ի 81-րդ հոդվածի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ընթարակային հրավիրելու նպատակը վերջինիս կողմից քննչական գործողությունների իրավաչափության հաստատումն է /փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները/: Ակնհայտ է, որ ընթերակայի նման մասնակցությունը վերջին հաշվով պետք է նպաստի արդարադատության կայացմանը: Այս իմաստով հարց է առաջանում. արդարադատության կայացմանը աջակցելու ընթերակայի մասնակցությունը ընթերակայի համար իրավունք է, թե պարտականություն: Որպես այդպիսին, սահմանադրությունում չես գտնի ուղղակի ամրագրում այն մասին, որ մարդն ունի արդարադատության իրականացմանը մասնակցելու իրավունք: Սակայն Սահմանադրության 30-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ ՀՀ քաղաքացիներն ունեն …….պետական կառավարմանը և տեղական ինքանկառավարմանը մասնակցելու իրավունք: Պետական կառավարմանը մասնակցելու իրավունքի, որը դոկտրինալ մակարդակում ներկայացվում է նաև որպես սկզբունք, բովանդակությունը բացահատելիս պարզ է դառնում, որ այն ոչ մի պարագայում պետք չէ կապել միայն ընտրական գործընթացների հետ: Այն ունի ավելի լայն բովանդակություն և իրենում ներառում է ոչ միայն ակտիվ և պասիվ ընտրական իրավունքները, այլնպես էլ՝ պետական ծառայության հավասար հնարավորության իրավունքը, բողոքի իրավունքը, և, քննարկվող ենթատեքստում կարևորություն ներկայացնող՝ արդարադատության իրականացմանը մասնակցելու իրավունքը : Հիմնախնդրի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ընթերակայի գործողություններն անհրաժեշտ է մեկնաբանել արդարադատության իրականացմանը աջակցելու և մասնակցելու իրավունքի համատեքստում, իսկ հակառակը /որպես պարտականություն դիտարկելը/ չի կարող դիմանալ ոչ մի քննադատության: Թերևս այս համատեքստում առնվազն անհասկանալի է, որ օրենսդիր մարմնի կողմից հակասահմանադրական /չփորձելով յուրացնել ՍԴ լիազորությունը/ այնպիսի նորմի սահմանումը, որն անհատի վրա /ընթերակա/ դնում է քննչական գործողություն կատարող քրեական հետապնդման մարմնի կանչով ներկայանալու, քննչական գործողություն կատարող անձի օրինական կարգադրություններին ենթարկվել պարտականություն, այնինչ օրենսդիրը պետք է սահմաներ ազատության իրավունքների շարքին դասվող արդարադատության իրականացմանը մասնակցելու իրավունքն պետության ապօրինի միջամտությունից պաշտպանության երաշխիքներ: Կարծում ենք, որ արդարադատության իրականացմանը մասնակցելը սուբյեկտիվ իրավունք է, որի իրացումը պայմանավորված է բացառապես իրավունքի կրողի կամքով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30