ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, վերջին շրջանում ՀԱԿ-ից դե ֆակտո առանձնացած ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ անկախ լինել՝ չի նշանակում իշխանամետ լինել, կարելի է անկախ կարգավիճակում էլ ընդդիմություն լինել։ «Իմ մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել, հետեւաբար, ես ինձ համարում եմ անկախ պատգամավոր, անկախ քաղաքական ուժի ղեկավար, ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավար»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Սարգսյանը:
– Հանրապետականները հաճախ են չարախնդում, թե ընդդիմությունը փոշիացվեց, եւ ամեն խմբակցությունում տարբեր պատգամավորներ Ձեզ նման անջատվել են։ Չե՞ք կարծում, որ դա նպաստում է իշխանության դիրքերի ամրապնդմանը, եւ դուք իշխանությանը ցանկալի ընդդիմություն եք դառնում։
– Կներեք, պատճառները թող ՀԱԿ-ը փնտրի իր մեջ, թե ինչ կերպ էր հարաբերվում իր գործընկերների հետ։ Եվ հետո, Դուք մի մոռացեք, որ ե՛ւ ես, ե՛ւ Հրանտ Բագրատյանը առանձին լիդերներ էինք ՀԱԿ խմբակցության մեջ, եւ միշտ չէ, որ մեր կարծիքները համընկնում էին։ Վերջին հաշվով՝ ես չէ, որ հեռացել եմ ՀԱԿ-ից, այլ ՀԱԿ-ն է թիրախավորել ինձ։ Կարելի էր ավելի հանդուրժող վերաբերվել գործընկերոջ մոտեցումներին։ Եվ հետո, ընդդիմությունը չպետք է հայտարարեր, որ ով Սերժ Սարգսյանի ձեռքը սեղմել է, մեզ հետ անելիք չունի։ Վերջին հաշվով ընդդիմությունը միայն ՀԱԿ-ը չէ, չի կարելի ծայրահեղական դրսեւորումներ ունենալ։
– Խորհրդարանում ընդդիմություն ասելով՝ ո՞ւմ եք պատկերացնում։
Կարդացեք նաև
– Բոլոր նրանց, ովքեր օբյեկտիվորեն քննադատում են իշխանություններին եւ պոպուլիզմով չեն զբաղվում։ Դուք չեք կասկածում, չէ՞, որ ես բավականին մեծ փորձ ունեմ քաղաքական դաշտում, եւ ինձ համար ամեն ինչ է, չէ՞, տեսանելի, թե երբ են պոպուլիզմով զբաղվում, որ դիվիդենտներ հավաքեն, երբ են օբյեկտիվ իրավիճակ ներկայացնում, երբ են պատվերով թիրախավորում ինչ-որ մարդկանց, երբեմն նաեւ էդ պատվերը փողով է արտահայտվում։ Դուք տեսե՞լ եք, որ ես որեւէ մեկին թիրախավորված հարվածեմ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում