Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանում գրի, գրքի, ընթերցողի արձան չկա, քանի որ գիրը, գիրքը եւ ընթերցողը չեն մեռել»

Նոյեմբեր 19,2015 13:00

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝
հայ-վրացական զուգահեռների մասին

Օրերս Թբիլիսիում վրացական գրքի շուկան, համագործակցությունն ու մշակույթների ներթափանցելիությունն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ կայացած միջոցառմանը, որին հրավիրված էին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, մասնակցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ վրացական միջոցառումը միտված էր մարկետինգի եւ հրատարակչական գործում գիտելիքների համալրմանն ու համակարգմանը: Ասաց նաեւ, թե Ադրբեջանը չէր ներկայացել, հավանաբար ներկա փուլում գրքի շուկայի եւ գիտելիքի ոչ հրատապության պատճառով: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ Վրաստանը 2018թ. Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառի պատվավոր հյուրն է, հետեւաբար այսօրվանից տարբեր միջոցառումներ իրականացնելու ճանապարհով պատրաստվում է հավուր պատշաճի ներկայանալ աշխարհում գրքի ոլորտում ներկայացվող ամենահեղինակավոր ստուգատեսին:
«Տարբեր հրատարակիչներ հանդես եկան իրենց երկրում անցկացվող այս կամ այն միջոցառման մասին զեկույցով: Ես ներկայացա Հայաստանում արդեն 4-րդ տարին դպրոցների 6-րդ դասարանցիների միջեւ անցկացվող ընթերցանության օլիմպիադայի մասին ելույթով, ինչը հետաքրքրեց լսարանին: Հատկապես այն, որ, օրինակ, հաղթող աշակերտների ծնողները ստանում են տարբեր ոլորտների ապահովագրություններ, այդ թվում՝ բնակարանի, մեքենայի, առողջապահության՝ «ՌԵՍՈ» գործակալության կողմից, պաշտպանության նախարարությունը էքսկուրսիայի ձեւաչափով կազմակերպում է հաղթող աշակերտների այցերը Լեռնային Ղարաբաղի զորամասեր…»,- հայտնեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ Հայաստանում անցկացված ընթերցանության օլիմպիադայով հետաքրքրված են Ֆրանսիան, Հոլանդիան, Լեհաստանը եւ նույնիսկ Գերմանիան, որտեղից վերցված է օլիմպիադայի գաղափարը եւ տեղայնացվել մեզ մոտ:
Ի պատասխան մեր դիտարկմանը, թե վերջին շրջանում տարբեր առիթներով «Անտարես» հրատարակչության տնօրենը հիացմունքն է հայտնում վրացական գրահրատարակչության մակարդակի վերաբերյալ, մեր զրուցակիցը բերեց ընդամենը մեկ խոսուն փաստ. Վրաստանում մեծությամբ երկրորդ հրատարակչությունը 2014թ. վաճառել է շուրջ 1 մլն գիրք՝ չհաշված դասագրքերը: Կեսկատակ-կեսլուրջ ռեպլիկին՝ ստացվում է՝ համարյա բոլորը Վրաստանում մոլի գրքասերներ են, մեր զրուցակիցը դարձյալ կատակով պատասխանեց, ասելով, թե բոլորի տանն ինքը չի եղել, հետո էլ հավելեց. «Բայց որ գրքի գնողականությունը բարձր է եւ շփվելով նրանց հետ՝ տեսնում ես նրանց մակարդակը, դա ակնհայտ է… Վերջին շրջանում գերմանացիները, ճապոնացիները եւ այլ երկրներ մեծ ներդրում են իրականացնում Վրաստանի գրահրատարակչության ոլորտում»:

Մեզ մոտ էլ գոնե վերջին շրջանում անցկացվող գրքի միջոցառումները քանակապես աճել են: Այս դիտարկման առնչությամբ էլ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Վրաստանում գրի, գրքի, ընթերցողի արձան չկա, քանի որ գիրը, գիրքը եւ ընթերցողը չեն մեռել: Էնտեղ փողը ներդնում են ապրող մարդկանց գիտելիքների բարձրացման մեջ, ոչ թե քարի (նկատի ունի Երեւանում տեղադրված քանակով շատ հուշարձանները)»: Ռեպլիկին, թե՝ տրտնջում է նույնիսկ արտերկրում ճանաչված հայաստանյան հրատարակչության տնօրենը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տրտնջալը մեղք է, եթե տրտնջացողը անգործության է մատնված: Մեր հրատարակչությունը ակտիվներից մեկն է, իսկ ես որպես քաղաքացի՝ գիտեմ իմ իրավունքները, պարտականությունները եւ պայքարում եմ ամեն քայլափոխի հանդիպող անարդարությունների դեմ: Հիմա էլ պայքարում եմ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված: Իհարկե, ասելու եմ՝ ո՛չ, քանի որ իմ՝ քաղաքացու իրավունքները իշխանություն ձեւավորելու գործում ցանկանում են երկու անգամ պակասեցնել»: Մեր խնդրանքին՝ մանրամասնել ասվածը, պարոն Մարտիրոսյանը հայտնեց. «Մինչ այսօր կարող էի մասնակցել եւ նախագահի, եւ Ազգային ժողովի ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու գործընթացին, այնինչ նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է միայն ԱԺ ընտրություններ, ինչը ոչ միայն երկու անգամ կրճատում է իմ իրավունքը, այլեւ հաշվի առնելով նախագահի ընտրություններում ժողովրդի համախմբումը, իրավունքը նվազում է երկու անգամ ավելի շատ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Արմեն Մարտիրոսյանը՝ գերմանացի հրատարակիչների հետ:

«Առավոտ» օրաթերթ
18.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Բայց Մայր Վրաստանի յուշարձանը կայ — ուրեմն մահացել է Մայր Վրաստանը։ ???Քաւ լիցի ։

  2. Մանե says:

    Այո, պրիմիտիվ բան է ասվում: Հետո արդեն հոգնեցինք այս հրատարակչության մասին չարչրկված ռեկլամներից: Միթե Հայաստանում այլ հրատարակչություն չկա?

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30